ԷկոԼուր
«Չքնաղ» փոքր ՀԷԿ-ի կառուցման հայտը ստացավ դրական բնապահպանական եզրակացություն: Համեմատելով ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական www.mnp.am կայքում տեղադրված եզրակացությունը և հայտը` նշենք, որ փորձաքննության դրական եզրակացությունը բացառում է ծառահատումները: «ՓՀԷԿ-ի ենթակառուցվածքների տարածքները զուրկ են բուսականությունից: Նախատեսվող գործունեությունն իրականացվելու է առանց ծառհատումների»,- նշված է եզրակացության մեջ: Մինչդեռ հայտում նշվում է. «Գլխամասային հանգույցի, դերիվացիոն խողովակաշարի և կայանային հանգույցի տեղամասերում հատվելու է 38 հատ ծառ, միջինը 8-32սմ տրամագծով»: Երկու փաստաթղթում ՓՀԷԿ-ի կառուցման տարածքը նույնն է, և ՓՀԷԿ-ի ենթակառուցվածքների կոորդինատները փոփոխված չեն. «Տաշտուն գետի ստորին հոսանքներ` օգտագործելով 1660.0 - 1439.0 նիշերի միջև ընկած 221մ անկումը»: Չեն փոխվել նաև խողովակաշարերի չափորոշիչները` 3425մ երկարություն, 1220մմ տրամագիծ:
ՓՀԷԿ-ը կառուցվելու է «Արևիք» ազգային պարկի հարակից տարածքում: Հայտում այս կապակցությամբ նշվում է. «Նախագծվող «Չքնաղ» ՓՀԷԿ-ի կառուցվածքների զբաղեցնող տարածքները չեն ընդգրկվում «Արևիկ» ազգային պարկի մեջ, սակայն շինարարական աշխատանքների ընթացքում հաշվի է առնվել այն, որ «Չքնաղ» ՓՀԷԿ-ը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում, որի պահպանման գոտում գործում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով սահմանված ռեժիմը...
....Ընդհանուր առմամբ ՀԷԿ-ի կառուցման և շահագործման ընթացքում ամենամեծ ազդեցությունները լինում են ջրային ռեսուրսների և գետային էկոհամակարգերի վրա: Այդ ազդեցություններն արտահայտվում են.
• ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում (պատվարի գետահատվածից մինչև ՀԷԿ-ի շենքի գետահատվածը) ջրի ելքերի նվազմամբ և դրա պատճառով հիդրավլիկական, ջերմային, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտմամբ;
• գետի ողողահունի խոնավացման ռեժիմի վատացմամբ և հետագա անապատացման վտանգի առաջացմամբ;
տեղական ձկների բնական սնման, ձվադրման և բազմացման պայմանների փոփոխմամբ»:
Նշենք, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասինե ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով ազգային պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում արգելվում է.
• ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
• բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտում.
• անտառահատումներ,
• ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Մայիս 06, 2017 at 15:14