ԷկոԼուր
Սույն թվականի դեկտեմբերի 14-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի բազմաշահառու խորհրդի նիստը: Նիստին մասնակցեցին ՄԱԶԾ-ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի համակարգող Հովհաննես Ղազարյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հակոբ Հակոբյանը, ՀՀ Ազգային Ժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի խորհրդատու Արամ Գաբրիելյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջատար մասնագետ Մեսրոպ Ղարիբյանը, «ԷկոԼուր» ՀԿ-ի թիմը:
«ԷկոԼուր»-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց փոքր ՀԷԿ-երի մոնիթորինգի ծրագրի երկրորդ փուլի ընթացքում հայտնաբերված խնդիրները: Այս անգամ փորձագիտական խումբն այցելել է 36 փոքր ՀԷԿ: Այդպիսով, ուսումնասիրված փոքր ՀԷԿ-երի քանակը հասավ 123-ի: ՓՀԷԿ-եր, որոնք չեն անցել բնապահպանական փորձաքննություն, որովհետև նրանց հզորությունը մինչև 1 Մվտ է, բայց նրանց կառուցվածքները, գետերի հունը փակող պատվարները զգալի ազդեցություն են գործում գետային էկոհամակարգի վրա: ՓՀԷԿ-եր, որոնք կառուցված են ջրհոսքերի ձևավորման գոտում, ինչը հակասում է օրենսդրությանը:
Չլուծված են մնում բնապահպանական թողքի, ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգի, ջրաչափիչ սարքավորումների բացակայության, ձկնանցարանների, ձկնաշխարհի կորստի, սխալ ջրատնտեսական հաշվարկների, անարդյունավետ սարքավորումների, գետի էկոլոգիական և սանիտարական վատ վիճակի հետ կապված խննդիրներ:
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ծրագրի արդյունքների վրա հենվելով մշակվել և ՀՀ կառավարության www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության 3 որոշումների նախագիծ, 2 օրինագիծ:
Առաջարկություններ են ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարություն էկոլոգիական թողքի հաշվարկման համար մշակված ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար ՓՀԷԿ-երի ստուգաթերթ: Մշակվել է ՓՀԷԿ-երի էկոանձնագրի առաջարկություն ՀՀ կառավարության որոշման համար:
ՀՀ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը որպես խնդիր նշեց, որ, բնապահպանական թողքը որոշելիս, նախագծողներն օգտվում են գետերի հոսքերի վերաբերյալ հին տվյալներից, իսկ շատ գետերի համար ջրհոսքի վերաբերյալ հաշվարկները բացակայում են:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանն ասաց, որ համաձայն է շատ դիտողությունների հետ: Նա նշեց, որ բարեփոխումները պետք է լինեն իրատեսական և իրականացվեն քայլ առ քայլ, պետք է պարոնակեն ներդրողներին գրավող կոմպոնենտ և համապատասխանեն այլընտրանքային էներգետիկայի զարգացման հայեցակարգին:
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի խորհրդատու Արամ Գաբրիելյանի կարծիքով՝ փոքր ՀԷԿ-երը պետք է հրաժարվեն պատվարներից. գետը կարող է բնական ճանապարհով կիսվել ջրահավաքի և բնապահպանական թողքի:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Դեկտեմբեր 22, 2017 at 13:10