«Լեռնապատ ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Լեռնապատ ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ  (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Լեռնապատ ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ: «Լեռնապատ ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Լեռնապատ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Լեռնաջուր գետի Ղարաչոբան վտակի վրա: «Լեռնապատ ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Լեռնապատի Կանթեղ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• Լեռնապատ ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2008թ-ի մայիսին:
• Ջրառի և ջրահեռացման կոորդինատական կետերի միջև առկա են անհամապատասխանություններ: Ըստ ջրօգտագործման թույլտվության` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` Х=44020'34.1'', Y=40047'19.4'', վերին բիեֆի նիշը, ըստ ջրօգտագործման թույլտվության` H=1639,0մ, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)` 1684մ: Ջրահեռացման կոորդինատներն են` X=44022'30,2'', Y=40048'04,1'', ներքին բիեֆի նիշը` ըստ ՋԹ-ի H=1496.0մ, ըստ ՀԾԿՀ-ի` 1538.5մ:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 145.5մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի, 115.3 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 0.6 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 549 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 0.98750175 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրության ցուցանիշը նախագծում բացակայում է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 07.05.2008-07.05.2023թթ. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 23.09.2016-07.05.2023թթ.: 

• Ըստ նախագծի`ՓՀԷԿ-ի բետոնային պատվարի բարձրությունը 2.6մ է, լայնությունը` 12.4 մ։

• Գլխամասում առկա է աստիճանաձև, բետոնե հիմքով և մետաղական թիթեղներով կառուցված ձկնանցարան` 6.78 մ երկարությամբ, 1.10-1,25 մ լայնությամբ, 3.2 մ ընդհանուր բարձրությամբ: Առկա է 7 աստիճան, որոնցից յուրաքանչյուրը ձևավորում է փոքրիկ ավազան՝ 110 սմ երկարությամբ, 110-125 սմ լայնությամբ, 100 սմ բարձրությամբ: Ջրի սյան բարձրությունն այդ հատվածներում կազմում է 30-40 սմ: Ձկնանցարանի առաջին աստիճանի բարձրությունը 35 սմ է: Ընդհանուր առմամբ գլխամասում կառուցված ձկնանցարանը լիարժեք չի կարող ապահովել գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժը:

• Առկա է աղբորսիչ ցանց՝ 3.30 սմ երկարությամբ և 4.30 մ լայնությամբ, որի ճեղքերի միջև հեռավորությունը 7-8 սմ է: Ճաղերի միջև այդքան ճեղք ունեցող ցանցը չի կարող արգելել մինչև 25 սմ երկարությամբ ձկների հայտնվելը ցանցի մյուս կողմում:

• Գետի այն հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝
1. Կարմրախայտ Salmo trutta fario,
2. Արծաթափայլ կարաս Carassius gibelio /պատահականորեն կլիմայավարժվել է գլխամասային լճակից հոսանքն ի վեր գտնվող և ներկայում չշահագործվող ֆորելային տնտեսության ջրավազաններից/:

Գլխամասից ներքև, գետի ստորին հոսանքում հանդիպում է արևելյան տառեխիկը Alburnoides eichwaldii, հնարավոր է նաև կողակը Capoeta sp. և Կուրի բեղաձուկը Barbus lacerta:
Ծանոթություն. «Լեռնապատ ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ի կողմից շահագործվող տարածքում առկա էին 10 ձկնաբուծական փոքր լճակներ, որոնք սնվում էին գետի ջրերով և օգտագործված ջուրն անարգել, առանց որևէ մշակման նորից լցվում էր գետը:

Դիտարկման պահին այդ լճակներում առկա էին հետևյալ ձկնատեսակները՝ կարպ, սպիտակ հաստաճակատ, սպիտակ ամուր, սովորական լոքո, արծաթափայլ կարաս /որպես սնունդ լցված էր սովորական լոքոյի լճակում/, ստերլեդ, ծիածանախայտ, կումժա, կարմրախայտ: Կարպը և սպիտակ ամուրը, մասամբ նաև լոքոն, զանգվածաբար վարակված էին տարբեր, այդ թվում վարակիչ հիվանդություններով /աէրոմոնոզ, կարմրախտ, խոցային հիվանդություն, սնկային հիվանդություններ, այլն/, ինչը վարակման պոտենցիալ վտանգ է հանդիսանում գետի տեղաբնակ ձկների, հատկապես ծածանազգիների համար:

• ՓՀԷԿ-ի մետաղյա խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 3180մ է, տրամագիծը՝ 600մմ: Իրականացված է ռեկուլտիվացիա:
• Շահագործման ՋԹ-ի համաձայն՝ «Լեռնապատ ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 15,34 միլիոն խմ ջրառ՝ Ղարաչոբան գետում ապահովելով 0.05խմ/վ բնապահպանական թողք:
• Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ապահովված չէ:
• Բնապահպանական թողքի հաշվարկման համար ջրաչափը բացակայում է:
• ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է տեղական արտադրության 2 հիդրոագրեգատ, որոնց ցածր արդյունավետությամբ աշխատանքի պատճառով ՓՀԷԿ-ը չի ապահովում նախագծային հզորություն:
• Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված է 2 տրանսֆորմատոր, որոնք կահավորված չեն յուղահավաք համակարգով:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Լեռնապատ ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը 2016թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 1042984 կՎտ էլեկտրաէներգիա:
• Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված է:
• ՓՀԷԿ-ն անցել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն:
• Ազատ ջրօգտագործման պահանջներն ապահովված են:
• Տեսչական ստուգումներ ՓՀԷԿ-ում չեն անցկացվել:
• ՓՀԷԿ-ն ունի 6 աշխատող:
• ՓՀԷԿ-ը հեռու է բնակելի տներից, և կայանի աղմուկը մարդկանց չի խանգարում:

Առաջարկություններ

1. Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման, առցանց վերահսկման համակարգերով և ջրաչափիչ սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել և վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը: Ըստ կարգի ջրաչափը կապարակնքել:

2. Գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժի և բնապահպանական ելքի անարգելք բաց թողնման համար վերակառուցել ձկնանցարանը:

3. Ճնշումային խողովակն ապահովել մանրաձկան մուտքն արգելափակող մանր ճաղավանդակով։

4. ՓՀԷԿ-ի նախագծային հզորությունն ապահովելու նպատակով վերազինել այն` տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կաշխատեն քիչ ջրաքանակով:

5. Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ անջրթափանց հորի, կամ կենսաբանական մաքրման կայանի միջոցով:

6. Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգ:

Խորհրդատվություն: Ջրի համեմատաբար սառը լինելու պատճառով տվյալ վայրում ծածանային և լոքոյակերպ ջերմասեր ձկներին /կարպ, ամուր, հաստաճակատ, սովորական լոքո/ նպատակահարմար չէ բուծել, քանի որ նրանք ունեն դանդաղ աճ, վատ են սնվում և ենթակա են ամենատարաբնույթ հիվանդությունների ներգործության:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



19:11 Հուլիս 12, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news