Արցախում ՀԷԿ-երի կառուցման դեմ բոյկոտող Ալեքսանդր Քանանյանը և Մհեր Պողոսյանը դադարեցրել են հացադուլը

Արցախում ՀԷԿ-երի կառուցման դեմ բոյկոտող Ալեքսանդր Քանանյանը և Մհեր Պողոսյանը դադարեցրել են հացադուլը

ԷկոԼուր

Արցախում ՀԷԿ-երի կառուցման դեմ բոյկոտող քարվաճառցի մտավորական, հանրային գործիչ Ալեքսանդր Քանանյանը և Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանը ս.թ. փետրվարի 4-ին դադարեցրել են հացադուլը:

Հացադուլի դադարեցումից հետո Ալեքսանդր Քանանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրախ եմ տեղեկացնելու բոլորիդ, որ Քարվաճառում՝ տարածքի կայուն համապարփակ վերաբնակեցումն ու զարգացումը խաթարող և բնապահպանական աղետալի վիճակ ստեղծող փոքր ՀԷԿ-աշինության կասեցման ուղղությամբ պայքարի առաջին փուլն ավարտվել է։ Ստեղծվել է ներկայացուցչական հանձնաժողով, որը պետք է քննի գործող ՓՀԷԿ-երի նախագծման և շահագործման համապատասխանությունն օրենսդրությանը և բնապահպանական չափորոշիչներին։ Կիսակառույց ՓՀԷԿ-երը ենթակա են ուսումնասիրության՝ դրանց թույլտվության բնապահպանական պահանջներին և օրենսդրությանը համապատասխանության տեսանկյունից։

Վերոնշյալն ինձ թույլ է տալիս կայացնել ՀԱՑԱԴՈՒԼԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ որոշումը և լինել իր իրավունքների համար քաղաքացիական կամք դրսևորած հայրենակիցներիս կողքին։
Նորակազմ հանձնաժողովին մաղթում եմ հաջողություն, կամք և վճռականություն՝ ազգի և սեփական խղճի առջև պատշաճ և պատասխանատու կերպով աշխատանքները ծավալելու և անհարկի միջամտություններից զերծ մնալու համար։ Բոլորս ապավինում ենք ձեր խոհեմությանն ու բարեխղճությանը և աչալրջորեն հետևելու ենք, որ հանձնաժողովը չշեղվի իր մասնագիտական պարտավորությունների շրջանակից։

Միաժամանակ, վերահաստատում եմ, որ Քարվաճառի բնակչության պաշտպանած, իմ ձևակերպած և Հայաստանի ազգային անվտանգության հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մեջ են և չեն փոխվելու։ Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցվելու, իսկ կառուցման փուլում գտնվողներն ապամոնտաժվելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի։ 2019 թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող ՓՀԷԿ-երը ենթարկվելու են խստագույն վերահսկողության և առկա օրենսդրական պահանջների։
Իմ հորդորն եմ հղում Քաշաթաղի և ողջ Արցախի բնակչությանը՝ քարվաճառցիների պես դրսևորել քաղաքացիական կամք և հասունություն, որպեսզի այլուր ևս համարփակաբար քննվեն ՓՀԷԿ-աշինության հարուցած ծանր խնդիրները և դրանց լուծման արդյունավետ ուղիները։

Այսուհետև՝ Հայաստանի Հանրապետության անքակտելի բաղկացուցիչ մաս կազմող Արցախի էներգահամակարգը պետք է զարգացվի պատասխանատու և համալիր ռազմավարության հիման վրա, որը կբացառի լեռնային գոտիների վերածումը հումքային կցորդի, այլ ներդաշնակաբար կնպաստի այդ տարածքների լիակատար բնակեցմանը և կայուն վերընթաց տնտեսական զարգացմանը։

Ամենախորին երախտագիտություն եմ հայտնում պայքարի այս առաջին փուլում քարվաճառցիներիս աջակցած և մեզ միացած բոլոր հայրենակիցներիս, հատկապես, ինձ զորավիգ եղած հացադուլավոր Մհեր Պողոսյանին, որին նույնպես հորդորում եմ հացադուլից դուրս գալ և նախանձախնդրորեն լծվել այս և այլ խնդիրների լուծմանը։
Վերստին՝ խոնարհումս և հարգանքս յուրաքանչյուրիդ՝ իմ հարգելի և շատ սիրելի հայրենակիցներ»։

Արձագանքելով Քանանյանին և նույնպես դադարեցնելով հացադուլը՝ Մհեր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես հացադուլ եմ հայտարարել՝ ի պաշտպանություն Ալեքսանդր Քանանյանի պահանջների, որոնք համարել եմ արդար և իրավացի։ Այսօր երեկոյան տեղեկացել եմ, որ Ստեփանակերտում ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ՓՀԷԿ-երի համապատասխանությունն օրենսդրությանը, իսկ Ալեքսանդր Քանանյանը հացադուլից դուրս գալու մասին հայտարարություն է տարածել՝ ինձ ևս հորդորելով նույն որոշում կայացնել։

Ես համոզված եմ, որ միայն հանձնաժողովն ու իր քննության սահմանափակ շրջանակները թույլ չեն տալու ստանալ ՓՀԷԿ-երի վնասների մասին ամբողջական պատկերը։ Պնդում և պահանջում եմ, որ այդ նույն հանձնաժողովը գործուղվի նաև Արցախի այլ շրջաններ, մասնավորապես՝ Քաշաթաղ, որտեղ վիճակն ավելի աղետալի է։ Համարում եմ, որ հարկավոր է ստուգել նաև բոլոր ՓՀԷԿ-երի ֆինանսավարկային փաստաթղթերը, որպեսզի բացահայտվեն դրանց հիմքում ընկած կոռուպցիոն երևույթները։ Նույնպես կարծում եմ, որ սա մեր դեռ առաջին մեծ ձեռքբերումն է՝ խնդրի լուծման ճանապարհին։ Ես՝ որպես քաղաքացի, անպայման հետևելու և պայքարելու եմ, որ մեր բոլորի պահանջները դառնան վերջնական և անշրջելի իրողություն։

Մյուս կողմից՝ պայքարի այս փուլն ավարտված եմ համարում։ Լինելու են պայքարի նոր՝ միգուցե ավելի թեժ պահեր և ես՝ իմ բոլոր գաղափարակից ընկերների հետ միասին դրան պատրաստ եմ։ Մենք ոչինչ չենք զիջելու։ Մեր հայրերի արյամբ ազատագրված Հայենիքը պիտի ծաղկի և ունենա արդար իշխանություն և բարգավաճող տնտեսություն։ Այդ նպատակն իրականություն դարձնելու համար մեզ բոլորիս ուժ և վճռականություն է պետք։

Իսկ այսօր եկել է հացադուլից դուրս գալու ճիշտ պահը։ Ես խոնարհվում և շնորհակալություն եմ հայտնում ինձ բարոյական, մարդկային և գաղափարական աջակցություն ցուցաբերած բոլոր հայրենակիցներիս։ Ես ուժեղ եմ միայն ձեզնով՝ ձեր կողքին՝ հանուն մեր ընդհանուր և սուրբ նպատակի։ Շնորհակալություն բոլորիդ։ Պայքարը հանուն մեր ազգային ապագայի շարունակվում է, և մենք այն հաջողությամբ կպսակենք»։

Ալեքսանդր Քանանյանը հացադուլը սկսել էր հունվարի 20-ից՝ Արցախի կառավարությունից պահանջելով դադարեցնել ընթացող ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները և հրաժարվել նոր ՀԷԿ-երի կառուցման մտադրությունից: Հունվարի 27-ից Քանանյանին էր միացել Մհեր Պողոսյանը:

Արցախի կառավարությունը կոչ էր արել Քանանյանին և Պողոսյանին դադարեցնել հացադուլը՝ խոստանալով ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով սեղմ ժամկետներում ստեղծել անկախ հանձնաժողով և երաշխավորելով, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում կառուցվող փոքր ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվելու:

Փետրվար 05, 2020 at 13:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր