Պատրա՞ստ է Արագածոտն գյուղը պաշտպանվել միջուկային վտանգից

Պատրա՞ստ է Արագածոտն գյուղը պաշտպանվել միջուկային վտանգից

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀԱԷԿ-ի ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

1227 բնակիչ ունեցող Արագածոտն համայքնի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանից (ՀԱԷԿ) հեռավորությունը կազմում է մոտ 10 կմ: Համայնքում բացակայում են միջուկային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառները: Ճառագայթային վտանգի դեպքում որպես հակաճառագայթային ապաստարաններ կարող են ծառայել մշակույթի տան և բնակիչների անձնական օգտագործման նկուղները: Սակայն դրանք չեն համապատասխանում հակաճառագայթային անվտանգության ապահովման չափորոշիչներին: «Մշակույթի տան նկուղը 1000 քառակուսի մետր մակերես ունի: Վերանորոգում ենք, հերմետիկ փակված է, երեք մուտք ունի: Բնակիչների շենքերի ներքևում նույնպես նկուղներ կան՝ մոտ 20 քառակուսի մետր: Բայց, իհարկե, հնարավոր չէ մի քանի օր մնալ այդ նկուղներում»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արագածոտն համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը: Բնակիչներն էլ ասացին. «Դե նկուղում փակոց, բան կա, կարող ես սնվել մի որոշ ժամանակ: Բայց անհրաժեշտ մյուս հարմարությունները չկան...Դժվար թե հերմետիկ փակվի...Առանց զուգարանի մեկ օր էլ չես կարող մնալ: Մեր նկուղները գյուղատնտեսական ապրանքների պահման համար են նախատեսված»:

Համայնքը ճառագայթային վտանգի ազդարարման շչակ ունի: Հաշվառված են մեքենաները, որոնք վթարի դեպքում պիտի բնակիչներին գյուղից տարհանեն Կոշ գյուղ: Բուժկետ ունեն, սակայն ճառագայթային վտանգից բնակիչներին պաշտպանելու համար անհրաժեշտ պարագաներ չունեն: «Համայնքապետարանում մի սենյակ կա, բժիշկն է նստում: Բայց դժվար դեպքում Ուջան են ուղարկում: Նորմալ դեղորայք էլ չկա: Օձի խայթոցից շատ մարդիկ են մահացել: Այդ հասարակ դեղորայքը չկա, որ օձը կծեց, չես էլ կարող Ուջան հասցնել, ուր մնաց թե հակաճառագայթային միջոցներ լինեն»,- նշեցին բնակիչները:

Արևային էներգիտական՝ այլընտրանք չգազաֆիկացված Արագածոտնում

Արագածոտն համայնքը գազաֆիկացված չէ: Ըստ համայնքապետարանի աշխատակից Հրաչիկ Նադոյանի՝ տարիներ առաջ համայնքը դիմել է պատկան մարմիններին համայնքը գազաֆիկացնելու խնդրով. «Ասել են, թե ֆինանսական վիճակը չի բավարարում»,- նշեց նա:

Ջեռուցման նպատակով համայնքում օգտագործում են փայտ, աթար, հոսանք, արդեն նաև՝ արևային էներգետիկա: Մի քանի տարի է՝ բնակիչները, մեկը մյուսի օրինակն աչքի առաջ ունենալով, սկսել են արևային ջրատաքացուցիչներ, արևային վահանակներ տեղադրել:

«Արևային եմ դրել, ամենաճիշտը դա չէ՞, քան ատոմակայանը: Նախորդ տարի 110 հազար դրամ էլ ինձ տարվա վերջին հետ է վերադարձել: Այս տարի արդեն իմ խանութի համար եմ ուզում ձեռք բերել արևային վահանակ: Ավելի ձեռնտու է: Ամիսը 20-30 հազար դրամ հոսանքի գումար եմ վճարում խանութի համար: Եթե արևային դնեմ և ավելցուկով հոսանք արտադրի, կկարողանամ նաև պետությանը վաճառել: Ձմռանը տունը ջեռուցում ենք օդորակիչով, որի համար հոսանք է արտադրում արևային վահանակը: Փայտ էլ ենք օգտագործում, քանի որ եթե մառախուղ է լինում, հոսանք չի լինում վահանակի մեջ»,- ասաց Արագածոտնի բնակիչ Հակոբ Հովհաննիսյանը:

Արագածոտն գյուղում արևային էներգիայի պոտենցիալը պատրաստվում են օգտագործել նաև բիզնես նպատակներով: «Բարի Արև» և «Վենտուս Էներջի» ընկերությունները ձեռք են բերել համայնքի 80 հա մակերեսով տարածքը՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով: Ըստ համայնքապետի՝ արևային կայանի կառուցումը համայնքում շուրջ 15 աշխատատեղ է ստեղծել: «Կայանի կառուցման համար 40 հա-ը վաճառել ենք համայնքապատկան հողերից, 40 հա-ը՝ մասնավոր սեկտորից են վերցրել: Արոտավայրեր էին: Մեկ հա հողը գնելու և նպատակային նշանակությունը էներգետիկի փոխելու նպատակով վճարել են 2 միլիոն 200 հազար դրամ: Ստացված հասույթով ենք մշակույթի տունը վերանորոգում: Նաև մանկապարտեզը պիտի վերանորոգենք: Ջրագիծ ենք փոխել, ասֆալտապատում արել համայնքում»,- նշեց համայնքապետ Մելսիկ Ղազարյանը:

Համայնքի սոցիալական խնդիրները

Արագածոտնում այսօր մշակվում է 600 հա հողատարածք: Ըստ համայնքի ղեկավարի՝ հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու անասնպահությունն է: Գյուղի բնակիչների 30%-ից ավելին մեկնում է արտագնա աշխատանքի: Այս տարի կորոնավիրուսի համաճարակը «խանգարեց» բնակիչներին մեկնել: «Չկարողացան մեկնել, մնացին: Մի մասը քարհանքերում է աշխատանքի անցել, մի մասը՝ հող է մշակում: Գյուղի սոցիալական վիճակը վատթարացել է, ժողովրդի վիճակը վատ է, հարկերը չեն կարողանում ժամանակին վճարել»,- ասաց Մելսիկ Ղազարյանը:

Հարկերը չվճարելուն զուգահեռ Արագածոտնում այսօր խնդիր է առօրյա առևտուրի համար գումարի հայթայթումը: Խանութպան Հակոբ Հովհաննիսյանը ցույց տվեց «պարտքի տետրը» և նշեց՝ ավելի քան 7 միլիոն դրամի պարտք կա: «Շատ քիչ է առևտուրը: Մարդիկ դուրս չեն գալիս, չեն աշխատում: Առևտուր անում են, բայց շատը պարտքով: Ի՞նչ անես: Սա գյուղ է, գալիս են, ո՞նց չտաս, ճանաչում ես չէ՞: Մարդիկ կան, որ որոշ ժամանակ անց պարտքը տալիս են, մարդ էլ կա՝ արդեն 3 տարի պարտք է»,- ասաց նա: Մյուս կողմից էլ կարծում է, որ կորոնավիրուսի համավարակը ոմանց համար չաշխատելն արդարացնելու նոր պատճառ դարձավ: «Բայց պետք է մի բան անել չէ՞, որ ապրես: Նոր Եդեսիայում այգիներ կան, գյուղի մեծամասնությունն այնտեղ որպես բանվոր օրավարձով աշխատում են: Աշխատող մարդը քարի վրա էլ լինի, կստեղծի, կաշխատի, պետք է հաղթահարենք այս ամենը»,- նշեց խանութպանը:

Սոցիալական բարդ պայմաններում հայտնված բնակիչների համար համավարակին զուգահեռ ավելացել են ծախսերը: «Ասում են՝ պարտադիր է դիմակը: Մարդիկ հացի փող չունեն, դիմակ ինչպե՞ս գնեն….Պետք է դրսից բերեն, բաժանեն»,- նշեց մի բնակիչ:

 

15:49 Հունիս 17, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news