Ինչու են Հայաստանի ՓՀԷԿ-երն աշխատում ցածր արդյունավետություն ունեցող սարքավորումներով

Ինչու են Հայաստանի ՓՀԷԿ-երն աշխատում ցածր արդյունավետություն ունեցող սարքավորումներով

ԷկոԼուր

«Փոքր ՀԷԿ-երի ոլորտում Հայաստանի համար խնդիր է առաջացնում Եվրասիական տնտեսական միությունը: Արդեն մի քանի տարի է` էներգետիկայի նախարարությունը մշակել է որոշման նախագիծ ՓՀԷԿ-երի սարքավորումների արդյունավետության բարձրացման վերաբերյալ, սակայն այն չի անցնում, որովհետև ԵԱՏՄ-ն հայտարարում է՝ խնդիրը պետք է լուծվի մեր շրջանակներում: Սակայն խնդիրը չի լուծվում, իսկ ՓՀԷԿ-երը շարունակում են աշխատել անորակ սարքավորումներով՝ անարդյունավետ օգտագործելով մեր ջրային ռեսուրսները», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Հայաստան. փարոս, կայուն էներգիայի ընդլայնման համար» միջազգային համաժողովի ժամանակ:

«Մենք մոնիտորինգ ենք իրականացրել 125 ՓՀԷԿ-ում և ֆիքսել, որ նորմալ սարքավորում ունեն ամենաշատը 10 ՓՀԷԿ: Ցածր արդյունավետությամբ սարքավորումներ ունեցող ՓՀԷԿ-երը վերցնում են նախատեսվածից ավելի ջուր, թողնում մեր գետերը շատ վատ վիճակում: Դրանով նրանք վտանգում են նաև իրենց բիզնեսը, երբ տեսչությունը գալիս և տուգանում է: Բիզնեսն էլ ասում է՝ տվեք մեզ ստանդարտներ», - ասաց Ինգա Զարաֆյանը:

Վերջինիս խոսքերը հաստատեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության Էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանը: Նա նշեց, որ ՓՀԷԿ-երի համար տեխնիկական կանոնակարգը պետք է մշակվեր ԵԱՏՄ-ի կողմից դեռ 2 տարի առաջ, սակայն չի արվել:

«Դեռևս 2014 թ-ին տեխնիկական կանոնակարգ է մշակվել համապատասխան ստանդարտներով, որով նախատեսվում էր 80-90 տոկոս ՕԳԳ ունեցող սարքավորումներով փոխարինել գոյություն ունեցող ՀԷԿ-երի սարքավորումները: Մենք այդ ժամանակ պայմանագիր կնքեցինք ԵԱՏՄ-ին միանալու մասին, և պարզվեց, որ այդ կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել ԵԱՏՄ շրջանակներում: Մեր ջանքերի շնորհիվ ֆիքսվեց, որ 2016 թ-ին ռուսական կողմը պետք է մշակի համապատասխան տեխնիկական կանոնակարգը: Սակայն ինչ-ինչ պատճառներով ռուսական կողմը չմշակեց: 4-5 ամիս առաջ նորից պնդեցինք, որ դա մեզ պետք է, մեր տնտեսության մեջ այդ հարցը բավականին ակտուալ է: Համաձայնության եկանք, որ հայկական կողմը կմշակի և կներդնի այդ լրացումը տեխնիկական կանոնակարգում», - ասաց Վահագն Աթայանը՝ նշելով, որ մշակված փաստաթղթերը դրվելու են հանրային քննարկման:

16:58 Դեկտեմբեր 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news