Կնոջ դերը էներգետիկայում, առօրեական թեմա Հայաստանի համար

Կնոջ դերը էներգետիկայում, առօրեական թեմա Հայաստանի համար

ԷկոԼուր

Հունիսի 8-ին` «ԷկոԼուր» մամուլի ակումբում, անցկացվեց կլոր սեղան «Կնոջ դերը էներգետիկայում» թեմայով: Քննարկման անկյունաքարը դարձավ «Արդյո՞ք կինը կարող է դեր ունենալ էներգետիկայի կայուն զարգացման գործում, մի ինդուստրիայում, որն ավանդաբար համարվում է տղամարդունը, և ինչպիսի՞ն պետք է լինի այդ դերը»:

Էներգետիկայի խնդիրների հարցում արդյո՞ք գենդերային մոտեցումն առանձնահատկություն ունի, թե` ոչ:

Կանայք ուղղակի շահագրգիռ խումբ են, իսկ որոշ դեպքերում` խոցելի սոցիալական խումբ: Էներգետիկայի ոլորտում կանանց զբաղվածությունը նվազագույն է, հատկապես` կառավարման մեջ: Վատ կառավարման բեռը կանայք զգում են իրենց վրա` մաքուր էներգիայի աղբյուրների սահմանափակ մատչելիության, սոցիալական ցածր մակարդակի, էլեկտրաէներգիայի և գազի բարձր սակագների պատճառով, այն ծրագրերի որոշումների պատճառով, որոնց քննարկումներին նրանք չեն մասնակցում, կամ նրանց կարծիքի հետ հաշվի չեն նստում:

Կին մասնագետների նկատմամբ վերաբերմունքը չի բավարարում քննարկման մասնակիցների մեծ մասին, սակայն ոչ բոլորին, մասնակիցներից մի քանիսն ասացին, որ իրենց, որպես մասնագետների, նկատմամբ վերաբերմունքը բողոք չի առաջացնում:

Քննարկման նախաձեռնողը Նունե Սաքանյանն էր` ԱՄՆ Պետքարտուղարության Professional Fellows Program ծրագրի շրջանավարտ: Նախաձեռնությանն աջակցեցին Հայաստանում ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Քննարկմանը մասնակցեցին էներգետիկայի ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների, պետական և բիզնես կառույցների ներկայացուցիչներ: Ակումբի հյուրը` ԱՄՆ Հավայի նահանգի «Women in Renewable Energy (WiRE)» կազմակերպությունը ներկայացնող Վերոնիկա Ռոչան ներկայացրեց նմանատիպ միջազգային կազմակերպությունների փորձը, հնարավորությունները և նրանց գործունեության առավելությունները, ինչպես նաև մաքուր էներգետիկայի զարգացման խնդիրները և կնոջ դերը էներգետիկայի կայուն զարգացման գործում: WiRE կազմակերպությունն աջակցում է կանանց կրթության, սեմինարների, գիտաժողովների մասնակցման գործում: Գլխավոր նպատակն է Հավայի նահանգի համար ապահովել կայուն և ծաղկուն ապագա:

Ներկայացնելով նմանատիպ կազմակերպությունների միջազգային փորձը, նրանց գործունեության հնարավորություններն ու առավելությունները, ինչպես նաև մաքուր էներգետիկայի զարգացման խնդիրները և կանանց դերը էներգետիկայի կայուն զարգացման մեջ` Նունե Սաքանյանը և կլոր սեղանի մասնակիցները եկան համաձայնության նմանատիպ կազմակերպություն Հայաստանում ստեղծելու անհրաժեշտության մասին: Կազմակերպության գործունեությունն ուղղված կլինի կանանց մոտիվացմանն ու միավորմանն այս ոլորտում, որը հնարավորություն կտա նոր մասնագետներին հարստացնել գիտելիքները էներգետիկայի ոլորտում` սովորելով պրոֆեսիոնալներից, մեկ խոսքով` ստեղծել հարթակ էներգետիկ ինդուստրիայի զարգացման գործում մասնակցելու և փորձի փոխանակման համար:

18:45 Հունիս 12, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news