Պանկիսի կիրճում բնակիչների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 20 մարդ է տուժել

Պանկիսի կիրճում բնակիչների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 20 մարդ է տուժել

Ազատություն ռադիոկայան

Ապրիլի 21-ին բախումներ են տեղի ունեցել Վրաստանի տարածքի Պանկիսի կիրճի չեչեն բնակչության և Վրաստանի ոստիկանության հատուկ ստորաբաժանումների միջև։ Բախումների հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել։

Պանկիսի կիրճի մեծամասամբ չեչեն բնակչությունը բողոքում է հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ, իսկ իշխանությունները պնդում են՝ ընկերությունը, որը պետք է կառուցի այդ ՀԷԿ-ն, ունի բոլոր թույլտվությունները։

Պանկիսի կիրճի բնակչությունը կոչ է անում իշխանություններին՝ ծանոթանալ փորձագետների եզրակացություններին։ Իշխանությունները, սակայն, իրենցն են պնդում։

Դուիսի գյուղի բնակիչները փակել էին ճանապարհները և այն վայրը, որտեղ պետք է սկսվեին շինարարական աշխատանքները։
Բողոքի այս ակցիան վերածվել է լուրջ բախումների բնակչության և ոստիկանության միջև։ Բողոքի ակցիայի մասնակիցներն օգտագործել են քարեր, պայթուցիկ նյութերով շշեր, իսկ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը՝ ռետինե փափմուշտներ և արցունքաբեր գազ։
Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել միայն երբ դեպքի վայր է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան։

Բնակիչներն ասում են, թե պատրաստ են նույնիսկ զոհվել, բայց թույլ չեն տա, որ այստեղ կառուցվի հիդրոէլեկտրակայան։ Նրանց կարծիքով՝ ՀԷԿ-ի կառուցման հետևանքով Պանկիսի կիրճի գյուղերի բնակիչները կարող են զրկվել խմելու ջրից։

Հիշեցնենք՝ Պանկիսի կիրճը ռուս-վրացական սահմանին է, և այնտեղ մեծամասամբ ապրում են չեչեններ, իսկ չեչենական երկու պատերազմների ժամանակ այստեղ էին թաքնվում չեչեն հրամանատարները, այդ թվում՝ հայտնի Ռուսլան Գելաևը։ Պանկիսի կիրճը պարբերաբար հայտնվում էր ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Լուսանկարը` «Ռուստավի 2» հեռուստաընկերության կայքի

19:29 Ապրիլ 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news