«Գեղարոտ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Գեղարոտ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը այցելեց «Գեղարոտ» փոքր ՀԷԿ: «Գեղարոտ»  փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի վարչական տարածքում, կառուցված է Գեղարոտ գետի վրա (գետի երկարությունը՝ 25 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Էլ Կաս»  ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2010թ-ից:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը նախագծում նշված չէ: Ըստ նախագծի` հաշվարկային ճնշումը` 307.4 մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 1.2մ3/վ, դրվածքային հզորությունը  2.91 ՄՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 7.7 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 12.37 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 03.02.2010- 03.02.2025թթ., Ջրօգտագործման թույլտվություն չունի:
  • Գլխամասում առկա է բետոնից ձկնացարան: Չնայած ջրի առատությանը, ձկնացարանով ջուր համարյա չէր հոսում և չէր կարող ծառայել իր նպատակին: ՓՀԷԿ-ի սպասարկող անձնակազմի աշխատակցի մեկնաբանմամբ՝ այդ կառույցով բնապահպանական ելք է բաց թողնվում սակավաջուր ժամանակահատվածում: Մնացած ժամանակ այն բաց է թողնվում պատվարով:
  • Բնապահպանական թողքը, ըստ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի, սահմանված է 0.125 մ3/վ:
  • Առկա է ձկնապաշտպան ցանց, որի ճեղքերի միջև հեռավորությունը 5.5-7 սմ է, որտեղով կարող են անցնել անգամ 15-20 սմ երկարություն ունեցող ձկները:
  • Գեղարոտ գետում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  ըստ բնակիչների և ՓՀԷԿ-ի աշխատակիցների, ձկներ չեն հանդիպում, չնայած որ գետի ջրաբանական տիպը համապատասխանում է կարմրախայտի Salmo fario կենսաբանական պահանջներին:
  • Ջրառի կետում ջրաչափական դիտակետ չկա։
  • Կայանային հանգույցում տեղադրված են երեք ագրեգատներ նախագծով նախատեսված 2-ի փոխարեն: Այցի ժամանակ աշխատում էին երկուսը, պատճառը ագրեգատի անսարքությունն էր: Ձմռանն աշխատում է միայն մեկ ագրեգատ` ապահովելով ամսեկան 150կվտ/ժամ  էլեկտրաէներգիա:
  • Սակավաջուր ժամանակահատվածում /նոյեմբեր-մարտ/ որոշ քիմիական տարրերի կոնցենտրացիաների /այդ թվում սուլֆատ իոններ/ պարունակությունը Գեղարոտ գետի վերին հոսանքում դառնում է զգալի, և քիմիական ակտիվ կառուցվածքով ջուրը քայքայում է ագրեգատների դետալները: Ագրեգատները պաշտպանելու համար  ներժապատվել են:
  • Անկախ փորձագետներ Սեյրան Մինասյանի եւ Արեւիկ Հայրապետյանի «Գեղարոտ գետի վերին եւ միջին հոսանքների ջրերի էկոքիմիական վերլուծություն» հետազոտության մեջ մասնավորապես նշված է. «Գեղարոտ գետի ջրերում Fe, Al, Co, Mn, Cr, Cd, Zn, Na, Mg, Ca, K մետաղների ու տարրերի պարունակության հետազոտությունից պարզվում է, որ երկու գործող ՓՀԷԿ-երից անմիջապես ներքեւի դիտակետերի ջրերում նշված տարրերի կոնցենտրացիաները զգալի (2-10 անգամ, միջինը` 5-7 անգամ) գերազանցում է ՓՀԷԿ-երից վերեւ գտնվող դիտակետերի ջրերում առկա կոնցենտրացիաներին: Սա ցույց է տալիս, որ գործող 2 ՓՀԷԿ-երը զգալի ազդեցություն ունեն գետի ջրերի որակի վրա»: Քանի որ գետն օժտված է ինքնամաքրման հատկությամբ հիմնականում դիտակետերում ջրի որակը համապատասխանել է ոռոգման նպատակով օգտագործվող ջրի որակի չափանիշներին: Միայն մեկ` 5-րդ դիտակետում /որը մոտ է երկրորդ հէկ-ի շենքին/  նկատվել է որոշակի քիմիական տարրերի կոնցենտրացիաների համեմատական աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ տուրբինի օգտագործած ջուրը չի հասցնում վերադառնալ բնականոն ջերմաստիճանի և այդ հատվածում գետը հոսում է հին բետոնապատ հունով: Երկու գործոնների /հիդրոմորֆոլոգիայի փոփոխություն և ջրի ինքնամաքրման էֆեկտի չեզոքացում/ առկայության պարագայում ազդեցությունը կրել է լոկալ և սահմանափակ  բնույթ: Մոնիտորինգային հետազոտության արդյունքում ներկայացված տվյալների համաձայն՝ անկախ վերը նշված հանգամանքների /2 ՀԷԿ-երի աշխատանք, ջրհոսք բետոնապատ հուն/ գետի ջրի որակը գնահատվել  է բարձր»:
  • Կայանային հանգույցում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է: Տրանսֆորմատորները կահավորված չեն յուղորսիչ համակարգով:
  •  Կայանային հանգույցի տարածքը բնությանը համահունչ քարերով պարսպապատված է:
  • Տարածքը նախագծային լուծումներին համապատասխան բարեկարգված և կանաչապատված է:
  • Ակնառու է  հողի բերրի շերտով տարածքների վերականգնումը:
  • Ըստ նախագծի՝ ճնշումային խողովակաշարի երկարությունը 4640մ է, տրամագիծը՝ 820մմ: Խողովակաշարի անցկացման տարածքներում նկատելիորեն բավարար չեն արված լանդշաֆտի վերականգնմանն ուղղված և ռեկուլտիվացիայի միջոցառումները: Այն պայմանավորված էր նաև տեղանքի ռելիեֆային պայմաններով /թեքություններով/:
  • Գեղարոտ գետի վրա կառուցված «Գեղարոտ» (Ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 4640մ), «Արագած 1» (Ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2350մ)  բոլոր ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (6990մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում 27.96%: Գեղարոտ գետի վրա նախատեսվում է «Ալպիական» (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2800մ ) եւ «Լուսարփի» (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը 1120մ) փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Այս ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում դեպքում ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (11129) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կկազմի  43.64%:

 

  • • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն` 2014թ. «Գեղարոտ» ՓՀԷԿ-ը 12 ամսվա ընթացքում արտադրել է 6551570 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Աղբահեռացումն իրականացվում է կազմկերպված ձևով, միայն գլխամասում առկա էին բուսական մնացորդների կուտակումներ, որոնք հավաքված էին աղբապահ ճաղավանդակից:
  • Կենցաղային կեղտաջրերը հեռացվում են անջրթափանց հորի միջոցով:
  • Ազատ ջրօգտագործման պահանջները կատարվում են:
  • 2014թ-ին անցկացվել են տեսչական ստուգումներ, շրջակա միջավայրին ՓՀԷԿ-ը պատճառել է 51 միլիոն դրամի վնաս. չի ունեցել ջրօգտագործման թույլտվություն եւ այլ փաստաթղթեր:

Առաջարկություններ`

  • Ձեռք բերել ջրօգտագործման թույտվություն:
  • Ապահովել բնապահպանական թողքի անցումը ձկնանցարանով:
  • Տեղադրել ջրաչափական սարք և հսկել բնապահպանական թողքը:
  • Տրանսֆորմատորի տակ տեղադրել յուղորսիչ:
  • Գետում ձկների հայտնվելու պարագայում  ձկնանցարանը և ձկնապաշտպան ցանցը համապատասխանեցնել գետում հայտնված ձկնատեսակների կենսական պահանջմունքներին:
  • Իրականացնել խողովակաշարի անցկացման տարածքներում լանդշաֆտի վերականգնման աշխատանքներ:

Առաջարկություն ՀՀ բնապահպանության նախարարությանը`

  • Հետազոտել Գեղարոտ գետի ջրի որակը և պարզել, թե ինչու է ՓՀԷԿ-երից ներքեւ գետի ջրի որակը վատանում: Գետի ջրում հետազոտություններն անել ինչպես  ՓՀԷԿ-երի աշխատանքի ժամանակ, այնպես էլ աշխատանքը դադարացնելու պարագայում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութըպատրաստվել է «ԱջակցությունփոքրՀԷԿ-երինվերաբերողբարեփոխումներին` գետայինէկոհամակարգերիկայունօգտագործմաննպատակովհանրությանևՀՀբնապահպանությաննախարարությաներկխոսությանմիջոցով» ծրագրիշրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀՓոքրդրամաշնորհներիծրագրիաջակցությամբ: 



19:20 Հուլիս 24, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news