«Սևանը մեզ համար ավելի գերակա է, քան ՀԷԿ-երի աշխատանքը». Շրջակա միջավայրի նախարարություն

«Սևանը մեզ համար ավելի գերակա է, քան ՀԷԿ-երի աշխատանքը». Շրջակա միջավայրի նախարարություն

ԷկոԼուր

Եղեգիս գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երին տրված ջրօգտագործման թույլտվությունները (ՋԹ) կվերանայվեն, եթե Շրջակա միջավայրի նախարարությունը հավանություն տա Արփա և Եղեգիս գետերի ջուրը Սևանա լիճ տեղափոխելու և Վայքի ոռոգման համակարգին հատկացնելու վերաբերյալ Ջրային կոմիտեի ՋԹ-ի նախագծին: Այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Սևակ Մաթիլյանը նոյեմբերի 21-ին տեղի ունեցած ՋԹ-ի հայտի հանրային քննարկման ժամանակ՝ ի պատասխան ԷկոԼուրի հարցի:

ՋԹ-ի նախագծի համաձայն՝ Սևանա լճի և Վայքի ոռոգման համակարգի համար նախատեսվում է Արփայից և Եղեգիսից տարեկան վերցնել 273810,240հազ․խմ ջուր՝ Արփա գետում ամբողջ տարի թողնելով 0.20 խմ/վրկ, իսկ Եղեգիսում՝ 0.30խմ/վրկ բնապահպանական թողք:

Նախագծից դժգոհ են Եղեգիս գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սեփականատերերը: «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի», ՓՀԷԿ-երը շահագործող ընկերությունների և դրանցից մի քանիսի կառուցման համար վարկ տրամադրած «Արմսիվիսբանկ»-ի ներկայացուցիչները բարձրաձայնեցին նախագծի ընդունման հնարավոր խնդիրները: «Մի քանի միլիոն դոլարի ներդրում են անում, ֆինանսավորում: Հիմա պետությունն իր տված թղթերի կեսին տեր է, կեսին՝ չէ՞»,- նշեց բանկի ներկայացուցիչը: Սևակ Մաթիլյանն ասաց, որ ինքն այդ հարցերի հասցեատերը չէ:

«Այս նախագիծը ներդրողի տեսանկյունից մեծ ռիսկեր է պարունակում: Առաջնահերթությունը Սևանինն է, բայց նաև առաջնահերթություն է մասնավոր կապիտալը»,- նշեցին ՓՀԷԿ-երի ներկայացուցիչները: Վերջինների դիտարկմանը, թե բիզնեսի և ներդրումների տեսանկյունից վնաս են կրելու, Սևակ Մաթիլյանն ասաց, որ ՋԹ-ների տրման պայմանագրերում վերանայման կետի մասին նշված եղել է. «Գրված է, որ Արփա-Սևան թունելի շահագործումից հետո հնարավոր է՝ ՋԹ-ները վերանայվեն: Ֆիքսված է նաև, որ գյուղատնտեսության նպատակով նոր հայտ ստանալու դեպքում ՋԹ-ները նույնպես ենթակա են վերանայման»:

«Եղեգիս գետից, չհաշված 4-7 ամիսները, մնացած ընթացքում 1 խմ/վրկ ջուր են տանելու: Այդ նույն 1 խմ/վրկ ջրի վրա աշխատում է մոտ 10 ՓՀԷԿ, արտադրում ամբողջ երկրի էլեկտրաէներգիայի 0,5 տոկոսը: Մենք խոսում ենք 1 խմ/վրկ ջրի մասին, որը Սևանի համար ոչ մի տարբերություն չունի: Մյուս կողմից, եթե Արփայում հիմա 2 խմ ավել ջուր կա, ինչո՞ւ 1 խմ/վրկ-ի համար Եղեգիսի ՓՀԷԿ-երի աշխատանքը դրվի հարցականի տակ»,- հարց տվեց ՓՀԷԿ-ի ներկայացուցիչը: Սևակ Մաթիլյանը պատասխանեց. «Մենք ՋԹ-ներ տրամադրելիս առաջնորդվում ենք գերակայություններով: Տվյալ պահին Սևանը մեզ համար ավելի գերակա է, քան ՀԷԿ-երի աշխատանքը: Իսկ այդ հարցի պատասխանը ես չպետք է տամ, այլ՝ Ջրային պետական կոմիտեն»:

Որպես մեկ այլ խնդիր նշվեց այն, որ Եղեգիս գետում 300 լ/վրկ մինիմալ բնապահպանական թողք լինելու դեպքում ոռոգման սեզոնին Եղեգիս և Շատին գյուղերը ջուր չեն ստանալու, ինչին էլ կհետևեն բողոքի ակցիաները:

Սևակ Մաթիլյանն ասաց, որ նշված հարցերի վերաբերյալ ներկաները կարող են իրենց բոլոր դիտարկումները գրավոր կերպով ներկայացնել նախարարություն՝ հետագա ուսումնասիրության նպատակով:

18:14 Նոյեմբեր 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news