ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը կսահմանի փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի նոր ցանկը:
Մինչև 2020թ-ի հունիսի վերջ ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Այս նախագծի ներկայացման համար պատասխանատու են ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուղցվածքների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները: Իսկ 2021թ-ի հունիսի վերջին ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված՝ սողանքային տարածքներ ունեցող գետահատվածները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Որոշման նախագծերի մշակումը պայմանավորված է 2019թ-ին ՀՀ ջրային օրենսգրքում կատարված 2 փոփոխությունների մասին օրենքների կիրարկման անհրաժեշտությամբ:
Փոքր ՀԷԿ-երի ծանրաբեռնվածության սահմանափակման մասին առաջարկով հանդես է եկել ԷկոԼուրը՝ ուսումնասիրելով 125 փոքր ՀԷԿ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ 2014-2018թթ. իրականացրած ծրագրերի շրջանակներում: ԷկոԼուրն առաջարկել է սահմանափակել փոքր ՀԷԿ-երով գետերի ծանրաբեռնվածությունը 30 տոկոսի սահմանում՝ կանխելու գետային էկոհամակարգերի ոչնչացումը:
էկոԼուրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր ՀԷԿ-երի դերիվացիոն խողովակաշարերով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնվածություն ունեն Եղեգիս գետը, Եղեգիս գետի Կարակայա վտակը, Կարակայայի Այսաս վտակը, Տանձուտ գետը, Դալի գետը, Լորաձոր գետը: 40 տոկոսի շեմին մոտ են Արփա գետի Կենգեր վտակը/ 38.625%/, Գոշ գետը /37.37%/, Ազատ գետի Գողթ վտակ /36.87%/, Մարց գետը /36.65%/ Արագիլիջուր (Արագլիգետ) գետը /36.44%/:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում խիստ նվազել է գետային ձկնաշխարհը, հատկապես վտանգված են ՀՀ կարմիր գրքում գրանցված և էնդեմիկ ձկնատեսակները: Մասնավորապես, խոսքը Սևանա լիճ թափվող Արգիճի, Մարտունի, Վարդենիս, Դարանակ գետերի, ինչպես նաև Արփա, Աղստև, Գետիկ, Հախում, Փամբակ, Ախուրյան, Որոտան, Եղեգիս գետերի մասին է:
ԷկոԼուրն առաջարկել է արգելել փոքր ՀԷԿ-երի կառուցումը բնության հատուկ պահպանվող տարածքներում և բնության հուշարձան հանդիսացող ջրվեժների ջրհավաք ավազանում:
Առաջարկել է նաև սահմանել ՓՀԷԿ-երի հզորության շեմը 1-10 ՄՎտ՝ ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբեր 8-ի «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» 1300–Ա որոշումը: Այս որոշումն հատուկ ընդունվել է «ՁորաՀԷԿ» ՀԷԿ-ի համար, որի դրվածքային հզորություն 26,4 ՄՎտ է: Այդ որոշման շնորհիվ այս ՀԷԿ-ը, որը կառուցվել է 1931թ-ին, միանգամից դարձավ փոքր ՀԷԿ և սկսեց օգտվել ՓՀԷԿ-երի համար սահմանված արտոնություններից, մասնավորապես, ՓՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի համար սահմանված բարձր սակագնից: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 159-Ն որոշման 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում է՝ 24.276 դրամ/կՎտxժ` առանց ԱԱՀ:
Հունվար 20, 2020 at 18:23