Գեղարոտ գետի փոքր ՀԷԿ-երի աշխատանքը կանգնեցված է, ընկերությունները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին

Գեղարոտ գետի փոքր ՀԷԿ-երի աշխատանքը կանգնեցված է, ընկերությունները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին

ԷկոԼուր

Ապարան համայնքի Արագած գյուղի բնակիչները մարտի 17-ին բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհը՝ պահանջով դադարեցնել Գեղարոտ գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի աշխատանքը: Բնակիչների համոզմամբ՝ ՓՀԷԿ-երի կառուցումից հետո փոխվել է գետի ջրի որակը, որով ոռոգվում են իրենց հողերը: Գեղարոտ գետի վրա կառուցված են «Գեղարոտ» ՓՀԷԿ-ը, որը շահագործում է «Էլ-Կաս» ՍՊԸ-ն և «Արագած-1» ՓՀԷԿ-ը, որը շահագործում է «Վակուֆլօ» ՍՊԸ-ն:

Ակցիայից հետո ՓՀԷԿ-երի աշխատանքը կանգնեցված է: Տեղական իշխանությունները և ՓՀԷԿ-երը շահագործող ընկերությունները դեռ ընդհանուր համաձայնության չեն եկել:
«Նախնական պայմանավորվածություն կա, որ ՓՀԷԿ-երը չեն աշխատի 5 օր», - ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը:

«Մոտ 4 ամիս առաջ ՀԷԿ-երի աշխատանքը նորից կանգնեցվել էր: Գետի ջուրը տարան փորձաքննության, եկան արդյունքները, որ ջրի որակը նորմալ է, չի խանգարում գյուղատնտեսությանը, ՀԷԿ-երը բացեցին: Դրանից հետո գյուղացիները դուրս եկան, ճանապարհ փակեցին: Նրանք կտրականապես դեմ են, որ ՀԷԿ-երն աշխատեն: Մարտի 17-ից 5 օրով փակ են ՀԷԿ-երը: Գյուղացիները ՓՀԷԿ-երից փոխհատուցում կամ որևէ այլ բան չեն ուզում, ասում են՝ պետք է չաշխատեն ու վերջ: Ես էլ ժողովրդի կողքին եմ: Իրենք ոնց որոշեն, ես իրենց հետ եմ», - ասաց նա:

Ապարանի համայնքապետի խոսքով՝ ՓՀԷԿ-երը շահագործող ընկերությունները Գեղարոտի ջուրը ուղարկել են փորձաքննության: Ըստ նրա՝ սրանից առաջ էլ ընկերություններն իրենք են գետի ջուրն ուղարկել փորձաքննության:

2015 թ-ին Գեղարոտի վերին և միջին հոսանքների ջրերի էկոքիմիական վերլուծություն էին արել անկախ փորձագետներ Սեյրան Մինասյանը և Արևիկ Հայրապետյանը: Ըստ ուսումնասիրության՝ գետի վրա գործող ՓՀԷԿ-երը զգալի ազդեցություն ունեն գետի ջրերի որակի վրա: ՓՀԷԿ-երից ներքև գտնվող դիտակետերի ջրերում մի շարք տարրերի կոնցենտրացիաները գերազանցում են ՓՀԷԿ-երից վերև գտնվող դիտակետերի ջրերում առկա կոնցենտրացիաներին:

Իրենց հերթին փոքր ՀԷԿ-երը շահագործող «Էլ-Կաս» և «Վակուֆլօ» ընկերությունները գետի ջրի որակի փոփոխությունները կապում են 1988 թ-ի երկրաշարժի հետ, բողոքի ակցիաների համար մեղադրում են տեղական իշխանություններին, պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:

Ըստ ընկերությունների՝ 1988 թ-ի երկրաշարժից հետո երկրաբանական կատակլիզմների հետևանքով գետում տեղի է ունեցել ջրի քիմիական բաղադրության կատաստրոֆիկ փոփոխություն, վերացել են գետում եղած ձկնատեսակները:

«Ընկերությունները, ելնելով այն հանգամանքից, որ Գեղարոտ գետի ջրում պարունակվող թունավոր և ՀԷԿ-երի սարքավորումների համար վտանգավոր նյութերի առկայության մասին իրազեկված չեն եղել մինչև փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու համապատասխանաբար ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստացել են Ջրօգտագործման թույլտվություն, որում այդ մասին նույնպես նշված չի եղել, ահազանգում են, որ հետամուտ են լինելու պատասխանատվության ենթարկելու բոլոր ապօրինությունները:

Ընկերությունները նյութեր են նախապատրաստում ՀՀ Ոստիկանություն և ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացնելու համար», - մասնավորապես նշված է դիմում-բողոքում, որը տարածել է ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան:

Մեր կողմից նշենք, որ ՓՀԷԿ-երը կառուցվում և շահագործվում են ոչ թե տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների հիման վրա, այլ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացության դեպքում: Իր հերթին փորձաքննական կենտրոնը դիտարկում է ընկերությունների ներկայացրած փաստաթղթերը, որոնց ՇՄԱԳ բաժնում պետք է նկարագրված լինեն հնարավոր ռիսկերը:

Հավելենք, որ 2014 թ-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության մասնագետները ուսումնասիրել էին և եկել եզրակացության, որ Գեղարոտ գետի գույնի փոփոխությունը բնապահպանական խնդիր է: Ըստ մասնագետների՝ գետում կան երկաթի երևակումներ, որոնցից ժանգ է առաջանում և բնական ճանապարհով գունափոխում գետի գույնը` դարձնելով այն դարչնագույն: Մինչ ՓՀԷԿ-երի կառուցումը գետը կարողացել է ինքնամաքրվել: Իսկ ՓՀԷԿ-երի կառուցումից հետո խախտվել է գետի հիդրոերկրաբանական վիճակը:

ԷկոԼուրը մոնիտորինգ էր անցկացրել «Գեղարոտ» և «Արագած - 1» ՓՀԷԿ-երում: Արդյունքներն այստեղ և այստեղ:

17:15 Մարտ 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news