Փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգի ծրագրի արդյունքները՝ ՄԻՊ-ի տարեկան զեկույցում. Օմբուդսմենն առաջարկում է ուժեղացնել վերահսկողությունը

Փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգի ծրագրի արդյունքները՝ ՄԻՊ-ի տարեկան զեկույցում. Օմբուդսմենն առաջարկում է ուժեղացնել վերահսկողությունը

ԷկոԼուր

Հայաստանի Հանրապետությունում առկա են գետային էկոհամակարգերի հետ կապված խնդիրներ, որոնք ջրային ռեսուրսների գերօգտագործման ու վատնման արդյունք են: Այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկը փոքր ՀԷԿ-երն են և դրանց շահագործման ժամանակ տեղ գտած խախտումները: Այս մասին արձանագրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ իր 2018 թ-ի տարեկան զեկույցում:

Զեկույցում ներառված են ԷկոԼուրի «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքները: Հաշվի առնելով ոլորտում տիրող իրավիճակը և հայտնաբերված խախտումները՝ Օմբուդսմենն առաջարկում է ուժեղացնել վերահսկողությունը փոքր ՀԷԿ-երի շահագործման նկատմամբ:

««Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի տվյալների ամփոփման արդյունքում պարզվել է, որ 0-1 Մվտ հզորությամբ ՓՀԷԿ-երը չեն անցնում բնապահպանական փորձաքննություն, թեպետ իրենց գործունեությամբ էական վնաս են պատճառում գետային էկոհամակարգին, առկա է փոքր ՀԷԿ-երի գործունեության թափանցիկության և վերահսկողական մեխանիզմների անբավարարություն, բացակայում են ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված գոտիները, ինչպես նաև չի ապահովվում բնապահպանական թողքը և բացակայում է թողքի նկատմամբ վերահսկողությունը:

2018 թվականի ընթացքում սույն ոլորտում առկա խնդիրների լուծման և վիճակի բարելավման համար իրականացվել են որոշակի քայլեր։ Այսպես, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն՝ Կառավարության 2018 թվականի մարտի 1-ին կայացած նիստի N8 արձանագրության 6-րդ կետով հավանության է արժանացել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչները: Կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N57-Ն որոշմամբ հաստատվել է էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդիկան։ Բացի այդ, ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացրել են, որ մշակվել է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվել են նոր ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված գոտիները և կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի նիստում: 2018 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցների կողմից զննություն է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր՝ 188 ՓՀԷԿ-ում, ինչի հետևանքով բացահայտվել է 170 խախտում, մասնավորապես՝ ուսումնասիրված ՓՀԷԿ-երում բացակայել են ջրաչափական սարքերը, չի պահպանվել էկոլոգիական թողքը, բացակայել են ձկնապաշտպան կառույցները և ձկնանցարանները: Նշված խախտումների մասին սահմանված կարգով տեղեկացվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

2018 թվականի սեպտեմբերի 5-ի Վարչապետի թիվ 1177-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետությունում գործող թիրախային փոքր հիդրոէլեկտրակայանները, որոնց արտադրած էլեկտրաէներգիայի, դրա դիմաց փաստացի ջրառի և բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման այլ փաստերը, ինչի հետևանքով պարզվել է, որ գրեթե բոլոր ուսումնասիրված ՓՀԷԿ-երում բացակայել են ջրաչափական սարքերը, ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջին:Հիմնականում չեն պահպանվել բնապահպանական թողքերի ծավալները, մի քանի անգամ չապահովելով թույլատրված չափաքանակները, ինչպես նաև գետի հունում բացակայել են ձկնապաշտպան կառույցները և ձկնանցարանները, կամ էլ, առկայության դեպքում, չեն ծառայել իրենց նպատակին: Արձանագրվել են նաև փաստեր, երբ ՓՀԷԿ-երում տեղակայված ագրեգատները չեն համապատասխանել լիցենզիայում ամրագրված պայմաններին, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածի համար ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի չափաքանակների բազմակի գերազանցման փաստեր: Վերոնշյալ փաստերը վկայում են, որ խնդիրը համակարգային և պարբերական ուսումնասիրման պետք է ենթարկվի: Հաշվի առնելով վերոգրյալը ՝ առաջարկվում է ուժեղացնել փոքր ՀԷԿ-երի շահագործման նկատմամբ վերահսկողությունը , որպեսզի կանխվեն և վերացվեն դրանց շահագործման հետևանքով առաջացող ջրային ռեսուրսների գերօգտագործումն ու էկոհամակարգերի հետ կապված խնդիրները», - նշված է ՄԻՊ-ի զեկույցում:

Նշենք, որ «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագիրը շարունակությունն է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի: Երկու ծրագրերն էլ ԷկոԼուրն իրականացրել է ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

18:26 Ապրիլ 10, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news