Այգեձորցիները նոր փոքր ՀԷԿ-ի փոխարեն գերադասում են բնության էկոծառայություններ

Այգեձորցիները նոր փոքր ՀԷԿ-ի փոխարեն գերադասում են բնության էկոծառայություններ

ԷկոԼուր

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի տարածքում Աղնջա գետը ցամաքել է: Պատճառը ոռոգման և հիդրոէլեկտրակայանի համար իրականացվող ջրառն է: Աղնջա գետից՝ Խնձորուտ գետի միախառնման կետից, ոռոգման ջրառ է իրականացնում «Այգեձոր» ջրանցքը: Իսկ ջրանցքի վրա գործում է «Այգեձոր» փոքր ՀԷԿ-ը:

Այգեձորցիների խոսքով՝ ոռոգման սեզոնը Այգեձոր գյուղում տևում է 7-8 ամիս, մինչդեռ ՓՀԷԿ-ը չի աշխատում լավագույն դեպքում 2-3 ամիս՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքներին։ Ոռոգման ջրի սակավության պատճառով հիմնված այգիների մի մասն արդեն չորացել է: Բացի այդ, վերջին տարիներին զգալի են գետերի և աղբյուրների բնական հոսքերի նվազեցումները: Այգեձորցիներն այս խնդիրները բարձրաձայնեցին օրերս «Ատլաս-Պլյուս» ՍՊԸ-ի կողմից նոր փոքր ՀԷԿ-ի կառուցման նպատակով գյուղում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ: Չնայած «Ատլաս-Պլյուս» ՍՊԸ-ի ներկայացուցչի՝ նոր ջրառի պայմաններում ոռոգման համակարգի չտուժման վերաբերյալ հավաստիացումների և գյուղին օժանդակելու իրենց պատրաստակամության վերաբերյալ խոստումներին, քննարկմանը մասնակից բնակիչների մեծ մասը կտրուկ դեմ արտահայտվեց ՓՀԷԿ-ի կառուցմանը:

Այգեձորի բնությունը՝ անտառապատ սարերն ու ձորերը, գետերն ու առվակները, աղբյուրները և գեղատեսիլ գետահովիտներն էկոծառայությունների մատուցման մեծ ներուժ ունեն։ Գյուղում զարգանում է զբոսաշրջությունը՝ ի հաշիվ տեղի հարուստ բնության և պատմամշակութային հուշարձանների, հնադարյա ամրոցների և վանքերի:

Հայաստանյան և մոսկովյան շուկայում մեծ պահանջարկ ունեն Այգեձորի էկոլոգիապես մաքուր հոնը, մոշը, թուզը, արքայանարինջը (королёк), կիվին, նուռը և այլ պտուղներն ու հատապտուղներ։ Գյուղում գործում է վայրի պտուղների և հատապտուղների և բույսերի, ինչպես նաև մշակովի գյուղատնտեսական կուլտուրաների հումքով աշխատող «Էկոգարդեն» պահածոների գործարանը։ Շուկայի պահանջարկի բավարարման և սեփական բիզնեսի զարգացման համար մեծ թվով ֆերմերներ հիմնել են հազարավոր քառակուսի մետր տարածք զբաղեցնող թզենու, արքայանարնջի, խնձորի, դեղձի, բալի այգիներ և հատապտուղների պլանտացիաներ, որոնց ոռոգման համար պահանջվում է մեծ քանակությամբ ջուր։

Այգեձորցիները մտավախություն ունեն, որ գետի չորացման, ոռոգման ջրի պակասի հետևանքով անմշակ հողերի մակերեսները կավելանան, շրջակա միջավայրի և բնության դեգրադացիայի արդյունքում գյուղը կկորցնի իր գրավչությունը, կնվազի հովեկների թիվը, էկոտուրիզմի զարգացումը կդառնա անիրագործելի, հովանավորների կողմից ներդրումները կպակասեն, գյուղում մնալը և այնտեղ արարելը կդառնա անհեռանկար, կավելանա գյուղը լքողների թվաքանակը, և կմահանա ռազմավարական նշանակության հերթական գյուղը։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Այգեձոր ֆեյսբուքյան էջից

 



16:13 Հուլիս 03, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news