ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները դեռ 2 տարի կշարունակվեն

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները դեռ 2 տարի կշարունակվեն

ԷկոԼուր

«Ատոմակայանի հետ կապված վարկը պետք է երկարաձգվի ևս 2 տարի, և դրա հետ կապված էլեկտրաէներգետիկական համակարգում շուրջ 6 միլիարդ դրամի դեֆիցիտ է առաջանալու, մենք բյուջետային վարկ նախատեսո՞ւմ ենք դա լրացնելու»: ՀՀ կառավարության անդամներին ՀՀ ԱԺ-ում նոյեմբերի 13-ին հարց տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Մենք դա կտանք որպես բյուջետային վարկ, թե կտանք որպես ոչ բյուջետային վարկ, ժամանակ դեռ կա մինչև 2020 թվականի հունվարը, դա նույնպես կառավարությունն իր լիազորությունների շրջանակներում կարող է անել, որովհետև էականորեն կախված է և չափից, և ժամկետներից, և այն պայմաններից, որոնցով ենթադրվում է, որ այդ խնդիրը կլուծվի»:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացել է 2016թ-ին, սակայն ՀՀ իշխանությունները որոշեցին երկարաձգել էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքների համար Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին տրամադրեց 270 միլիոն դոլլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ:

Նոյեմբերի սկզբին ՀՀ Ազգային ժողովում՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի լսումների ժամանակ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտնել է, որ ատոմակայանի վերազինման աշխատանքները, որոնք պետք է ավարտվեին 2019 թ-ի դեկտեմբերի 31-ին, որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն ավարտվի: Վերազինման աշխատանքների պլանավորման հարցում եղել են թերացումներ: «Վարկային և դրամաշնորհային միջոցներից մինչև տարեվերջ կօգտագործվի մինչև 200 միլիոն դոլարը, իսկ 100 միլիոն դոլարի աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա երկու տարիների ընթացքում: Քանի որ վարկի օգտագործման ժամկետը լրանում է այս տարվա վերջ, ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է ՌԴ ֆինանսների նախարարությանը՝ վարկի օգտագործման ժամկետը երկարացնելու մինչև 2021 թ-ի դեկտեմբերի 31-ը»,- ասել է փոխնախարարը: Դրան զուգահեռ կառավարությունը դիմել է վարկի մայր գումարի մարման գրաֆիկը երկու տարով երկարաձգելու համար: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նախնական քննարկումների արդյունքում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել երկարացնելու վարկի օգտագործման ժամկետը, սակայն դեռ պատասխան չի տվել վարկի մարման գրաֆիկի հետաձգման վերաբերյալ:

17:13 Նոյեմբեր 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news