Շինուհայր համայնքը ոռոգման ջուր չունի, իսկ խմելու ջուրը 2 ժամով է տրամադրվում

Շինուհայր համայնքը ոռոգման ջուր չունի, իսկ խմելու ջուրը 2 ժամով է տրամադրվում

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում խմելու և ոռոգման ջուրը լուրջ խնդիր է: Մոտ 2500 բնակիչ ունեցող համայնքը ոռոգման ջուր չունի, իսկ խմելու ջուր գյուղն ունենում է օրական 2 ժամով: «Գյուղի ընդամենը 10 տոկոսն է իր հողերը պոմպերով ջրում մեր սեփական թունելից, մնացածը՝ ոռոգման ջուր չունի: Խմելու ջուրը օրական 2 ժամով Սիսիանից է գալիս: Տուն կա, նույնիսկ այդ 2 ժամն էլ չի գալիս. դիրքը հարմար չէ»,- ԷկոԼուրին ասացին գյուղի բնակիչները:

«Արդեն 25 տարի է` պայքարում ենք ջրի համար: Գալիս են պաշտոնյաներ, ասում են` այսօր կանենք, վաղը կանենք… ու այդպես արդեն 25 տարի մենք այս խնդիրը ունենք».- ասացին շինուհայրցիները:

Գյուղացիները հողագործությամբ գրեթե չեն զբաղվում. մոտ 630 տնտեսության տնամերձ հողատարածքները անմշակ են, ջրի բացակայությունից ծառերը չորանում են: Բնակիչների խոսքով` իրենք հիմնականում զբաղվում են առևտրով. «Լավ է որ Տաթևի վանք տանող ճանապարհին ենք, զբոսաշրջությունը զարգացել է, մենք էլ առևտրով ենք զբաղվում: Հիմա էլ եթե նայեք, կտեսնեք, որ ճանփեզրերին խանութներ կան, սննդի կետեր են կառուցվում»,- ասացին Շինուհայր համայնքի բնակիչները:

Շինուհայր համայնքի մշակովի հողերը գտնվում են Որոտան գետի ձորում: Որոտան գետը Արաքսի ձախ վտակն է, սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից: Ձորը ջրով հարուստ է. ամենուրեք կարելի է տեսնել բնական աղբյուրների հոսքեր: Այնտեղ տանող ճանապարհը մեքենաների համար գրեթե անանցանելի է, և մարդիկ մի քանի կիլոմետր ճանապարհ ստիպված են անցնել ոտքով, կամ ձիերով: Այս պատճառով նրանք աստիճանաբար սկսել են բնակություն հաստատել ձորի վերևում, որտեղ ջուր չկա:

Շինուհայրի հարևան համայնքները ջրով ապահովվում են Սդեղի ջրամբարից:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

18:09 Հոկտեմբեր 03, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news