Վրաստանի և Հայաստանի մեծ ու փոքր ՀԷԿ-երը

Վրաստանի և Հայաստանի մեծ ու փոքր ՀԷԿ-երը

ԷկոԼուր

Ինչպես Հայաստանում, այդպես էլ հարևան Վրաստանում ՀԷԿ-երի կառուցման իսկական բում է: Մի տարբերությամբ` Վրաստանի լեռնային գետերի վրա կառուցվում են խոշոր չափերի ՀԷԿ-եր, Հայաստանի գետերի և նրանց վտակների վրա` փոքր ՀԷԿ-եր:

Վրացական «Կանաչ այլընտրանք» (Green Alternative) ՀԿ-ն ուսումնասիրել է ՀԷԿ-երի սոցիալական և էկոլոգիական ազդեցությունը և դրանց դերը երկրի էներգետիկ համակարգում: Կազմակերպության ուսումնասիրությունն արտացոլված է «Շողացող գետերը» ֆիլմում, որը ներկայացված է «Արևորդի» կինոփառատոնին:

Ֆիլմի ցուցադրումը տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին`«Հոդված 3» ակումբում: Ֆիլմում բնապահպան-ակտիվիստ Դաթո Չիպաշվիլին շրջում է գետերով և համայնքներով, որոնք գտնվում են ՀԷԿ-երի ազդեցության գոտում և ներկայացնում է դրանց պատճառած կամ պոտենցիալ վնասները:
Վրաստանում կառուցված միջին և խոշոր ՀԷԿ-երն ապահովում են Վրաստանի էլեկտրաէներգիայի 80 տոկոսը: Վրաստանի ամենամեծ ՀԷԿ-ը Ինգուրի գետի վրա կառուցված «Ինգուրի» ՀԷԿ-ն է` 1300 ՄՎտ հզորությամբ: «Ինգուրի»-ն Վրաստանի միակ պետական ՀԷԿ-ն է, շահագործվում է դեռ խորհրդային տարիներից, ներկայումս ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան օգտագործում են Վրաստանը /60 տոկոս/ և Աբխազիան /40 տոկոս/:

Վրաստանը պլանավորում է կառուցել ևս 30 խոշոր ՀԷԿ` ապահովելու համար իր էներգետիկ անկախությունը: Վրաստանի բնապահպաններն առաջարկում են գտնել այլընտրանքային տարբերակներ. ՀԷԿ-երը ոչնչացնում են բնությունը և զրկում մարդկանց իրենց բնակավայրերից: Օրինակ, Սվանեթիի տարածաշրջանում կառուցվելիք ՀԷԿ-ի պատճառով 2000 մարդ պետք է տեղահանվի: Գյուղերն մնալու են ՀԷԿ-ի ջրամբարի տակ: Ինչպես տեղացիներն էին պատմում ֆիլմում, իրենք պատրաստ չեն լքել իրենց տունը, ասում են` կկռվեն մինչև վերջ: Դաթո Չիպաշվիլին նաև նշում է դեպքեր, երբ ՀԷԿ-երը դարձել են աղետների և մարդկային կորուստների պատճառ:
Ֆիլմի ցուցադրումից հետո «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր, ձկնաբան Սամվել Պիպոյանը ներկայացրեցին հայաստանյան փոքր ՀԷԿ-երի ներկայիս իրավիճակը և ազդեցությունը:

Ինգա Զարաֆյանը նշեց, որ ինչպես Վրաստանում, այդպես էլ Հայաստանում ՀԷԿ-երի բնագավառում առկա է սոցիալական անպատասխանատվություն թե բիզնեսի, թե պաշտոնյաների կողմից:
«ԷկոԼուր»-ՀԿ-ն 2014 թ-ից իրականացնում է փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգի ծրագիր և ուսումնասիրել է մոտ 120 ՓՀԷԿ: «Հիմա մեզ մոտ արդեն նոր փոքր ՀԷԿ-երի համար էլ գետ չկա: Եթե ջուրը չի բավարարում, ՀԷԿ-ի սեփականատերը գնում է մինչև մայրական ակունքներ, միանգամից երկրորդ հանգույցն է կառուցում և վերցնում այդ ջուրը խողովակի մեջ», - ասաց Ինգա Զարաֆյանը: Նա նշեց, որ այս տարի մոնիտորինգի շրջանակներում հանդիպել են այնպիսի փոքր ՀԷԿ-եր, որոնք չեն անցել բնապահպանական փորձաքննություն. նախագծերով ունեն 1 ՄՎտ-ից ցածր հզորություն և ենթակա չեն փորձաքննության: «Նախագիծ չի ներկայացնում, փորձաքննություն չի իրականացվում, բայց տեսնում ես գետի վրա մեծ պատվար, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը շատ ցածր է: Այդ ի՞նչ ներդրում պետք է անի այդ ՀԷԿ-ը մեր էներգետիկ համակարգում», - ասաց Ինգա Զարաֆյանը:
Ձկնաբան Սամվել Պիպոյանը ներկայացրեց փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի ձկնային կենսաբազմազանության վրա: Սամվել Պիպոյանը նշեց, որ ձկնանցարանները չեն ապահովում ձկների միգրացիան ներքին հոսանքներից դեպի վերին հոսանքներ, որտեղ ձկները պետք է բարձրանան բազմացման համար: Ձկների միգրացիայի խոչընդոտներից են նաև ՀԷԿ-ի պատվարի վերևում գոյացող լճակները:

«Ձկնային բազմազանությունը լրիվ ընկել է: Այն տարածքը, որտեղ գետը խողովակի մեջ է, չորացած է ամբողջությամբ, հազիվ ջրի հետքեր են երևում: Ձուկը կամ ջրային բույսերն ու օրգանիզմները ինչպե՞ս կարող են ապրել այդտեղ: Նրանք էլ են վերանում: Եթե այսօր ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարվեն, Կարմիր գիրքը շատ ավելի հաստափոր կլինի», - ասաց Սամվել Պիպոյանը և բերեց կոնկրետ գետերի օրինակներ:

«Մարց գետը եղել է շատ ձկնառատ և հանդիսացել է կարմրախայտային գետ: Այստեղ 1 կմ-ի վրա 15-20 կգ ձուկ է եղել: Այսօր նմանատիպ պաշարներ չկան:

Եղեգիս գետի և վրա վտակների վրա կառուցված է 17 փոքր ՀԷԿ: Ընդամենը 47 կմ երկարություն ունեցող գետի վրա ամեն 3 կմ-ից հետո նոր ՀԷԿ է կառուցված, և, փաստորեն, գետի մոտ 50 տոկոսը հոսում է խողովակով:

Ամենաշատը, որ ինձ ապշեցրել է, «Ձորահէկ»-ն է`կառուցված Ձորագետի վրա, որը սկսել է գործել 1931 թ-ից: Գետի ջուրն ամբողջությամբ լցվում է ՀԷԿ-ի թունել, ոչ մի կաթիլ գետի հունի մեջ չկա, այսպես եղել է 65-70 տարի, և, փաստորեն, վերին և ներքին հոսանքների ձկների շփում վերջին 70 տարվա մեջ չի եղել:

Որոտան գետի միջին հոսանքում 1940-50 թթ-ին 1 կմ-ի վրա բռնվել է 167 կգ ձուկ: Գիտնականները հաշվարկել էին, որ Որոտանը շատ ավելի ձկնառատ է եղել, քան Սևանա լիճը: Այն ջրամբարները և ՀԷԿ-երը, որոնք կառուցված են այդ գետի վրա, ամբողջովին վերափոխել են գետի ձկնաշխարհը` չհաշված մնացած էկոլոգիական հարցերը»:

Սամվել Պիպոյանը նշեց, որ չկա գնահատում` ինչ վնաս են հասցնում ՀԷԿ-երը գետային կենսաբազմազանությանը: «Ես շատ նախնական կարող եմ ասել, որ այն գետերը, որոնք կարևոր նշանակություն ունեն ձկների բազմացման իմաստով, մաքսիմում 15-20 տոկոս պետք է վերցվեն խողովակի մեջ, իսկ գետի մնացած հատվածը պետք է ազատ հոսի, այլապես մենք կկորցնենք իրեն որպես կենդանի էակ», - շեշտեց ձկնաբանը:



18:50 Հոկտեմբեր 18, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news