«Խաչաղբյուր» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Խաչաղբյուր»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Խաչաղբյուր» փոքր ՀԷԿ: «Խաչաղբյուր»    փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Գետահովիտ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Պաղջուր գետի վրա (երկարությունը 31 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԷՆԵՐՋԻ ԿՈԿ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 69.10մ է, հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի  1-ի տեղեկանքի, 55.50մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3.0մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1292 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 5.1մլն.կՎտ.ժամ է,  լիցենզիայի ժամկետը` 24.12.2013-24.06.2029թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 20.06.2014- 20.06.2017թթ.:
  • «Խաչաղբյուր» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ին:
  • «Խաչաղբյուր ՓՀԷԿ-ի գլխամասում առկա է մետաղական կիսագլանաձև խողովակով ավարտվող բետոնե պատվար: Պատվարի երկարությունը 18 մ է, բարձրությունը՝ 2,5 մ։ Նախագծով նախատեսված է 2 մ բարձրությամբ, 18.6 մ երկարութամբ բետոնե ջրթափ պատվար:
  • Պատվարի կենտրոնական մասում կառուցված է բետոնե աստիճանաձև կիսաքայքայված ձկնանցարան՝ մոտ 6.5 մ երկարությամբ և 1.2 մ լայնությամբ: Ձկնանցարանը կազմված է 8 աստիճաններից, որոնցից ամենաստորինը բարձր է գետի ջրի մակերեսից ավելի քան 60-70սմ: Նման կառուցվածքով ձկնանցարանը և նրանով հոսող առատ ջուրը գրեթե անհնարին են դարձնում գետում տարածված ձկների գերակշռող մասի գաղթը:  Թերևս այդ կառույցի հարակից պատվարն ավելի հեշտ հաղթահարելի կլինի կարմրախայտի համար:
  • Առկա է երկար տղմազտարան, որն ավարտվում է 2.3 մ երկարությամբ և 2.5-3.0 սմ ճեղքեր ունեցող  աղբորսիչ ցանցով: Ճաղերի նման հեռավորությունը չի կարող արգելել մինչև 8 սմ երկարություն ունեցող մանրաձկների՝ ճնշումային խողովակաշարում հայտնվելուն:
  • Պաղջուր գետի այն տեղամասում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  կարող են հանդիպել Աղստև գետում հանդիպող  ձկնատեսակներից շատերը, այդ թվում՝ կարմրախայտ, Սևանի կողակ (գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում), Կուրի բեղաձուկ, արևելյան տառեխիկ, Կուրի լերկաձուկ, Կուրի սպիտակաձուկ, արևելյան թեփուղ, մուրծի: Հարկ է նշել, որ նոյեմբերը (մոնիտորինգային այցը կատարվել է 2015թ-ի նոյեմբերի 7-ին) կարմրախայտի բազմանալու ժամանակաշրջանն է, և Պաղջուր գետի ձկնանցարանների կառուցվածքը մի կողմից և գետի հունում ջրի քիչ քանակությունը՝ մյուս կողմից, չեն նպաստում այդ արժեքավոր ձկնատեսակի վերարտադրման գործընթացներն ապահովելուն:
  •  Պողպատյա խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի՝ 1430մ է,  տրամագիծը, 1.2մ:
  • Պաղջուր գետի վրա կառուցված «Խաչաղբյուր ՀԷԿ-1» (խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 1800մ), «Խաչաղբյուր» (խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 1430մ), «ԽԱՉԱՂԲՅՈՒՐ-2» (խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 3400մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (6630մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (31կմ) հետ կազմում է 21.38 տոկոս:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Խաչաղբյուր» ՓՀԷԿ-ը գետից կարող է վերցնել 78840.0 հազար խմ/վ ջուր՝ գետում ապահովելով  0.15 խմ/վ բնապահպանական թողք: Նախագծով նախատեսված է եղել 0.1խմ/վ բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Խաչաղբյուր» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 899483 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի կայանում  տեղադրված են տեղական «Ծատրյան» մակնիշի երկու ագրեգատներ, աշխատում էր մեկը: Ջրսակավ ժամանակահատված էր և տուրբինը 300 լ/վրկ ջրաքանակով ապահովում էր  100կՎտ դրվածքային հզորություն:  Աշխատակցի համաձայն՝ ՓՀԷԿ-ի տնտեսական շահավետությունը շատ ցածր է, և  ՓՀԷԿ-ն իր նախագծային հզորությունը չի ապահովում: Երկու հիդրոագրեգատներն աշխատում են միայն ապրիլ-մայիս-հունիս ամիսներին և ապահովում են 600 կՎտ հզորություն նախագծային  1290 կՎտ-ի  փոխարեն: ՓՀԷԿ-ի համար օգտագործվող առավելագույն ջրաքանակը կազմում է 1.8 խմ/վ` նախագծով նախատեսված 3.0 խմ/վ-ի փոխարեն:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը կայանային հանգույց տարածքում բացակայում է:
  •  Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Կայանում ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • Կայանային հանգույցի տարածքում կանաչապատման և բարեկարգման միջոցառումներ չեն արվել:
  • Դիտարկման պահին ջրընդունիչ հանգույցում` տղմազտարանի սկզբնամասում և վերջնամասում, հակասանիտարական վիճակ էր` կուտակված  էր աղբ: Ըստ ՓՀԷԿ-ի աշխատակցի՝ այդ աղբը կուտակվել է ջրաբերուկներից:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման լուծումները  բացակայում է:
  • ՓՀԷԿ-ի ենթակառուցվածքները մոտ են «Արջատխլենու» արգելավայրին:

Եզրակացություն

Ջրասակավ ժամանակաշրջանում ՓՀԷԿ-ը փաստացի ջրազրկում է գետը։ Այսպիսի ջրային ռեժիմ ունեցող գետերի վրա կառուցված բոլոր ՓՀԷԿ-երը պետք է շահագործվեն միայն ջրառատ սեզոնին։ Կայանում տեղադրված ագրեգատները չեն կարող ապահովել ջրային պաշարի օպտիմալ օգտագործումը:

Առաջարկություններ

  • Ամբողջովին վերակառուցել ՓՀԷԿ-ը, նոր թույլ տալ աշխատել։
  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Վերակառուցել ձկնանցարանը։
  • Կարելի է նաև հեռացնել գետի հունը փակող պատվարը։
  • ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն նախագծային հզորություն
  • Վերանայել ջրատնտեսական հաշվարկը, քանի որ ՓՀԷԿ-ը չի ապահովում իր նախագծային ցուցանիշները:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված ձևով՝ անջրթափանց հորի, կամ «mini» մաքրման կայանի միջոցով: 
  • Կազմակերպված ձևով հեռացնել ջրընդունիչում կուտակված աղբը:
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



11:28 Ապրիլ 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news