Մեղրի գետի ավազանը ծանրաբեռնվում է ՓՀԷԿ-երով

Մեղրի գետի ավազանը ծանրաբեռնվում է ՓՀԷԿ-երով

ԷկոԼուր

Փոքր հիդրոէներգոկասկադի կառուցման համար ՀՀ կառավարությունը մայիսի 18-ին հարկային արտոնություն տվեց «Գրին Փաուր» ՍՊԸ-ին: 3 տարի ժամկետով հետաձգվեց ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` ընկերությունը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կառուցելու է 3.5 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը: Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 311.4 միլիոն ՀՀ դրամ։
Վերջերս բնապահպանական դրական եզրակացություն ստացավ «Գրին Փաուր» ՍՊԸ-ի 3.31 ՄՎտ հզորությամբ «Չքնաղ» ՓՀԷԿ-ի կառուցման հայտը, համաձայն որի ՓՀԷԿ-ի կառուցումը հակասության մեջ է մտնում «Արևիք» ազգային պարկի պահպանման ռեժիմի հետ:

«Չքնաղ» ՓՀԷԿ-ի կառուցման համար նախատեսվում են ծառահատումներ: Ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում կդիտվի ջրի ելքերի նվազում, և կխախտվեն գետի հիդրավլիկական, ջերմային, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմները: Գետի ողողահունի խոնավացման ռեժիմի վատացման հետևանքով կառաջանա անապատացման վտանգ, կփոխվեն տեղական ձկների բնական սնման, ձվադրման և բազմացման պայմանները:

«Գրին Փաուր» ՍՊԸ-ն Մեղրի գետի վրա արդեն իսկ շահագործում է «Մեղրի-1» ՓՀԷԿ-ը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

14:42 Մայիս 20, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news