«Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Խաչաղբյուր 2»   փոքր ՀԷԿ: «Խաչաղբյուր 2»  փոքր ՀԷԿ-ը ջրառ իրականացնում է ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի վարչական տարածքում, ջրբացթողւմ՝ նույն մարզի Գետահովիտ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Պաղջուր գետի վրա (երկարությունը 31 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ՄԵԳԱԷՆԵՐՋԻ»  ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  •  «Խաչաղբյուր 2»  ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2014թ-ի մարտին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 221.6մ է, ըստ ընկերության՝ 221.8մ, հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի, 184.6մ է,  ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի  1-ի տեղեկանքի, 186.4մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3.4մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 5000 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 18.1 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 18.10 մլն. կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 27.05.2014-27.05.2029թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 25.12.2014- 25.12.2017թթ.:
  • ՋԹ-ում նշված ՓՀԷԿ-ի կոորդինատները չեն համապատասխանում իրական կոորդինատներին:
  • ՓՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույցն իր մեջ ներառում է ջրհավաք ավազան, պատվար, 2 բաժամունքով տղմազտարան և շախմատաձև անցքերով ձկնանցարան:
  • Բետոնե պատվարի երկարությունը 17 մ է, բարձրությունը՝ 2 մ: Նախագծով նախատեսված է 20 մ երկարությամբ, 1.7մ բարձրությամբ բետոնե պատվար:
  • «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի պատվարի աջ մասում առկա է բետոնից կառուցված կիսալաբիրինթոսային ձկնանցարան՝ 11.5 մ երկարությամբ, 1.8 մ բարձրությամբ և 1.4 մ լայնությամբ: Ձկնանցարանը կազմված է 6 սեկցիայից, որոնք իրարից տարանջատված են բետոնե 6 միջնորմներով: Յուրաքանրյուր միջնորմի ստորին մասում կա 0.3X0.3մ չափսերով ճեղքեր՝ ձկների անցումն ապահովելու համար: Նմանատիպ ձկնանցարանը կարող է ապահովել սեռահասուն կարմրախայտի գաղթը, սակայն լրացուցիչ դժվարություններ կարող  ստեղծել մյուս տեղաբնակ ձկների համար: Տեսողական զննումով ակնառու է ջրընդունիչում այն թեքությունը, որով առաջնահերթ ապահովվում է ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ հաշվարկային ելքի բաց թողնումը տղմազտարան: Խախտված են ձկնանցարաններին ներկայացվող նորմատիվային պահանջները: Գետի ջրի մակարդակի ցածրացման դեպքում ձկնանացարանով ջրի հոսքն ու բնապահպանական թողքի ապահովումն ուղղակի անհնար է:
  • Տղմազտարանում առկա են 122 սմ երկարությամբ աղբորսիչ 2 ցանցեր, որոնց ճաղերի միջև եղած հեռավորությունը 3.5-5 սմ է: Ճաղերի նման հեռավորությունը չի կարող արգելել շուրջ 10-12 սմ երկարությամբ մանրաձկների հայտնվելը ճնշումային խողովակաշարում: Խողովակաշարի մուտքամասում մանրաբջիջ ցանցը բացակայում  է:
  •  Պաղջուր գետի վերին հոսանքում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  հիմնականում հանդիպում է կարմրախայտը: Հնարավոր է, որ այստեղ բարձրանան նաև Կուրի բեղաձուկը, կողակը, արևելյան տառեխիկը: Գետի ափերին կան ձկնային տնտեսություններ, որտեղից գետում կարող է հայտնվել նաև ծիածանախայտը:
  • Պողպատե խողովակաշարի երկարությունը, նախագծին համապատասխան, 3400մ է, տրամագիծը՝ 1220մմ: Խողովակաշարը վերգետնյա է, ինչը շեղում է նախագծից: Այն անցկացված է Պաղջուր գետի անտառապատ նեղ կիրճով, որի արդյունքում լանդշաֆտի լուրջ խախտումներ են նկատվում հովիտի լանջերի շատ հատվածներում։ Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ տեղանքը սողանքավտանգ գոտի է, ապա դա ուղղակի անթույլատրելի է։ Տարիների ընթացքում այդ երևույթները կակտիվանան և կառաջացնեն լուրջ խնդիրներ: Աղավաղվել է տարածքի բնական լանդաֆտը: Խողովակաշարն իր ամբողջ երկարությամբ խոչընդոտում է վայրի կենդանիների տեղաշարժը:
  • Ներկայումս կիրճի բազմաթիվ հատվածներում նկատվում է լանջերի սահք և սողանքային երևույթների ակտիվացում։ Շինարարության ընթացքում առաջացած փլվածքի հետևանքով 20 տոննայանոց ջայռաբեկորը ընկել է էքսկավատորի վրա, ինչի հետևանքով զոհվել է վարորդը:
  • Պաղջուր գետի վրա կառուցված «Խաչաղբյուր ՀԷԿ-1» (խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 1800մ), «Խաչաղբյուր» (խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 1430մ), «ԽԱՉԱՂԲՅՈՒՐ-2» (խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 3400մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (6630մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (31կմ) հետ կազմում է 21.38 տոկոս:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Խաչաղբյուր 2»  ՓՀԷԿ-ը գետից կարող է վերցնել 104699.52 հազար խմ/վ ջուր՝ գետում ապահովելով  0.08 խմ/վ բնապահպանական թողք:
  • 2 անգամ կատարվել է «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի փոփոխություն, ինչի արդյունքում փոխվել են ջրաէներգետիկ ցուցանիշները, այդ թվում`դրվածքային հզորությունը, որը 2960 կՎտ-ց դարձել է  5000 կՎտ, հաշվարկային ելքը  2.4 խմ/վրկ-ից դարձել է  3.4 խմ/վրկ: Փոխվել է նաև ջրառի կետը /որի  կոորդինատական կետը 1050 մ-ից  դարձել է  1088.5 մ/, ստատիկ ճնշումը և  խողովակաշարի     պարամետրերը`  նախկին նախագծով նախատեսված` L=2450 մ, D= 1020 մմ   փոխվել է L=3400 մ, D= 1200 մմ: Այս ամենի հետ մեկտեղ բնապահպանական թողքի չափաքանակը մնացել է նույնը` 0.08 խմ/վրկ:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Խաչաղբյուր 2»  ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 10 ամիս` արտադրելով 7936144 կՎտ էլեկտրաէներգիա (հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 18.10 մլն. կՎտ.ժամ):
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է տեղական արտադրության «Խորդա» մակնիշի 4  հիդրոագրեգատ (նախագծով նախատեսված է 4 ագրեգատ):   Դիտարկման պահին աշխատում էր մի ագրեգատը, որը 350 լ/վրկ ջրաքանակով ապահովում էր 600 կՎտ դրվածքային հզորություն: Ըստ ՓՀԷԿ-ի աշխատակցի՝ մարտ ամսից  մինչև հունիս  ամիսը 4 ագրեգատները, աշխատելով առավելագույնը 3.2 խմ/վրկ ջրաքանակով, ապահովում են 5000 կվտ դրվածքային հզորություն:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, 2 տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  •  Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Կայանում ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում՝ 2012թ, անօրինական հատվել են բազմաթիվ ծառեր, որից հետո ՓՀԷԿ-ի նախագծին տրված դրական փորձաքննությունը չեղյալ է համարվել: Հետագայում ներկայացվել է ևս 2 նախագիծ, որոնցում նշված է եղել ծառերի հատման մասին:
  • Ծառահատումների վերբերյալ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թույլտվությունը բացակայում է:
  • Մոնիտորինգի ժամանակ «Իջևանի» անտառտնտեսության պահպանության գծով տնօրենի տեղակալը  փաստեց` շինարարության ընթացքում հատված ծառերի դիմաց տնկված 1200 հատ ընկուզենիների և դրանց կպչողականության մասին: Սակայն մոնիտորինգի ժամանակ խախտված տարածքներում ակնառու չէր  իրականացված ծառատունկը:
  • ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանը և խողովակաշարի 80 տոկոսը գտնվում են «Իջևանի» արգելավայրի տարածքում: Բացված ճանապարհը խթանել է կուսական անտառի ծառահատումների աճը:
  • Կայանային հանգույցի տարածքում կառուցապատման աշխատանքներն իրականացվել են ՓՀԷԿ-երին ներկայացվող պահանջներին համապատասխան:  Տարածքը կանաչապատված է նորատունկ ծառերով, ցանկապատված է և բետոնյա սալիկներով բարեկարգված:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացվում է  անջրթափանց հորի միջոցով: Ըստ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի՝ կենցաղային աղբը տեղափոխվում է ազդակիր համայնքի աղբավայր:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարք ջրառում չկա: Առկա է ձողաչափ:
  • 2 անգամ հարուցվել է քրեական գործ «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասի, իրականության չհամապատասխանող նախագծեր և բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ներկայացնելու համար, սակայն իրավապահ մարմինները 3 տարի ձգձգելուց հետո քրեական գործի վարույթը կարճել են՝ քրեորեն պատժելի հանցակազմի բացակայության պատճառով և նշանակել են միայն վարչական տուգանք «Մեգաէներջի» ՍՊԸ-ի նկատմամբ:
  • Շինարարական աշխատանքների պատճառով խմելու ջրի խողովակը մնացել է օդում կախված:
  • 2015թ. ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է  200.0 հազար դրամի վարչական տուգանք ՀՀ Ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջների չպահպանման համար:
  • ՓՀԷԿ-ում աշխատում է 11 մարդ:

Եզրակացություն

Ի սկզբանե անթույլատրելի էր այս տարածքում ՓՀԷԿ-ի կառուցումը:

Քանի որ թույլատրվել է ՓՀԷԿ-ի կառուցումը բնության հատուկ պահպանվող տարածքներում, (կամ սահմանակից այդ տարածքներին, /«Իջևանի» և «Արջատխլենու» պետական արգելավայրեր/),  որոնք իրենց ջրային ռեսուրսներով գտնվում են Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում, բնապահպանական թողքի չափաքանակի հաշվարկը չի կարող կատարվել ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-իթիվ 927-Ն որոշմամբ սահմանված մեթոդի համաձայն /ինչպես բոլոր գետերի համար/: Խիստ կարևոր է հատուկ պահպանվող տարածքների ջրային ռեսուրսների համար  սահմանել բապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդոլոգիա, որով  սահմանել Պաղջուր գետի համար բնապահպանական թողքի նոր չափաքանակ: Անհրաժեշտ է վերանայել ջրատնտեսական հաշվարկները` բնապահպանական թողքն ավելացնելու միտումով:

Առաջարկություններ

  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Վերակառուցել պատվարը` առաջնահերթ բնապահպանական թողքի անարգել անցումն  ապահովելու համար:
  • Քանի որ ՓՀԷԿ-ը գտնվում է (եւ սահմանակից է) բնության հատուկ պահպանվող տարածքներում և բուֆերային գոտում /«Իջևանի» և «Արջատխլենու» պետական արգելավայրեր/, որոնք իրենց ջրային ռեսուրսներով գտնվում են Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում,  առաջարկվում է վերանայել ջրատնտեսական հաշվարկները` բնապահպանական թողքի չափաքանակն ավելացնելու միտումով:
  • Հատուկ պահպանվող տարածքների ջրային ռեսուրսների համար  սահմանել բապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդոլոգիա, որով  սահմանել Պաղջուր գետի համար բնապահպանական թողքի նոր չափաքանակ:
  •  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համաձայնեցված հատված ծառերի դիմաց կազմել անտառպատման ծրագիր, որը պետք է ներառի նաև  խնամքը /մինչեւ անտառի շարք տեղափոխելը/, քանի որ տարածքը գտնվում է սողանքավտանգ գոտում: 
  • Ջրընդունիչ հանգույցն ապահովել ավտոմատ կառավարման համակարգով և ջրաչափիչ սարքավորումներով, որոնց միջոցով կկարգավորվի ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական թողքի չափաքանակը:
  • Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով
  • Համապատասխան մասնագետների խորհրդատվությամբ և մասնակցությամբ Ձեռնարկել  միջոցառումներ`  ուղղված գետային  և ցամաքային էկոհամակարգերի պահպանմանը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



17:03 Ապրիլ 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news