«Քեյէներջի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Քեյէներջի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Քեյէներջի» փոքր ՀԷԿ: «Քեյէներջի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Դիտավան համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է անդրսահմանային Աղստև գետի վրա, որի երկարությունը 133 կմ է, Հայաստանի տարածքում` 99կմ: «Քեյէներջի» փոքր ՀԷԿ-ը շահագործում է «ՔԱՐԵՎԱՐԴ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Քեյէներջի» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2016թ-ին:
• Փոքր ՀԷԿ-ը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի անցել, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, մինչև 1 Մվտ հզորությամբ ՓՀԷԿ-երը բնապահպանական փորձաքննություն չեն անցնում:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=45011'45'', Y=40059'27'', վերին բիեֆի նիշը, ըստ ջրօգտագործման թույլտվության և ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ, 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանք) տվյալի` H=530 մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` Х=45012'12'', Y=40059'34'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի և ըստ ՀԾԿՀ-ի տվյալի, H=517մ է:
• ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի և ըստ «ՔԱՐԵՎԱՐԴ» ՍՊԸ-ի, 11.8մ մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 10 մ3/վ է, ըստ ընկերության` փաստացի օգտագործվում է 7.0խմ/վ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունն ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի 976 կՎտ է: Ըստ ընկերության` փաստացի հզորությունը 600 կՎտ է: ՓՀԷԿ-ն ագրեգատների և ցածր ճնշման պատճառով չի աշխատում ամբողջ ելքով: Դիտման պահին ապահովվում էր 286կՎտ դրվածքային հզորություն մոտ 3խմ/վրկ հաշվարկային ելքով: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 5.442մլն.կՎտ.ժամ է: Ըստ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների` «Քեյէներջի» ՓՀԷԿ-ը 2016թ-ին, աշխատելով հուլիս-դեկտեմբեր ամիսներին, արտադրել է 779445 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 31.08.2016- 24.12.2032թթ. է, ՓՀԷԿ-ի շահագործման ջրօգտագործման թույլտվությունը մինչև 2032 թ-ն է:
• Գլխամասում առկա է բետոնային ջրթափ պատվար։ Պատվարի համապատասխան թեքությունն ապահովված չէ, որպեսզի անարգելք անցնի բնապահպանական ելքը: Փականը փակվելուց հետո բնապահպանական ելքի քանակը կտրուկ պակասում է:
• Գլխամասում առկա է աստիճանաձև /կասկադային/, բետոնից կառուցված ձկնանցարան` 30.50 մ երկարությամբ, 1.50-1,90 մ լայնությամբ: Առկա է 12 աստիճան, որոնցից յուրաքանչյուրը ձևավորում է փոքրիկ ավազան, որտեղ ջրի սյան մակարդակը 30-ից մինչև 40 սմ է: Դիտարկման պահին ձկնանցարանի ներքևի աստիճանը փակված էր քարերով և գետաբերուկներով, որը խոչընդոտ էր ձկների տեղաշարժի համար: Գետի մակերևույթի և ձկնանցարանի առաջին աստիճանի միջև եղած տարածությունը 50-60 սմ է, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում գետում բնակվող հատկապես մանր ձկնատեսակների տեղաշարժերի համար: Ընդհանուր առմամբ, գլխամասի ձկնանցուղին ավելի լիարժեք կարող է ապահովել գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժը, եթե առաջին աստիճանը հավասար լինի գետի մակարդակին:
• Առկա է աղբորսիչ ցանց՝ 9.10 սմ երկարությամբ, որի ճաղերի միջև եղած հեռավորությունը 3 սմ է: Ճաղերի միջև այդքան ճեղք ունեցող ցանցը չի կարող արգելել մինչև 15 սմ երկարությամբ ձկների հայտնվելը խողովակաշարում:
• Գետի այն հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, 2016-2017թթ. ուսումնասիրությունների հիման վրա գրանցվել են հետևյալ ձկնատեսակները՝
1. Կարմրախայտ Salmo trutta fario, (շատ հազնադեպ կարող է հանդիպել)
2. Արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii
3. Կուրի բեղաձուկ Barbus lacerta
4. Մուրծի Luciobarbus mursa
5. Կողակ Capoets sp.
6. Կուրի լերկաձուկ Oxynomaecheilus brandtii
7. Անդրկովկասյան սպիտակաձուկ Alburnus hohenackeri
8. Կուրի սպիտակաձուկ Alburnus filippii
9. Կովկասյան թեփուղ Squalius orientalis
10. Ոսկեգույն ծական Sabanejewia aurata /Ընդգրկված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/
11. Ծական Cobitis sp.
12. Արծաթափայլ կարաս Carassius gibelio /կլիմայավարժված տեսակ է/
13. Ամուրյան նրբաձկնիկ Psedorasbora parva /կլիմայավարժված տեսակ է/
14. Կարպ |Cyprinus carpio /գետ է ընկնում ֆերմերային փոքր տնտեսությունների լճակներից/
15. Ծիածանախայտ Parasamo mykiss /գետ է ընկնում ֆերմերային փոքր տնտեսությունների լճակներից/:
• ՓՀԷԿ-ի մետաղյա խողովակաշարի երկարությունն, ըստ ՀԾԿՀ-ի, 865մ է, ըստ ընկերության` 800 մ է: Խողովակաշարի տրամագիծը, ըստ ՀԾԿՀ-ի 2600մմ է,, ըստ «ընկերության`2500մմ: Խողովակաշարը թաղված չէ հողի տակ:
• Աղստև գետի վրա կառուցված են` «Աղստև 1» ՓՀԷԿ-ը (դերիվացիոն խողովակաշարի երկարությունը ըստ նախագծի` 5428մ), «Քեյէներջի» ՓՀԷԿ-ը (դերիվացիոն խողովակաշարի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 865մ), «Կոկ» ՓՀԷԿ-ը, (դերիվացիայի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 1150մ): Գետի վրա կառուցված բոլոր ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 7.51 տոկոս:
• ՋԹ-ի համաձայն՝ «Քեյէներջի» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել ջրառ՝ Աղստև գետում ապահովելով 1,19խմ/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին բնապահպանական թողքն ապահովված չէր:
• Դիտարկման պահին բնապահպանական ելքը բաց էր թողնվում պատվարով և ձկնանցարանով: Պատվարով անցնող ելքը կարգավորվում էր փականների միջոցով: 2 ագրեգատներից աշխատում էր մեկը: 2-րդ ագրեգատի դեպքում կասկածի տակ է դրվում բնապահպանական ելքի ապահովումը:
• Բնապահպանական թողքի հաշվարկման համար ջրաչափը բացակայում է:
• Գեներատորը սինքրոն է:
• ՓՀԷԿ-ի սարքավորումներն ապահովում են կիսավտոմատ կառավարում:
• Ջրի մակարդակի ավտոմատ կառավարում ապահովված չէ:
• Տրանսֆորմատորային ենթակայանը բացակայում է, միացումն արված է անմիջապես ցանցին:
• «Քեյէներջի» ՓՀԷԿ-ի պատվարի մոտակա տարածքը մասամբ կանաչապատված է: Անտառահատումներ չկան:
• ՓՀԷԿ-ի ջրընդունիչի ելքամասում կուտակված էր աղբ: Կեղտաջրերը հեռացվում էին գետ:
• Տեսչական ստուգումներ ՓՀԷԿ-ում չեն անցկացվել:
• Ըստ «ՔԱՐԵՎԱՐԴ» ՍՊԸ-ի` ոռոգման ջրի խնդիր ՓՀԷԿ-ը չի առաջացնում:

Առաջարկություններ

• Աղստև գետի օգտագործվող հատվածում բոլոր տեսակ ձկների /մասնավորապես մանր ձկների/ բնականոն տեղաշարժի և բնապահպանական ելքի չափաքանակի հաստատուն ապահովման համար անհրաժեշտ է վերակառուցել ձկնանցարանը`ապահովելով համապատասխան թեքություն և գետի մակարդակում ձկնանցարանի սկզբնամասւմ կառուցել ևս մեկ աստիճան:
• Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման, առցանց վերահսկման համակարգերով և բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժնի կողմից կնքված ջրաչափիչ սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:
• Ավելի բարձր արդյունավետություն և նախագծային հզորություն ապահովելու համար առաջարկվում է տեխնիկապես վերազինել ՓՀԷԿ-ի ագրեգատները:
• Պարբերաբար իրականացնել ջրընդունիչ հանգուցում ջրաբերուկներից կուտակված աղբի հավաքում և կուտակում` ջրածածկ տարածքներից դուրս տարածքներում և սահմանված կարգով հեռացնել աղբավայր:
• Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ անջրթափանց հորի, կամ «mini» մաքրման կայանի միջոցով:
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրվածքային հզորության ցուցանիշով պայմանավորված «Քեյէներջի» ՓՀԷԿ-ը ենթակա չէ փորձաքննության, իսկ «Քեյէներջի» ՓՀԷԿ-ի կառուցումը և շահագործումը շրջակա միջավայրի վրա ունի զգալի ազդեցություն` ՓՀԷԿ-ի համար Աղստև գետի ամբողջ լայնությամբ կառուցված հսկայական չափերի ջրընդունիչ հանգույցը բոլոր կառուցվածքներով, գետից վերցվող 10.0 խմ/վրկ ջրաքանակ: Առաջարկվում է վերը նշված Օրենքի դրույթներում սահմանել կետ, որով գետերի վրա կառուցվող բոլոր ՀԷԿ-երը` 0 Մվտ դրվածքային հզորությունից սկսած, ենթակա լինեն փորձաքննության:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

 



13:37 Օգոստոս 02, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news