ԷկոԼուր
Շրջակա միջավայրի նախարարությունը ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր հայտերի, այդ թվում ս.թ. մարտի 31-ին՝ ժամը 16:00-ին նշանակված «Նարեկ» ՓՀԷԿ-ի շահագործման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի հանրային լսումներն անցկացնելու է հեռավար կարգով: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը:
«Շրջակա միջավայրի նախարարությունը ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր հայտերի գնահատման հասարակական լսումներն իրականացնելու է հեռավար կարգով։ Սույն թվականի մարտի 31-ին կայանալիք «Նարեկ» ՓՀԷԿ-ի շահագործման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի հանրային քննարկումը նշանակվել էր մինչև արտակարգ դրության հաստատումը։ Ելնելով արտակարգ դրության պայմաններից, շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունն այժմ դիտարկում է քննարկումը հեռավար անցկացնելու տարբերակները։ Դրա ձևաչափի մասին կհաղորդենք ավելի ուշ։ Միևնույն ժամանակ, շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը պատրաստակամ է ներկայացնել վերոհիշյալ քննարկման փաթեթը՝ շահագրգիռ կողմերի կարծիքները և առաջարկները ստանալու նպատակով», - ասաց Դավիթ Գրիգորյանը:
Նշենք, որ «Նարեկ» ՓՀԷԿ-ի շահագործման համար դիմողը «Էներգացանցշին» ԲԲԸ-ն է: Ընկերությունը ցանկանում է ՋԹ ստանալ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Մարմարիկ հետևից ջրառ իրականացնելու համար:
Մարտ 26, 2020 at 16:07