«Լոր ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Լոր ՀԷԿ-1»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Լոր ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ: «Լոր ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Լոր և Շենաթաղ համայնքների վարչական տարածքներում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Լորաձոր վտակի վրա, որի երկարությունը 23 կմ է: «Լոր ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Վեհ Լորեն»ՍՊԸ-ն: Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

•«Լոր ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012 թվականին:

• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են՝ Х=46007'55,8'', Y=39023'09,7'', վերին բիեֆի նիշը, ըստ ՀԾԿՀ-ի և ՋԹ-ի տվյալների, 1726մ է, ջրահեռացման կոորդինատները` Х=46007'47.2'', Y=39025'13.0'' ներքին բիեֆի նիշը, ըստ ՀԾԿՀ-ի տվյալի, 1582 մ է:

• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 87.2մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի` 91.2մ է, ըստ նախագծի՝ 61.3 : ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ՀԾԿՀ-ի տեղեկանքի 1.4 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի` 991 կՎտ է, ըստ նախագծի 650 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 1.26393 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 12.06.2013- 12.06.2028թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 27.09.2016-27.09.2017թթ.:

• «Լոր ՀԷԿ-1» ՓՀԷԿ- ը վերազինվել և վերակառուցվել է: Պատվարը տեղափոխվել է վերև ճնշում ավելացնելու նպատակով: Ջրընդունիչն իր բոլոր կառուցվածքներով մետաղական է: Դիտարկման պահին պատվարն ամբողջովին լցված էր ջրաբերուկներով և աղբով: Գետի բնապահպանական ելքն ապահովվում էր պատվարի տակից: Ապահովված չէ համապատասխան թեքությունը ձկնանցարանով բնապահպանական ելքի ապահովման համար: Համայնքների հողատարածքների ոռոգման պատճառով գետում բնապահպանական ելքը մոտ 20լ/վրկ էր:

• Աստիճանաձև ձկնուղու հիմքը բետոնից է, կողքերը՝ մետաղական: Ձկնուղին կազմված է 9 աստիճանից, որոնցից յուրաքանչյուրն առաջացնում է 200 սմ երկարություն, 100 սմ լայնություն և 24 սմ բարձրություն ունեցող խուց առանց անցքերի: Ձկնուղու ընդհանուր երկարությունը կազմում է՝ 18.45 մ: Դիտարկման պահին ջրի սակավության պատճառով (ջրի զգալի մասը օգտագործվում էր ոռոգման նպատակով) ձկնանցարանով ջուր չէր հոսում: Ձկնուղին լիարժեք բավարար չէ ձկների տեղաշարժի համար: Ձկնուղու աստիճանների միջև ճեղքերի բացակայությունը լրացուցիչ դժվարություններ են ստեղծում մանր ձկների համար: Այս ձկնանցարանով կարող է գետի մի հատվածից մյուսը տեղափոխվել խոշոր կարմախայտը:

• Խողովակաշարի մոտքամասում առկա է աղբորսիչ ցանց, որի երկարությունը 2.5 մ է, բարձրությունը` մոտ 3.5 մ, ճաղերի միջև եղած հեռավորությունը՝ 4 սմ:

• Լորաձոր գետի վերին հոսանքներում հիմնական ձնատեսակը կարող է լինել կարմարխայտը, ինչը հաստատեց տեղի ձկնորսներից մեկը: Նրա պնդմամբ` վերջին տարիներին ձկների քանակը խիստ նվազել է և ներկայում գրեթե չի հանդիպում, որի հիմանական պատճառը ջրի ծավալի կտրուկ կրճատումն է: Ըստ ձկնորսի`Շամբի ջրամբարից վերև վերոնշյալ գետում հանդիպում է նաև Կուրի բեղաձուկը:

• ՓՀԷԿ-ի խողովակաշարի տրամագիծը ըստ ՀԾԿՀ-ի 800մմ է, ըստ նախագծի` 820մմ, երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի 3800մ է, ըստ նախագծի, 2376մ:

• Ըստ ՋԹ-ի` «Լոր ՀԷԿ-1»ՓՀԷԿ-ը տարվա բոլոր ամիսների ընթացքում գետից վերցնում է 44166.1 միլիոն խմ ջուր` գետում ապահովելով 0.05 մ3/վ բնապահպանական թողք:

• Ջրառում առկա չէ ջրաչափ և ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ:

• Լորաձոր գետի վրա կառուցված են` «Դարբաս ՓՀԷԿ-2», «Հոկտեմբեր», «Լոր ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, «ԼԵՌՆԱՇԵՆ-1» ՓՀԷԿ-ը, , որոնց դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 38.004 տոկոս (Հաշվարկն արվել է առանց «Հոկտեմբեր» ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարության տվյալի):

• ՓՀԷԿ-ի կայանում գործում է կիսավտոմատ կառավարման համակարգ:

• Կայանում տեղադրված է 2 տեղական «Ծատրյան» մակնիշի հիդրոագրեգատ, գեներատորները սինքրոն են, տուրբինները` ակտիվ շեղաշիթային:

• Դիտարկման պահին սակավաջուր և ոռոգման սեզոն էր : Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցիչների` մոտ 3 ամիս ՓՀԷԿ-ի աշխատանքը ոռոգման պատճառով դադարեցված էր: Լոր, Շենաթաղ համայնքների ոռոգումն է իրականացվում ՓՀԷԿ-ի ջրառից վերև: Ոռոգումից դուրս վերազինման պայմաններում ՓՀԷԿ-ը առավելագույնը ապահովվել է մինչև 800 կՎտ հզորություն` օգտագործելով 800-900լ/վ ջրաքանակ:

• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2016թ-ին ՓՀԷԿ-ն աշխատել է տարվա բոլոր ամիսներին, արտադրելով`1414200 կՎտ/տարեկան էլեկտրաէներգիա:

• Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 1 տրանսֆորմատոր` 2500 ԿՎԱ: Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչ տեղադրված չէ: 

• Իրականացված է նախագծով նախատեսված ՓՀԷԿ-ի տարածքի կանաչապատումը:

• ՓՀԷԿ-ի տարածքում առկա էր շինարարական աղբ:

• ՓՀԷԿ-ի կառուցման համար առկա է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

• Առկա է զուգարան:

• ՓՀԷԿ-ում աշխատում է 3 հոգի Լոր և Շենաթաղ համայնքներից:

Առաջարկություններ՝

- Վերակառուցել ՓՀԷԿ-ի ջրընդունիչն այնպես, որ անկախ ՓՀԷԿ-ի ջրառից, ստեղծվեն բավարար պայմաններ` բնապահպանական եքի առաջնահերթ և անարգելք անցկացման և ձկնանցարանով ձկների հուսալի տեղաշարժի համար:

- Ջրընդունիչ հանգույցում /ձկնանցարան, պատվար/ պարբերաբար իրականացնել ջրաբերուկների և տիղմի մաքրման աշխատանքներ, բացել ձկնանցարանի ճանապարհը:

- Վերանայել ջրատնտեսական հաշվարկները և սահմանել ՓՀԷԿ-ի աշխատանքային ռեժիմ` հաշվի առնելով Լոր, Շենաթաղ համայնքների ոռոգման նպատակով ջրօգտագործումը, օգտագործվող գետահատվածի համար սահմանված 70լ/վրկ բնապահպանական ելքի չափաքանակը /դիտարկման պահին այն 20լ/վրկ էր, և ՓՀԷԿ-ի փաստացի արտադրողականությունը` դրվածքային հզորությունը 991 կՎտ փոխարեն 800 կվտ է, իսկ սահմանված 1400լ/վրկ հաշվարկային ելքի փոխարեն օգտագործում է առավելագույնը 900 լ/վրկ/:

- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման համալարգ և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը և հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը:

- Վերազինել ՓՀԷԿ-ը` տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կաշխատեն քիչ ջրաքանակով:

- Տրանսֆոմատորը կահավորել յուղահավաք համակարգով:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



19:01 Հունվար 23, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news