«Գնդասար» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Գնդասար»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Գնդասար» ՓՀԷԿ: ՓՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում: Այն կառուցված է  Հրազդան գետի Ակունք վտակի վրա (երկարությունը 13կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Գնդասար ՓՀԷԿ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2014թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ ընկերության, 110-120մ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի, 107մ է, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի,  103.6մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ըստ  ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  925 կՎտ է: ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 01.01.2016թ-ի ցուցանիշների, 4.4192մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 03.12.2014- 03.12.2029թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 14.02.2013-14.02.2016թթ..:
  • Բետոնե պատվարի երկարությունը 17 մ է, բարձրությունը՝ 2,7 մ, որի արդյունքում առաջացել է արհեստական լճակ։
  • Պատվարի աջ մասում  կառուցված է 0,75-1,2 մ լայնությամբ և 9 մ երկարությամբ աստիճանաձև ձկնանցարան՝ 9 աստիճանով։ Աստիճանների բարձրությունը հասնում է մինչև 30 սմ, ինչը կարող է դժվարություն ստեղծել  ձկների տեղաշարժի և գետի վերին հոսանք բարձրանալու համար: Դիտարկման պահին ձկնանցարանի մուտքը զոդված էր մետաղյա թիթեղով, որը հնարավոր չէր շարժել, և ջուր ընդհանրապես չէր անցնում։ Հայտնի չէ, թե ինչպես է բաց թողնվում և կարգավորորվում գետի բնապահպանական թողքը: Կառուցված ձկնանցարանը ֆունկցիոնալ նշանակություն չունի:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարի մուտքամասում տեղադրաված է աղբորսիչ, որի ճեղքերի լայնությունը կազմում է 3 սմ:
  •  Հրազդան գետի տվյալ հոսանքում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ,  արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ, Սևանի կողակ (գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում), անգորական և Կուրի բեղաձկներ, արծաթափայլ կարաս, ամուրյան նրբաձկնիկ, ծիածանախայտ, որոնք կարող են ներթափանցել նաև Հրազդանի մեջ թափվող վտակների մեջ:
  • Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 2186մ է, տրամագիծը՝ 1000մմ: Խողովակաշարը թաղված է հողի տա:
  • Ակունք գետի վրա կառուցված  ՓՀԷԿ-ի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ 16.81% է:
  • «Գնդասար» ՓՀԷԿ-ի շահագործման ՋԹ-ում որեւէ տվյալ ներկայացված չէ ոչ ջրառի, ոչ բնապահպանական թողքի մասին: Կառուցման ՋԹ-ով նախատեսված է եղել 0.05խմ/վ բնապահպանական թողք:
  • Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարումն ու հաշվառումն ապահովված չէ:
  • Դիտարկման պահին գետում շատ քիչ չափաքանակով  բնապահպանական թողքն ապահովվում էր միայն տղմազտարանից ավելցուկային ելքերով: Աշխատակցի համոզմամբ, ՓՀԷԿ-ի աշխատանքը ոռոգման սեզոնին /հունիս-օգոստոս/ դադարեցվում է, սակայն պետք է փաստել, որ նախագծում ջրատնտեսական հաշվարկներով ՓՀԷԿ-ն աշխատում է ամբողջ տարին: Աշխատակցի պնդմամբ, ՓՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է նաև գետի վարար ժամանակահատվածում  /մոտ 2.5-3 ամիս/ գետի ջրաբերուկների՝ բնակավայրերի կենցաղային թափոնների պատճառով:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է չինական արտադրության 2 հիդրոագրեգատ, որոնք  կարող են աշխատել 0.5-0.8խմ/վրկ ջրաքանակով և ապահովել 500 կՎտ դրվածքային հզորություն` նախագծային  925 կՎտ-ի փոխարեն: Դիտարկման պահին աշխատում էր մեկը և ապահովում  էր   140 կՎտ  հզորություն:
  • ՓՀէԿ-ի շենքում առկա է չափիչ սարքավորում, որը ցույց է տալիս ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրի մակարդակը: Այդ սարքի միջոցով ՓՀԷԿ-ի շենքից ավտոմատ ռեժիմով կարգավորվում է ՓՀԷԿ-ի ջրառը:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված տրանսֆորմատորը  կահավորված չէ յուղահավաք համակարգով:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Գնդասար»  ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 5 ամիս` օգոստոսից մինչեւ դեկտեմբեր՝ արտադրելով 345975 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Կայանային հանգույցի տարածքը քարե պարիսպով պարսպապատված է, ծառերով կանաչապատված և բարեկարգված է:

 Եզրակացություն

Այս ՓՀԷԿ-ը պետք է դադարեցնի աշխատանքը ջրասակավ ժամանակաշրջանում։

 Առաջարկություններ

  •  Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Վերանայել ՋԹ-ն՝ սահմանելով այնպիսի բնապահպանական թողք, որը կապահովի գետի էկոհամակարգի եւ կենսաբազմազանության բնականոն վիճակը, վերանայել ջրատնտեսական հաշվարկները, հաշվի առնել նաև ոռոգումը:
  • Ստուգել ջրաբանական տվյալների հավաստիությունը։
  • Վերակառուցել ձկնանցարանը՝ ապահովելու ձկների բնականոն տեղաշարժը։ Մինչ այդ պետք է հեռացնել ձկնանցարանի մուտքը փակող կոնստրուկցիան։
  • Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
  • Տրանսֆորմատորը կահավորել յուղահավաք համակարգով:
  • Խողովակաշարի մուտքամասը  կահավորել մանրաբջիջ ցանցով:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Լուսանկարները՝  Լեւոն Գալստյանի

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



13:50 Ապրիլ 25, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news