«Խաչաղբյուր ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Խաչաղբյուր ՀԷԿ-1»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Խաչաղբյուր ՀԷԿ-1»   փոքր ՀԷԿ: «Խաչաղբյուր ՀԷԿ-1»  փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Գետահովիտ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Պաղջուր գետի վրա (երկարությունը 31 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ՔԱՐԵՎԱՐԴ»  ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  •  «Խաչաղբյուր ՀԷԿ-1»  ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2009թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 119մ է, ըստ ընկերության՝ 122մ, հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի  1-ի տեղեկանքի, 107.7մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1640 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 5.178346մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 7.253 մլն. կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 30.09.2009-30.09.2024թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 20.06.2014- 20.06.2017թթ.:
  • ՋԹ-ում նշված ՓՀԷԿ-ի կոորդինատները համապատասխանում են իրական կոորդինատներին:
  • «Խաչաղբյուր ՀԷԿ-1»  ՓՀԷԿ-ը ջրառ է կատարում «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի ջրահեռացման կետից մոտ 400 մ ներքև ընկած հատվածում:
  • «Խաչաղբյուր ՀԷԿ-1»  ՓՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույցն իր մեջ ներառում է ջրհավաք ավազան, երկաթբետոնե պատվար, տղմազտարան, աստիճանաձև ձկնանցարան, որը համատեղված է պատվարի հետ:
  • Պատվարի երկարությունը 5 մ է, բարձրությունը՝ 2 մ:
  • Երկաթբետոնե աստիճանաձև քայքայված ձկնանցարանն ունի մոտ 23.0 մ երկարություն, մուտքի մոտ 1.2 մ բարձրություն և 0.9 մ լայնություն: Ձկնանցարանի ստորին հատվածը ավարտվում է բետոնե պատվարի վրա և գետի հունից բարձր է 50-60 սմ,  ինչը լրացուցիչ արգելք է գետի ձկների գաղթի ճանապարհին: Նման բարձրություն կարող է հաղթահարել միայն սեռահասուն կարմրախայտը, սակայն ձկնանցարանի մեծ երկարությունը և դժվարանացանելի աստիճանները լրացուցիչ բարդություններ են ստեղծում անգամ այդ հոսանքասեր ձկնատեսակի համար: Ձկնանցարանին հարակից պատվարն ավելի հեշտ հաղթահարելի է կարմրախայտի համար, քան բուն ձկնանցարանը:
  • 2-3 տարի առաջ տրվել է հանձնարարական ձկնանցարանը վերակառուցելու համար, ինչը չի արվել:
  •  Առկա է 3 մ երկարությամբ աղբորսիչ ցանց, որի ճաղերի միջև եղած հեռավորությունը 2.5-3 սմ է: Ճաղերի նման հեռավորությունը չի կարող արգելել մինչև 8 սմ երկարություն ունեցող մանրաձկների՝ ճնշումային խողովակաշարում հայտնվելուն:
  • Պաղջուր գետի այն տեղամասում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  հանդիպում են կարմրախայտը, կողակը, Կուրի բեղաձուկը: Հնարավոր է՝ այստեղ բարձրանա նաև արևելյան տառեխիկը, Կուրի լերկաձուկը, Կուրի սպիտակաձուկը: Գետի ափերին կան ձկնային տնտեսություններ, որտեղից այստեղ կարող է հայտնվել նաև ծիածանախայտը:
  • Ջուրը կայան է տարվում 2 1800մ երկարությամբ 0.8մ տրամագծով խողովակներով, որոնք ամբողջովին վերգետնյա են, ինչը շեղում է նախագծից:
  • Պաղջուր գետի վրա կառուցված «Խաչաղբյուր ՀԷԿ-1» (խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 1800մ), «Խաչաղբյուր» (խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 1430մ), «ԽԱՉԱՂԲՅՈՒՐ-2» (խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 3400մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (6630մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (31կմ) հետ կազմում է 21.38 տոկոս:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Խաչաղբյուր ՀԷԿ-1»  ՓՀԷԿ-ը գետից կարող է վերցնել 63449.6հազար խմ/վ ջուր՝ գետում ապահովելով  0.05 խմ/վ բնապահպանական թողք: Նախագծով նախատեսված է նույնքան բնապահպանական թողք: Դիտարկման պահին բնապահպանական թողքն ապահովվում էր պատվարով, տղմազտարանով` ավելցուկային ելքերի տեսքով և ձկնանցարանով:  Ձկնանցարանով բավարար քանակի ջուր էր հեռացվում գետ:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Խաչաղբյուր ՀԷԿ-1»  ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 3811955 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է  տեղական արտադրության 3 հիդրոագրեգատ:  Դիտարկման պահին աշխատում էր մեկը, որը 400 լ/վրկ ջրաքանակով ապահովում էր 270 կվտ դրվածքային հզորություն: Ջրառատ ամիսներին` /ապրիլ, մայիս, հունիս/ ՓՀԷԿ-ն առավելագույն ելքով ապահովում է 1700 կվտ դրվածքային հզորությունը:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  •  Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Կայանում ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • Կայանային հանգույցի տարածքում կառուցապատման աշխատանքներն իրականացվել են ՓՀԷԿ-երին ներկայացվող պահանջներին համապատասխան:  Տարածքը կանաչապատված է նորատունկ ծառերով, ցանկապատված է և բարեկարգված բետոնյա սալիկներով:
  • Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագործմանը ներկայացվող պահանջները չեն կատարվել:
  • Ռեկուլտիվացիա արված չէ:
  • Սողանքային երեւույթներ, լանդշաֆտի խախտում չկա:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացվում է  անջրթափանց հորի միջոցով:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարք ջրառում չկա:
  • 2014թ. ՀՀ բնապահպանական տեսչության կողմից «Խաչաղբյուր ՀԷԿ-1»  ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 200.0 հազար դրամի վարչական տուգանք, 100.0 հազար դրամի շրջակա միջավայրին պաճառված վնասի հատուցում:
  • ՓՀԷԿ-ի ենթակառուցվածքները մոտ են «Արջատխլենու» եւ «Իջեւանի» պետական արգելավայրերին:

Եզրակացություն

Ջրասակավ ժամանակաշրջանում ՓՀԷԿ-ը փաստացի ջրազրկում է գետը։ Այսպիսի ջրային ռեժիմ ունեցող գետերի վրա կառուցված բոլոր ՓՀԷԿ-երը պետք է շահագործվեն միայն ջրառատ սեզոնին։ Կայանում տեղադրված ագրեգատները չեն կարող ապահովել ջրային պաշարի օպտիմալ օգտագործումը:

Առաջարկություններ

  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Վերակառուցել ձկնանցարանը։
  • Կարելի է նաև հեռացնել գետի հունը փակող պատվարը։
  • ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն նախագծային հզորություն
  • Վերանայել ջրատնտեսական հաշվարկները` բնապահպանական թողքի չափաքանակն ավելացնելու միտումով:
  • Տրանսֆորմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Այս երկու լուսանկարները Լեւոն Գալստյանը նկարել է 2014թ-ին
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:24 Ապրիլ 13, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news