Նոր մեղադրանք «ՁորաՀԷԿ»-ի գույքի օտարման քրեական գործի շրջանակներում

Նոր մեղադրանք «ՁորաՀԷԿ»-ի գույքի օտարման քրեական գործի շրջանակներում

ԷկոԼուր

«ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի գույքի օտարման գործընթացի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին: ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով նախօրեին ձերբակալվեց հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Մեղադրանքն առաջադրված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ վերջիններս, առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2011 թ. ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- մասնավորապես նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «ՁորաՀԷԿ» ՀԷԿ-ի էլեկտրաէնեգիայի վաճառքի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված բարձր սակագինը պայմանավորված է  Տիգրան Սրագսյանի ղեկավարած ՀՀ կառավարության կողմից  2011թ-ի սեպտեմբերի 8-ին  ընդունած «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» 1300–Ա որոշմամբ: Այս որոշմամբ փոքր ՀԷԿ-երի հզորության չափն ավելացվեց 10-ից մինչև 30 Մվտ: Ակնհայտ էր, որ  որոշումն ընդունվեց այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող 24,6 Մվտ հզորությամբ «ՁորաՀԷԿ»-ի համար, որը մեխանիկորեն դարձավ փոքր ՀԷԿ ու, բնականաբար, սկսեց օգտվել փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի վաճառքի համար պետության սահմանած բարձր սակագնից: ԷկոԼուրը  փոքր ՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկների թվում  բազմիցս նշել է, որ ՀՀ կառավարության 2011թ-ի սեպտեմբերի 8-ի 1300–Ա որոշումը պետք է ուժը կորցրած ճանաչել: Սակայն այս որոշումը դեռ ուժի մեջ է:

«ՁորաՀԷԿ»-ը 2002թ-ին փոխանցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, իսկ 2010 թ-ին վաճառվել  «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը 3,600,000,000 ՀՀ դրամով: Քրեական գործի շրջանակներում ՀՀ ՀՔԾ-ի  ձեռք բերած փաստական տվյալների համաձայն` «ՁորաՀԷԿ»-ն օտարվել է  ՀՀ պաշտպանության նախարարության  կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես, առանց գույքի պարտադիր գնահատման: Արդյունքում 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:

Նշենք, որ ՀՀ դատախազության  հաղորդագրության համաձայն էլ՝ ըստ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից ստացված տեղեկատվության, «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի գույքի շուկայական արժեքը 2010թ. դեկտեմբերի դրությամբ պետք է կազմեր շուրջ 8 միլիարդ դրամ, իսկ 2018թ. դեկտեմբերի դրությամբ՝ շուրջ 12 միլիարդ դրամ: Ըստ դատախազության՝ ՀԷԿ-ն օտարվել է 4 անգամ ցածր գնով: Էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Սույն գործով մեղադրվողները չեն ընդունում իրենց մեղքը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նշենք, որ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ն այժմ «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի ակտիվներում է:

Օգոստոս 10, 2020 at 11:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր