ԷկոԼուր
ՀՀ ՓՀԷԿ-երի գործունեության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ և խոչընդոտներ, որոնք մեծացնում են ՓՀԷԿ-երի ռիսկայնությունը բնապահպանական տեսանկյունից: Այդ ռիսկերը սույն թվական նոյեմբերի 10-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին ներկայացրել է նույն համալսարանի կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում Սամվել Պիպոյանը մասնակցել է Հայաստանի գետերի վրա կառուցված 70-ից ավելի փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգին, ինչի արդյունքում պարզել է. «Մեծամասամբ կառուցված լինելով փոքր գետերի հուների վրա` ՓՀԷԿ-երի ջրառի գլխամասային կառույցներում, որտեղից գետի ջուրը մտնում է ճնշումային խողովակաշար և հոսում դեպի ՓՀԷԿ-երի տուրբիններ, գետի հունը սովորաբար պատնեշված է բետոնե կամ մետաղական պատվարով: Արդյունքում, փոքր գետակների ջուրը լճանում է, իսկ ջրի էկոլոգիական թողքի սահմանված ծավալը և ձկնուղիների կառուցվածքը հաճախ չեն ապահովում գետում բնակվող ձկնատեսակների ու մյուս օրգանիզմների ազատ տեղաշարժը գետի մի հատվածից մյուսը: Բացի այդ, ՓՀԷԿ-երի ջրառի գլխամասային կառույցներում ձկնապաշտպան ցանցերի բացակայությունը կամ առկա աղբորսիչ ցանցերի մեծ ճեղքերը չեն արգելում գետի վերին հոսանքում բնակվող ձկների, հատկապես մանրաձկների հայտնվելը ՓՀԷԿ-երի ճնշումային խողովակաշարում և, այնուհետև, տուրբիններում, որտեղ նրանք ենթարկվում են մեխանիկական և այլ ազդեցությունների, ինչն էլ պատճառ է դառնում նրանց զանգվածային ոչնչացմանը:
Ձկնուղիների էական մասը չի համապատասխանում այդ գետերում բնակվող և պարբերաբար միգրացիաներ կատարող ձկնատեսակների կենսական պահանջմունքներին ու ֆիզիկական հնարավորություններին: Այդ իմաստով դրանք մեծամասամբ ինքնանպատակ են ու չեն համապատասխանում նմանատիպ կառույցների նկատմամբ ժամանակակից պահանջներին, ինչն էլ հանդիսանում է դրանց ոչ լիարժեք գործելու հիմնական պատճառը»: Ձկնուղիների խնդրի լուծման համար Սամվել Պիպոյանն առաջարկում է լաբիրինթոսային տիպի ձկնուղու նոր մոդելի կիրառում, որն էական նշանակություն կունենա Հայաստանի գետերի ձկնային պաշարների և կենսաբազմազանության պահպանման գործում:
Նոյեմբեր 11, 2015 at 18:31