Գետային ավազաններում խիտ դասավորված ՀԷԿ-երի հետ խնդիրներ ունենք. Վարչապետ

Գետային ավազաններում խիտ դասավորված ՀԷԿ-երի հետ խնդիրներ ունենք. Վարչապետ

Panorama.am

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին հանձնարարեց համագործակվելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ:

«Մասնավորապես, վերանայել 2009թ. հունվարի կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման, առաջարկություններ ներկայացնել Ախուրյան, Դեբեդ, Ձորագետ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում ՀԷԿ-երի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների նպատակահարմարության վերաբերյալ»,- նշեց նախարարը:

Բացի այդ, Կառավարության ղեկավարը հանձնարարեց նաև առաջարկություններ ներկայացնել բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 20 տարի շարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանզիմների կիրառման առումով:

«Ես վստահ չեմ, որ մենք ունենք արդեն 20 տարի շարունակ օգտագործվող ՀԷԿ-եր, բայց մենք պետք է հասկանանք սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում, ինչպես է լինելու, երբ բիզնեսն իր գումարները փոխհատուցի: Ինչին է վերաբերում այս հանձնարարականը, կարծում եմ հասկանալի է, համենայնդեպս, մենք ունենք արդեն բնապահապանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակն ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք է: Կարծում եմ այնտեղ կան լուծումներ՝ ջրօգտագործման հետ կապված թույլտվությունների սահմանափակում և այլն»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը Էներգետիկայի նախարարությունից ակնկալում է, որ էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: «Կան գետային ավազաններ, որտեղ ՀԷԿ-երը խիտ են դասավորված և այնտեղ խնդիրներ ունենք»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Հոկտեմբեր 27, 2016 at 14:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր