Հայաստանի շուկայում ակտիվանում են ջրի ավտոմատ կառավարման համակարգերի առաջարկները

Հայաստանի շուկայում ակտիվանում են ջրի ավտոմատ կառավարման համակարգերի առաջարկները

ԷկոԼուր

Հայաստանում ՓՀԷԿ-երի շահագործման սուր խնդիրներից շարունակում է մնալ ջրի ավտոմատ կառավարման համակարգերի բացակայությունը: Սա հանգեցնում է չկարգավորված ջրառի, գետերի ջրազրկման: Ջրային ավտոմատ կառավարման համակարգեր ՓՀԷԿ-երում ներդնելու առաջարկն ընգրկված է ՀՀ բնապահպանության նախարարության ՓՀԷԿ-երի առողջացման ծրագրում:

Այսօր արդեն շուկայում հայտնվում են ջրի ավտոմատ կառավարման համակարգերի առաջարկներ: Դրանցից մեկը հնչեց «Էներգետիկայի շաբաթ-2017» եռօրյա համաժողովի ժամանակ:

Ամերիկյան National Instruments Corporation-ի «Արծաթե» գործընկեր «Բիթլիս-Մեն» ՍՊԸ-ն առաջարկեց նորարարական SCADA համակարգեր՝ Հայաստանում գործող ՓՀԷԿ-երում ջրի ավտոմատ կառավարման և մոնիտորինգի համար:

«Մենք առաջարկում ենք հիդրոէլեկտրակայանների ավտոմատ կառավարման համակարգեր, որոնք ներառում են գլխամասային հանգույցի, ագրեգատների մոնիտորինգ և կառավարում՝ թե մեխանիկական, թե էներգետիկ պարամետրերի առումով: Գլխամասի համար ունենք կառավարման մոնիտորինգի համակարգեր, որոնք կարող են մշտադիտարկել մուտքային ջրաքանակը, էկոլոգիական թողքը: Նաև անհրաժեշտության դեպքում կարող են փականների կառավարման միջոցով ավելացնել կամ պակասեցնել թողքերը, որպեսզի մուտքային ջրաքանակից անկախ էկոլոգիական թողքը միշտ կայուն պահպանվի, այն, ինչ բնապահպանության նախարարությունը պահանջում է ՀԷԿ-երի տերերից», - ԷկոԼուրին հայտնեց «Բիթլիս-Մեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Աշոտ Մինասյանը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Հունվար 30, 2017 at 18:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր