«Տիգրան Մեծ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Տիգրան Մեծ»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Տիգրան Մեծ» փոքր ՀԷԿ: «Տիգրան Մեծ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիս գետի վրա (երկարությունը 47 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ՌՈՒՍ ԸՆԴ ՀԱՐ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Տիգրան Մեծ» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2015թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն, ըստ նախագծի, 116մ է, հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի  1-ի տեղեկանքի,  95.9մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի, 3.2 և 5.18 մ3/վ է, ըստ  ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3.2 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի, 6046կՎտ է՝ առաջին փուլում՝ 2381կՎտ, երկրորդ փուլում՝ 3683կՎտ, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  2381կՎտ է: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 10.1 մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունն առաջին փուլում նախատեսված է 10.1 մլն.կՎտ.ժամ, երկրորդ փուլում՝ 7.0 մլն.կՎտ.ժամ: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 29.04.2015-29.04.2030թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 01.04.2014-01.08.2014թթ..:
  • ՋԹ-ում նշված ջրառի եւ ջրահեռացման կոորդինատները չեն համապատասխանում իրական կոորդինատներին:
  • Երկաթ-բետոնե պատվարի երկարությունը 20 մ է, բարձրությունը՝ 5 մ։ Պատվարի աջ կողմում տղմազտարանն է, իսկ ձախ կողմում՝ ձկնանցարանը: Նախագծով նախատեսված է  8.6 մ երկարությամբ եւ 2.6 մ բարձրությամբ պատվար:
  • ՓՀԷԿ-ի գլխամասում առկա է մոտ 26 մ երկարությամբ, 0.7 մ լայնությամբ, 1.8 մ բարձրությամբ բետոնե ձկնանցարան, որի ողջ երկարությամբ տեղադրված են մետաղ-բետոնե սլաք հիշեցնող 18 կառուցվածքներ: Գետի հունից ձկնանցարանի բարձրությունը 85 սմ է: Դիտարկման պահին ձկնանցարանն ամբողջովին փակված էր փայտե տախտակներով: Ձկնանցարանի նման կառուցվածքը, ինչպես նաև գետի հունի գրեթե ամբողջությամբ չոր լինելը չի կարող ապահովել գետում բնակվող ձկների, հատկապես մանր ձկնատեսակների բնականոն տեղաշարժը:
  • Առկա է սեղանաձև աղբորսիչ ցանց, որի ճեղքերի միջև հեռավորությունը 4.5-6.0 սմ է: Ճաղերի միջև այդքան հեռավորություն ունեցող ցանցը չի կարող արգելել մինչև 16 սմ երկարությամբ ձկների հայտնվելը ճնշումային խողովակի մեջ:
  • Եղեգիս գետում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  կարող են հանդիպել տեղաբնակ հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, Կուրի բեղլու, արևելյան տառեխիկ, Սևանի կողակ /գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/, Կուրի սպիտակաձուկ, Կովկասյան թեփուղ: Եղեգիս գետի ափերին գտնվող մանր ֆերմերային ձկնատնտեսություններից կարող է Եղեգիս ներթափանցել ծիածանախայտը:
  • Ըստ նախագծի զույգ խողովակաշարերի երկարությունը 2691մ է, տրամագիծը՝ 1200մմ և 1400մմ:
  • Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս-1»  (ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դերիվացիայի եկարությունը՝ 4000մ ) «Եղեգնաձոր» (ըստ նախագծի՝ 3250մ, 54մ) 3.  «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» (ըստ նախագծի՝ 2650մ)  «ԵՂԵԳԻՍ-3» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1391մ),  «Եղեգիս-2»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2138մ), «Եղեգ» ՓՀԷԿ (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1924մ), «Գողթանիկ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1400մ), «Եղեգիս»  (դերիվացիայի երկարությունը՝ 2450մ) «Տիգրան Մեծ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2691մ), «ԽԱՉԻ ՔԱՐ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2240մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (24188մ) տոկոսային հարաբերությունը Եղեգիս գետի երկարության հետ կազմում է 51.46%:
  • Խողովակաշարը կայան հասցնելու և կայանի շենքը կառուցելու համար կատարված են լանդշաֆտի և գետի հովիտի լանջերի լուրջ խախտումներ։ Կայանից 50 մ ներքև իրականացվում է նոր ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի կառուցում:
  • Կայանի տարածքը բաց է, իրականացված է ծառատունկ:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է:
  • «Տիգրան Մեծ» ՓՀԷԿ-ի կառուցման ՋԹ-ում ջրառի եւ բնապահպանական թողքի վերաբերյալ տվյալներ նշված չեն: Նախագծով նախատեսվել է 0.49խմ/վ բնապահպանական թողք:
  • Կայանում տեղադրված են տեղական «Խորդա» մակնիշի 3 ագրեգատներ՝ ընդհանուր 3100 կՎտ հզորությամբ, որոնցից դիտարկման պահին աշխատում էին երկուսը՝ 1370 կՎտ հզորությամբ:
  • Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Մոտակա Բնության հատուկ պահպանվող տարածքը «Եղեգնաձորի» արգելավայրն է, որի տեղադիրքը ՀՀ Վայոց ձորի մարզի Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազանն է՝ ծովի մակարդակից 1200-2800 մ բարձրության վրա: 

Առաջարկություններ

  • Պարզել ՓՀԷԿ-ի հանգույցների կոորդինատների անհամապատասխանության պատճառներն ու ուղղել։
  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Ամբողջովին վերակառուցել ձկնանցարանը՝ ապահովելու ձկների բնականոն տեղաշարժը։ Մինչ այդ պետք է հեռացնել ձկնանցարանի մուտքը փակող փայտե կոնստրուկցիան։ Նույնը կարել է ասել նաև պատվարի մասով, որն ամբողջովին փակում է գետի հունը՝ առաջացնելով արհեստական լճակ։ Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
  • Եղեգիս գետի վրա նախատեսվում է  հետեւյալ ՓՀԷԿ-երի կառուցումը՝ «Ալնարս» ՓՀԷԿ` շահագործող` «ԱԼՆԱՐՍ» ՍՊԸ  (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  խողովակաշարի երկարությունը՝ 2300մ),  «Եղեգնուտ» ՓՀԷԿ, շահագործող` «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2665մ), «ԷԼԻՍ» ՓՀԷԿ, շահագործող «ԷԼԻՍ ՀԷԿ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  ՓՀԷԿ-ը կառուցվելու է Եղեգիս եւ Սողանլու գետերի վրա, խողովակաշարերի երկարությունը՝ 2360,0մ եւ 2288,0մ):
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



15:20 Ապրիլ 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news