Վրաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովում են հիմնականում հիդրոէներգետիկայի հաշվին

Վրաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովում են հիմնականում հիդրոէներգետիկայի հաշվին

ԷկոԼուր

Վրաստանում 2007 թ. հետո մեծ թափով սկսեց զարգանալ հիդրոէներգետիկայի ոլորտը, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարեց գետերի մեծ պոտենցիալն օգտագործելու անհրաժեշտության մասին:

Վրացական «Green Alternative» կազմակերպության ներկայացուցիչ Դաթո Չիփաշվիլին ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ, չնայած ՀԷԿ-աշինությանը զարկ տալու կոչերին, երկրում մինչ օրս չի մշակվել հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարություն:

«Չգիտենք` ինչու են այդքան կառուցում: Պետությունն ասում է, որ էներգապահանջարկն ավելանում է, և շատ ՀԷԿ-եր են պետք: Բայց չկա պաշտոնական փաստաթուղթ, որտեղ գրված լինեն նպատակները, թե ինչ մասնաբաժին պետք է ՀԷԿ-երն ունենան էներգետիկ համակարգում: Ռազմավարական զարգացման պլան պետք է լինի: Խնդիրը բազմիցս բարձրաձայնել ենք, մեկ պատասխան են տալիս` ռազմավարություն գրելու ժամանակ չկա, որովհետև պահանջն այսօր է: Սա լսում ենք ավելի քան 10 տարի: Ներկայում խնդիրը փորձում ենք կարգավորել ԵՄ էներգետիկ համայնքի մակարդակով, որի անդամն է դարձել Վրաստանը 2016թ-ին: Անդամությունը մեզ տվել է պաշտոնական գործիք պետության վրա ներազդելու համար, որովհետև այլ կերպ մեզ չեն լսում»,- ասաց Դաթո Չիփաշվիլին: 

Խորհրդային տարիներին Վրաստանում կառուցվել է 65 մեծ ու միջին ՀԷԿ, մեծամասնությունն ունեցել են մեծ ամբարտակներ: 2007թ. հետո պլանավորվել է կառուցել մոտ 200 ՀԷԿ: Ըստ Չիփաշվիլիի՝ խորհրդային տարիների բազմաթիվ նախագծեր, որոնք  չէին ընդունվել հենց տեխնիկական խնդիրների պատճառով, Սահակաշվիլիի նախագահության օրոք թարգմանվել են անգլերեն, և իշխանությունն ամեն կերպ նպաստել է դրանց կյանքի կոչելու գործընթացին: Շուրջ 40 փոքր ՀԷԿ արդեն իսկ կառուցվել և շահագործվում է, բայց դրանց մեծ մասն ունեն տեխնիկական խնդիրներ: Օրինակ, 187 ՄՎտ հզորությամբ «Շուավեխի» ՀԷԿ-ի շինարարության ավարտից 2 ամիս անց թունելները փլվել են, այն այսօր չի գործում: 6 ՄՎտ հզորությամբ մեկ այլ ՀԷԿ-ի տարածքում, որը կառուցել էին սողանքային գոտում, փլուզում է տեղի ունեցել, ՀԷԿ-ը 2 անգամ քանդվել է: Որպես խնդրի լուծում արդյունքում սարը հավասարեցրել են գետնին: Տեխնիկական աշխատանքների թերացման հետևանքով նաև մարդկային կորուստներ են եղել:  

Դաթո Չիփաշվիլին կարևորեց նաև ամռան ամիսներին ՀԷԿ-երի աշխատանքի արդյունքում էլեկտրաէներգիայի ավելցուկի, և ձմռան ամիսներին գետերում ջրասակավության հետևանքով արտադրված էլեկտրաէներգիայի պակասուրդի խնդիրը: Ավելցուկի պարագայում ամռան ամիսներին ավելանում է էլեկտրաէներգիայի արտահանումը, ձմռան ամիսներին` ներկրումը: Ըստ Չիփաշվիլիի՝ եթե ձմռանը Վրաստանը վճարում է 5 ցենտ ներկրված էլեկտրաէներգիայի սակագնի համար, ապա ամբողջ տարվա ընթացքում շատ բարձր սակագնով գնում այն նորակառույց ՀԷԿ-երից։ Միևնույն ժամանակ արտահանման ներուժը խիստ սահմանափակ է, քանի որ արտահանման սակագինը չի գերազանցում 3 ցենտը։

«Երբ հարցնում ենք, թե ինչպես պետք է բալանսավորել էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիան, նշում են նոր ՀԷԿ-եր կառուցելու անհրաժեշտության մասին: Բայց դա խնդիր չի լուծում»,- ասաց նա: 

Անդրադառնալով վերականգնվող էներգետիկայի մյուս տեսակներին՝ քամու կամ արևի էներգիայի օգտագործմանը՝ Դաթո Չիփաշվիլին նշեց, որ արևային և հողմային էներգետիկայի զարգացումը Վրաստանում մերժվում է մեկ պատճառաբանությամբ՝ թանկ է: Մինչդեռ ըստ բանախոսի՝ Վրաստանում գործող 20 ՄՎտ հզորությամբ միակ քամու էլեկտրակայանը ձմռանը՝ պակասուրդի շրջանում, արտադրում է այնքան էլեկտրաէներգիա, որքան 14 նոր կառուցված ՀԷԿ-եր միասին վերցրած:

Իսկ արևային էներգետիկայի ոլորտը Վրաստանում ինքնուրույն զարգացման փուլում է գտնվում: 

Լուսանկնարները՝ Դաթո Չիփաշվիլիի

 

12:30 Մարտ 20, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news