Չինական ընկերությունը ցանկանում է Գեղարքունիքի մարզում 30 հողմակայան կառուցել

Չինական ընկերությունը ցանկանում է Գեղարքունիքի մարզում 30 հողմակայան կառուցել

ԷկոԼուր

Չինական «Չանջո դե լայթ ֆոտովոլտեք թեքնոլոջի կոմպանի լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է Գեղարքունիքի մարզում հիմնել քամու էներգիայի արտադրություն: Այս նպատակով ընկերության տնօրեն Ֆու Չանին  և ընկերության ներկայացուցիչ Խուան Պաուսյայինն ապրիլի  1-ին հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին:

«Հայաստան ենք եկել քամու էներգիայի ստացման ուղղությամբ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Մենք արդեն ուսումնասիրել ենք այն երկու քարտեզները, որոնցում ընդգրկված տարածքներում հնարավոր է տեղադրել կայաններ, և դրանց հիման վրա էլ ուզում ենք աշխատել: Սակայն այդ քարտեզներից պետք է ընտրենք միայն մեկը, որն ավելի մոտիկ կլինի էլեկտրահաղորդման գծերին, կգտնվի բարձր լարման ենթակայաններից 3 կմ հեռավորության վրա: Մեր նպատակն է Գեղարքունիքի մարզում հիմնել քամու էներգիայի արտադրություն, որի հզորությունը պետք է հասցնենք մինչեւ 100 մեգավատի: Դրա համար կպահանջվի կառուցել 30 հողմակայան: Մեր կազմակերպությունը գործունեություն է ծավալում Չինաստանում, Ռուսաստանի Դաշնությունում ու Ղազախստանում: Մեր գործընկեր կազմակերպությունը «Տոն Ֆան Էլեկտրիկն» է, որը զբաղվում է արտադրված էներգիայի իրացման խնդիրներով: Մենք ներդրումային ծրագիր ենք ներկայացնելու ՀՀ կառավարության հաստատմանը, արդեն բանակցել ենք մի շարք պետական կառույցների հետ, իսկ ձեզանից ակնկալում ենք համապատասխան աջակցություն ու համագործակցություն, որպեսզի կարողանանք կյանքի կոչել մեր ծրագրերը, որոնք մեծ նշանակություն կունենան Հայաստանի տնտեսական կյանքում», - նշել է Ֆու Չանը:

Գնել Սանոսյանը իր պատրաստակամությունն է հայտնել ներդրումային ծրագրին աջակցելու հետ կապված բոլոր խնդիրներում: «Իրականում Գեղարքունիքի մարզը բավականին մեծ պոտենցիալ ունի քամու և արևի էներգիայի ստացման առումով: Դա է պատճառը, որ շատ ընկերություններ հետաքրքրված են նման ծրագրերով: Ուրախ ենք, որ մեր մարզը ձեր ընկերությանը ևս հետաքրքրել է, և դուք փորձ եք անում աշխատանքներ սկսել այստեղ: Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ձեզ կօգնեն՝ նախ ուսումնասիրելու քարտեզագրված երկու տարածքները մարզում, որպեսզի հասկանանք, թե որքանով է այն համապատասխանում ձեր նախընտրած չափանիշներին: Տարածքի ընտրությունից հետո մենք պատրաստ ենք համագործակցություն ծավալել ձեր ընկերության հետ բոլոր ուղղություններում, որպեսզի հնարավոր լինի ձեր նախաձեռնությունը արդյունավետ կերպով կյանքի կոչել», - ասել է Գնել Սանոսյանը:

Լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզպետարանի կայքից

17:41 Ապրիլ 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news