«Գնդեվանք» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Գնդեվանք»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Գնդեվանք» փոքր ՀԷԿ: «Գնդեվանք»    փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Անկան գետի վրա (երկարությունը 13կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Բի Էս Բի» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Գնդեվանք» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2015թ-ին:
  • Ըստ նախագծի և ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի, ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 146մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ըստ  ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1.42մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  1500 կՎտ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 4.405 մլն.կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 22.12.2013-22.12.2015-22.12.2030թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 02.12.2011-02.04.2012թթ..:
  • Կայանի շենքի կոորդինատները ՋԹ-ում նշված կոորդինատներից 200 մետր շեղված է: ՓՀԷԿ-ի շենքն անմիջապես սահմանակից է Կեչուտի ջրամբարին: Տուրբինի կողմից օգտագործված ջուրն անմիջապես հեռացվում է ջրամբար:
  • Բետոնե պատվարի երկարությունը 15 մ է, բարձրությունը՝ 4,5 մ:
  • Պատվարի ձախ մասում կառուցված է աստիճանաձև ձկնանցարան՝ 7 աստիճանով։ Աստիճանների բարձրությունը հասնում է մինչև 80 սմ, որը գրեթե անհնար է դարձնում ձկների բնականոն տեղաշարժը:
  • Տղմազտարանը կահավորված է աղբապահ ճաղավանդակով, իսկ խողովակաշարի մուտքամասում առկա է մանրաբջիջ ցանց:
  • Այստեղ հանդիպում են՝ կողակը, արևելյան տառեխիկը, կլիմայավարժեցվել է սիգը: Կեչուտից վերև հանդիպում է կարմրախայտը: Արփայից կարող են բարձրանալ կովկասյան թեփուղը, Կուրի լերկաձուկը: Հնարավոր է նաև արծաթափայլ կարասի առկայությունը Կեչուտում, ինչպես նաև գետում պարբերաբար հանդիպում է ծիածանախայտը:
  • Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 1760մ է, տրամագիծը՝ 830մմ:
  • Անկան գետի վրա կառուցված  ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 13,53%:
  •  Ըստ կառուցման ջրօգտագործման թույլտվության` «Գնդեվանք» ՓՀԷԿ-ը կարող է ջրառ իրականացնել բոլոր ամիսներին՝ ապահովելով 0.05խմ/վ բնապահպանական թողք: ՀՀ բնապահպանական փորձաքննության եզրակացության պահանջն է եղել նախագծով նախատեսված 50լ/վ ջրաքանակը դարձնել 100լ/վ և ամրագրել ջրօգտագործման թույլտության մեջ:
  • Մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ  ՓՀԷԿ-ի ջրհավաք ավազան  լցվում են երկու    գետերի ջրեր, ինչը արտացոլված չէ ջրատնտեսական հաշվարկներում:
  • ՓՀԷԿ-ի կայանում տեղադրված է չինական արտադրության 1 հիդրոագրեգատ, որը կարող է աշխատել 0.4-0.6խմ/վրկ ջրաքանակով և ապահովել 1344 կՎտ դրվածքային հզորություն:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված տրանսֆորմատորը կահավորված է յուղահավաք համակարգով:
  •  Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • ՓՀԷԿ-ը նոր է հանձնվել շահագործման, տարածքը դեռ բարեկարգված չէ:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար կառուցվել է բետոնյա անջրթափանց հոր:
  • ՓՀԷԿ-ի կառուցվածքները սահմանակից են «Ջերմուկի» և «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերին: 

Եզրակացություն 

  • Ինչպես և մնացած փոքր գետերի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի դեպքում, այս ՓՀԷԿ-ը նույնպես պետք է դադարեցնի աշխատանքը ջրասակավ ժամանակաշրջանում:

Առաջարկություններ

  1. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  2. 2.    Վերակառուցել ջրընդունիչ հանգույցը՝ կառուցելով ձկնանցարան,  որով հնարավոր լինի անարգել ապահովել ձկների տեղաշարժը և գետ բաց թողնվող բնապահպանական թողքը: Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։ 
  3. Կատարել համեմատական վերլուծություն ջրառի իրական կոորդինատական կետերի և ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված կետերի միջև, քանի որ մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ  ջրհավաք ավազան են լցվում երկու    գետեր: Անհրաժեշտության դեպքում ստանալ նոր ՋԹ և վերանայել ջրատնտեսական հաշվարկները:
  4. Հաշվի առնելով, որ ՓՀԷԿ-ի կառուցվածքները սահմանակից են տարածաշրջանում գոյություն ունեցող «Ջերմուկի» և «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերին, անհրաժեշտ է վերանայել 50լ/վրկ սահմանված բնապահպանական թողքի չափաքանակը` ավելացնելով այն և հաշվի առնել ջրատնտեսական հաշվարկներում` /ինչը ամրագրված է նաև փորձաքննական պահանջներում/:
  5. ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատով, որը կունենա ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, կաշխատի քիչ ջրաքանակով և կապահովի նախագծային հզորությունը:
  6. Քանի որ ՓՀԷԿ-ի շենքը գտնվում է Կեչուտի ջրամբարի հարևանությամբ,  կեղտաջրերի հեռացումն իրականացնել «mini» կենսաբանական մաքրման կայանի միջոցով:
  7. Բարեկարգել կայանի տարածքը:
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



15:53 Մայիս 11, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news