Գետերի բնապահպանական թողքն այսուհետ ավելի շատ կլինի, քան նախկինում. գործադիրը փոխեց իր որոշումը

Գետերի բնապահպանական թողքն այսուհետ ավելի շատ կլինի, քան նախկինում. գործադիրը փոխեց իր որոշումը

ԷկոԼուր

Այսուհետ գետերի բնապահպանական թողքն ավելի շատ կլինի, քան նախկինում: ՀՀ կառավարությունը սույն թվականի հունվարի 25-ի նիստում որոշեց փոխել բնապահպանական թողքի գնահատման վերաբերյալ ՀՀ 2011 թ-ի հունիսի 30-ի N 927-Ն որոշումը:

«Հաշվի առնելով, որ ՀՀ գետերում ջրակենսաբանական, ջրաերկրաբանական և ջրաքիմիական մոնիտորինգի տվյալները բացակայում են, բնապահպանական թողքի ամսական արժեքները հիդրոլոգիական դիտակետում որոշվում են` ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը, որը հանդիսանալով «անվտանգության գործոն», ապահովում է գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Եթե բնապահպանական թողքի ամսական հաշվարկված արժեքը մեծ է ստացվում տվյալ ամսվա բնական նվազագույն ելքի արժեքից, ապա որպես բնապահպանական թողք ընտրվում է տվյալ ամսվա բնականնվազագույն ելքի արժեքը», - մասնավորապես նշված է որոշման մեջ: Իսկ ստորերկրյա սնուցում ունեցող գետերի, որոնք ունեն հաստատուն հոսք և գարնանային հորդացումների ռեժիմներն արտահայտված չեն, բնապահպանական թողքը որոշելիս հիմք է ընդունվելու բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրարհաջորդող օրերի միջին ելքը:

Նշենք, որ մինչ այժմ, բնապահպանական թողքի արժեքը որոշելիս, հիմք էր ընդունվում տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքերը։

Նախագծին դեմ է արտահայտվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը` նշելով, որ փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների վրա:


Դեմ է արտահայտվել նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեն` նշելով, որ նախագծի ընդունմամբ կրճատվելու են ոռոգման նպատակներով ջրօգտագործման, ինչպես նաև ջրամբարներում կուտակվող ջրածավալները` միայն Ախուրյանի, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում՝ 20-22 մլն խմ/տարի: Հաշվի առնելով սա` նախագծում կատարվել է լրացում. «20մլն խ/մ և ավելի ծավալ ունեցող ջրամբարների դեպքում բնապահպանական թողքը որոշելիս որպես հիմք ընդունվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը»: Նախագծի հեղինակ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանել է, որ գործող մեթոդով հաշվարկված բնապահպանական թողքը բավարար չէ գետավազանի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար, միաժամանակ, այդ մեթոդի կիրառմամբ հետագա տարիներին էականորեն կնվազեն տվյալ գետավազանի բնական ջրաելքերը:



17:07 Հունվար 31, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news