Բնապահպանության նախարարությունն առաջարկում է արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը 22 գետի վրա

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը 22 գետի վրա

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որի ընդումամբ կարգելվի ՓՀԷԿ-երի կառուցումը Հայաստանի 22 գետի վրա: «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում».- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Որոշման նախագծով նախատեսվում է արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը Գավառագետի, Ծակքարի, Լիճքի, Կարճաղբյուրի (Մաքենիս), Մասրիկի, Վարդենիսի, Արգիճիի, Մարտունիի, Ձկնագետի, Հրազդանի, Աղստևի, Ախուրյանի, Որոտանի, Արփայի, Ձորագետի, Եղեգիսի, Ազատի, Մարցի, Գոշի, Մեղրիգետի, Ողջի գետի Կապուտջուղ և Քաջարանց վտակների վրա: Այս գետերում ՓՀԷԿ-երի հետագա կառուցման ու շահագործման արգելքը պայմանավորված է նրանով, որ այստեղ առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, կամ տեղանքին բնորոշ ենէնդեմիկ ձկնատեսակներ, ջրային բույսեր՝ հիդրոֆիտներ, որոնք էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր են, գետեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է:
Որոշման նախագծում մասնավորապես գետերի ծանարաբեռնավածության հաշվարկման համար հիմք են հանդիսացել ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից համատեղ 2014-2016թթ. իրականացված «Աջակցություն փոքր հիդրոէլեկտրակայաններին վերաբերվող բարեփոխումներին՝ գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի`ՓՀԷԿ-երով գետերի ծանրաբեռնվածության հաշվարկները:

Որոշման նախագծով սահմանվել են նաև ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները`
• բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներ
• բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներ
• ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիներ,
• գետերի հոսքի ձևավորման տարածքներ
• սողանքային տարածքներ
• անտառային տարածքներ, որոնք կարող են հատվել` շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելիս:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն` Հայաստանում գործում է 181 փոքր ՀԷԿ, որոնցից կեսից ավելին կառուցված է Հայաստանի 67 գետերի ու վտակների վրա:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

15:48 Հոկտեմբեր 30, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news