«Կաճաճկուտ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Կաճաճկուտ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Կաճաճկուտ» փոքր ՀԷԿ: «Կաճաճկուտ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Կաճաճկուտ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Դեբեդ գետի Կաճաճկուտ վտակի վրա, որի երկարությունը 11 կմ է: «Կաճաճկուտ» ՓՀԷԿ-ը շահագործում է «ՎԱՆ ԱԼ ԷՆ Կ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

- «Կաճաճկուտ» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2014 թ-ին:
- Ըստ կառուցման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=44033'53,7'', Y=4106'28,7, վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և նախագծի H=1586մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` X=44035'59,2, Y=4105'51,0, ներքին բիեֆի նիշը` ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և նախագծի` H=1178մ:

- Նախագծով նախատեսված է 9.5 մ երկարությամբ աստիճանաձև ձկնանցարան: Իրականում գլխամասում առկա է աստիճանաձև, երկաթբետոնե կոնստրուկցիայով կառուցված ձկնանցարան` 13.5 մ ընդհանուր երկարությամբ, 51 սմ լայնությամբ, 50 սմ ընդհանուր բարձրությամբ: Առկա է 13 աստիճան: Ջրի սյան բարձրությունն այդ հատվածներում կազմում էր 2-10 սմ: Ձկնանցարանի առաջին աստիճանը հավասար էր գետի մակերևույթին: Ձկնանցարանի կառուցվածքը և չափերը նպաստավոր են ձկների բարեհաջող տեղաշարժի համար: Ձկնանցուղին կառուցված է բոլորովին վերջերս և ապագայում, ջրի հոսքի վարարումների ժամանակ, կարող է կորցնել իր աստիճանաձև կառուցվածքը: Ձկնանցարանում ապահովված էր համապատասխան թեքությունը բնապահպանական ելքի ապահովման համար:

- Առկա է աղբորսիչ ցանց, որի երկարությունը կազմում է 307 սմ, իսկ լայնությունը՝ 250 սմ: Աղբորսիչի ճաղերի միջև հեռավորությունը 3-5 սմ է: Ճաղերի միջև այդքան ճեղք ունեցող ցանցը չի կարող արգելել մինչև 20 սմ երկարությամբ ձկների հայտնվելը ցանցի մյուս կողմում: Դիտարկման պահին աղբորսիչը դեռևս լիարժեք ամրացված չէր իր տեղում: Մեկ այլ աղբորսիչ՝ 65x50 սմ չափերով և 8-10 սմ ճաղերի հեռավորությամբ, գտնվում էր ջրառի խողովակի անմիջապես վրա և որևէ ձկնապաշտպան գործառույթ չէր կարող իրականացնել:

- Կաճաճկուտ գետի այն հատվածը, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ը, կարող է բարձրանալ կարմրախայտը, շատ հազվադեպ՝ Կուրի բեղաձուկը և արևելյան տառեխիկը: Այս ձկնատեսակները ՀՀ Կարմիր գրքում գրանցված չէ: Դիտարկումների անցկացման ընթացքում վերոգրյալ ձկնատեսակներից որևէ մեկը չի հայտնաբերվել:

- Ըստ նախագծի` նախատեսված է բիոզուգարանի տեղադրում, ինչը չի արվել:

- ՀՀ բնապահպանական տեսչության կողմից 2015թ․ մարտին ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 200.0 հազար դրամ վարչական տուգանք ՋԹ-ի պայմանների խախտման համար:

- ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 408մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի, 352 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 0.15 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 419 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 1.164528 մլն.կՎտ.ժամ է:

- Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 2.3 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 21.12.2013-21.06.2029 թթ. է: ՓՀԷԿ-ը հայտ է ներկայացրել շահագործման ՋԹ ստանալու համար:

- Նախագծով նախատեսվել է կառուցել 2.0 մ բարձրությամբ, 6.2 մ լայնությամբ ջրթափային պատվար: Կառուցվել է մոտ 2մ բարձրությամբ պատվար, ջրահավաք ավազան, ջրընդունիչի տարածք, ցանկապատված է:

- ՓՀԷԿ-ի մետաղյա խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի, 2710 մ է, տրամագիծը՝ 0.3 մ:

- Կաճաճկուտ գետի վրա կառուցված «Կաճաճկուտ» ՓՀԷԿ-ի դերիվացիայի (2710մ) երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ (11կմ) կազմում է 24.63 տոկոս:

- Կառուցման ՋԹ-ի համաձայն՝ «Կաճաճկուտ» ՓՀԷԿ-ը կարող է ջրառ իրականացնել տարվա 12 ամիսների ընթացքում` Կաճաճկուտ գետում ապահովելով 0.01խմ/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին բնապահպանական թողքն ապահովված էր:

- Բնապահպանական թողքի հաշվարկման համար ջրաչափը բացակայում է:

- Ըստ նախագծի՝ նախատեսված է Ա-425-ՀՄ մակնիշի 2 ագրեգատ: Իրականում տեղադրված է «Խորդա» մակնիշի 1 ագրեգատ: Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում ջուր չլինելու պատճառով: Մոտ 1 ամիս ՓՀԷԿ-ը չի աշխատել: Սակայն ագրեգատով ջուր էր հոսում: Գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:

- Տրանսֆորմատորայինենթակայանում տեղադրված է 1 տրանսֆորմատոր:

- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Կաճաճկուտ» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 10 ամիս՝ արտադրելով 1156446 կՎտ էլեկտրաէներգիա:

- ՓՀԷԿ-ի շրջակա տարածքը ծառապատ և կանաչապատ էր, ՓՀԷԿ-ի շենքի տարածքը` ոչ:
ՓՀԷԿ-ն անցել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, որի պահանջները չեն կատարվել:

Առաջարկություններ

1. Ջրընդունիչ հանգույցը վերակառուցել և ելքերը կարգավորել այնպես, որ ՓՀԷԿ-իչ աշխատելու դեպքում ջուրն ամբողջովին ուղղվի գետ, ոչ թե անցնի խողովակաշար:

2. Ջրընդունիչ հանգույցն ապահովել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մարմնի կողմից կնքված ավտոմատ կառավարման, առցանց վերահսկման համակարգերով և ջրաչափիչ սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:

3. Քիչ ջրաքանակով աշխատելու և ավելի բարձր տնտեսական արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է տեխնիկապես վերազինել ՓՀԷԿ-ի ագրեգատները:

4. Խողովակաշարի մուտքամասն ապահովել մանր ճաղավանդակներ ունեցող ցանցով՝ մանր ձկների մուտքը խողովակաշար արգելելու նպատակով:

5. Իրականացնել բավարար կանաչապատման աշխատանքներ:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:04 Սեպտեմբեր 22, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news