Արդյո՞ք Արևիսը կպահպանի իր գոյությունը (Լուսանկարներ)

Արդյո՞ք Արևիսը կպահպանի իր գոյությունը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Արևիս համայնքը կամաց-կամաց քանդվում է: Նոր շինություններ համայնքում չկան: Միակ նոր կառույցը «Արևիս-1» ՓՀԷԿ-ի կայանն է, որը Արևիսում գործող եզակի բիզնեսն է, ընդորում այն չի պատկանում համայնքին, ոչ էլ դրա բնակիչներից որևէ մեկին: Էլեկտրակայանում աշխատում է 7 հոգի Սիսիանից և Արևիսից:

Ժամանակին Արևիսը համարվել է գրչության կենտրոն, իսկ այժմ Արևիսի դպրոցը տեղակայված է կիսաքանդ շինությունում, որտեղ քիչ թե շատ բարվոք է դասասենյակների հատվածը: Այնտեղ սովորում է 5 աշակերտ:

Այսօր համայնքն անգամ մշակույթի տուն չունի:

80 բնակիչ ունեցող համայնքը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ, բայց տարեցտարի ցանքատարածությունները կրճատվում են: Համայնքի զարգացման ծրագրում նշված է, որ զարգացման խոչընդոտներից է` ֆինանսական միջոցների բացակայությունը: Համայնքի բյուջեն կազմում է 4 միլիոն 715 հազար դրամ: Պետության կողմից տրամադրված դոտացիան, ըստ նախկին գյուղապետ Սասուն Սահակյանի, կազմում է 3.5 միլիոն դրամ: Համայնքի սուր խնդիրներն են` սեփականաշնորհված հողերի հեռավորությունը, աշխատատեղերի բացակայությունը, խաղահրապարակների և համապատասխան միջոցների բացակայությունը, բնակչության ցածր սոցիալական կենսամակարդակը, ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը, հասարակական տրանսպորտի բացակայությունը, իրացման շուկայի բացակայությունը և գյուղմթերքի սպառման ցածր գները: Այս պատճառներով համայնքում չի իրականացվում ոչ մի ծրագիր: Այս պահին համայնքը մտահոգված է ջռուցման հարցով: «Շատ անգամ ենք դիմել գյուղի գազաֆիկացման հարցով, սակայն այդ խնդիրն այդպես էլ բաց է մնացել, իսկ արևիսցիներին ջեռուցման համար տրամադրվող թափուկը չի բավականացնում ցրտաշունչ ձմռանը դիմակայելու համար»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արևիսի նախկին համայնքապետ Սասուն Սահակյանը:

Խոշորացման ծրագրով Արևիս համայնքը 30 այլ համայնքների հետ միացել է Սիսիան քաղաքին: Այդ բոլոր համայնքներն ունեն տարբեր մեկնարկային պայմաններ: Հաշվի առնելով Արևիս համայնքում ենթակառուցվածների, ֆինանսական, սոցիալական, տնտեսական պայմանների բացակայությունը` հարց է առաջանում` արդյոք այդ սահմանամերձ համայնքը կարող է պահպանել իր մարդկային ռեսուրսները և ներգրավվել ընդհանուր զարգացման ծրագրում:





Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

18:09 Նոյեմբեր 16, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news