Արևելյան գործընկերության 4 երկրների ՀԿ-ներ իրենց կառավարություններին առաջարկում են արգելել ՀԷԿ-երի կառուցումը ազատ հոսող գետերի վրա

Արևելյան գործընկերության 4 երկրների ՀԿ-ներ իրենց կառավարություններին առաջարկում են արգելել ՀԷԿ-երի կառուցումը ազատ հոսող գետերի վրա

ԷկոԼուր

Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի 4 ՀԿ-ներ առաջարկում են իրենց երկրների կառավարություններին՝ արգելել հիդրոտեխնիկական կառույցների, ամբարտակների կառուցումն ազատ հոսող գետերի հուներում: Ուկրաինայի «Ազգային էկոլոգիական կենտրոն», Հայաստանի «Խազեր» էկոլոգամշակութային, Մոլդովայի «Գետերի պահապանների միջազգային ասոցիացիա - էկո Տիրաս» և Ադրբեջանի «Ադրբեջանի թռչնաբանական ընկերակցություն» ՀԿ-ների կողմից ընդունված «Էկոհամակարգի մոտեցումը հիդրոէներգետիկայում.Արևելյան գործընկերության երկրներում իրականացման հեռանկարները» կոնֆերանսի բանաձևում մասնավորապես, նշված է.

«Գետերը, որոնց վրա դեռ խորհրդային տարիներին կառուցվել են հիդրոէլեկտրակայանների կասկադները, (ինչպիսիք են Դնեպրը, Դնեստրը, Կուրը, Հրազդանը, Որոտանը) ենթարկվել են էկոհամակարգերի գրեթե անդառնալի դեգրադացիայի և դրանց վերականգնումն անհնար է առանց ամբարտակների վերացման:

Ներկայումս հիդրոէլեկտրակայանների և հիդրոակումուլյատիվ էլեկտրակայանների (ՀԷԿ և ՀԱԷԿ) շինարարությունը և հիդրոէներգետիկայի զարգացման պլանները չեն անցնում էկոլոգիական ներգործության պատշաճ գնահատումներ և դրանց կենսագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության աճի և էկոհամակարգերի դեգրադացիայի:

Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ)՝ գոյություն ունեցող պրակտիկան չի ապահովում շրջակա միջավայրի վրա ներգործության օբյեկտիվ գնահատումը ամբողջ էկոհամակարգի կտրվածքով:

Կլիմայի փոփոխության մեղմացման նախագծերում հիդրոէներգետիկան
դիտարկվում է որպես էներգիայի աղբյուր, որը չունի ջերմոցային գազերի արտանետումներ, մինչդեռ կլիմայական համակարգի վրա ազդեցություն է տեղի ունենում ոչ միայն հիդրոէլեկտրակայանների և ջրամբարի շահագործման ընթացքում, այլ նաև սարքավորումների արտադրության, շինարարության և ՀԷԿ-ը շահագործումից հանելու ընթացքում: Սա հանգեցնում է սխալ տեսակետի, որ հիդրոէներգետիկան բացասաբար չի ազդում կլիմայի վրա:

Գետերի էկոհամակարգային ծառայությունները մնում են ուշադրությունից դուրս, դրանց տնտեսական արժեքը չի արժևորվում և հաշվի չի առնվում, ինչը հանգեցնում է դրանց կորստի ու հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի էժանության անհիմն պատկերացումների:

Հաշվի առնելով վերը նշվածը, մենք կոչ ենք անում

1.Արևելյան գործընկերության երկրների կառավարություններին.

-որպես ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմ երկրներ մշակել նորմատիվաիրավական բազա՝ էկոհամակարգային մոտեցումը ՌԷԳ և ՇՄԱԳ ընթացակարգերում ներդնելու համար, մասնավորապես, հիդրոէներգետիկ պլանների ծրագրերի ու նախագծերի համար,

- շրջակա միջավայրի վրա հիդրոէլեկտրակայանների ազդեցությունը գնահատելու կանոններում ներդնել «ամբողջական շղթայի»(full cycle) ներգործության մեթոդաբանությունը և կիրառել այն կլիմայի վրա ազդեցության գնահատման համար,

-արագացնել ջրային ռեսուրսների միասնական կառավարման իրականացումը, հաշվի առնելով բոլոր ջրօգտագործողների կարիքները և էկոհամակարգերի և էկոհամակարգերի ծառայությունների պահպանման անհրաժեշտությունը:

-արգելել հիդրոտեխնիկական կառույցների, ներառյալ ամբարտակների կառուցումը
ազատ հոսող գետերի հուներում՝ որպես բնական հոսքը խաթարող կառույցներ
և ստեղծել գետերի բաց ցանկ, որոնց վրա արգելվում է
ցանկացած հիդրոէներգետիկական կառույցների կառուցումը,

-հրաժարվել հիդրոէլեկտրակայանների ստեղծմանը նպատակաուղղված տնտեսական խթաններից («կանաչ սակագներ», հատուկ հարկեր և այլն),

-ապահովել ջրավազանային մակարդակում էկոհամակարգային մոտեցման կիրառումը գետավազանների անդրսահմանային կառավարման համար՝ էկոհամակարգերի ծառայությունների կորստի փոխադարձ ճանաչմամբ, դրանց փոխհատուցման, ներդնելով «աղտոտողը վճարում է» սկզբունքը, փոխհատուցման միջոցների նպատակային օգտագործմամբ, հարմարեցնելով (ադապտացնելով) գոյություն ունեցող արտադրությունները էկոհամակարգային մոտեցման պահանջներին, հաշվի առնելով էկոհամակարգերի ծառայություններից օգտվող բոլոր բնօգտագործողների կարիքները,

-նպաստել Դնեստերի գետավազանում Ուկրաինայի և Մոլդովայի միջև անդրսահմանային համագործակցություն փորձի տարածմանը և կիրառմանը
Արևելյան գործընկերություն մյուս երկրների գետավազաններում:

2. Արևելյան գործընկերության երկրների ճյուղային նախարարություններին.

-ապահովել մեթոդական բազայի՝ ներառյալ տնտեսական բաղադրիչի մշակումը,
ՌԷԳ-ի և ՇՄԱԳ-ի ընթացակարգերում հիդրոէներգետիկայի պլաններում, ծրագրերում ու նախագծերում, ինչպես նաև գետավազանային կառավարման պլաններում էկոհամակարգային մոտեցումը ներդնելու համար՝ հաշվի առնելով
Եվրոպական փորձը (https://biodiversity.europa.eu/maes),

-նպաստել էկոհամակարգերի համակարգված ուսումնասիրություններին ` էկոհամակարգային ծառայություններն ավելի ամբողջական հաշվառելու համար, նպատակ ունենալով դրանց վերականգնումն ու պահպանումը, ինչպես նաև ապահովելու համապատասխամ մասնագետների պատրաստումը,

-նպաստել հիդրոէներգետիկայում էկոհամակարգային մոտեցման և ջրային ռեսուրսների ամբողջական կառավարման ուսումնասիրություններին, ինչպես նաև այդ ուսումնասիրությունների ինտեգրմանը եվրոպական, մասնավորապես՝ ժամանակակից մեթոդների կիրառմամբ առանձին տարածքներում հիդրոլոգիական ցիկլի ուսումնասիրություններում ` օգտագործելով լիզիմետրեր, ինչը նոր հնարավորություններ է բացում գետավազանային կառավարման ասպարեզում,

-իրականացնել գետային էկոհամակարգերի մշտադիդարկում ինչպես հիդրոէներգետիկ օբյեկտների ազդեցության գոտիներում, այնպես էլ
գետավազաններում,

-ներդնել էկոհամակարգերի վերականգնման լավագույն փորձերը,

-օրենսդրորեն ներդնել հիդրոէլեկտրակայանների կողմից ջրօգտագործման նորմավորման կանոնները «մնացորդային սկզբունքով»,
այսինքն` նշելով միայն էկոլոգիական թողքի ռեժիմը գետի հունում, որի համապատասխանությունն ու ապահովումը ավտոմատացնել,

-անցկացնել լայն կրթական ծրագիր բնակչության շրջանում տեղական,
ազգային և միջազգային մակարդակներում էկոհամակարգի արժեքավորության և
գետերի էկոհամակարգային ծառայությունների արժեքի, դրանց կորուստի տնտեսական և սոցիալական հետևանքների մասին:

3. Եվրամիությանը.

-նպաստել Արևելյան գործընկերության երկրներում ջրային ռեսուրսների կառավարման բարեփոխմանը, ջրավազանային սկզբունքով ինտեգրված կառավարման ներդրմանը,

-խթանել հիդրոէներգետիկակական ոլորտում էկոհամակարգային մոտեցման ներդրմանը, աջակցել գետերի և հարակից էկոհամակարգերի էկոհամակարգային ծառայությունների հետ կապված գիտական և կրթական ծրագրերին,

-խթանել Արևելյան գործընկերության երկրներում հիդրոէներգետիկայի զարգացման հասարակական հսկողությանը և եվրոպամետ փոփոխությունների նկատմամբ հասարակության ազդեցության ուժգնացմանը,

-նպաստել հիդրոէներգետիկայի հետագա զարգացման բնագավառում ողջամիտ փոխզիջումների որոնմանը՝ առկա էկոհամակարգերը պահպանելու և խաթարված էկոհամակարգերը վերականգնելու համար»:

Բանաձևն ընդունվել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի «Regranting-2019» սխեմայի ներքո՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էկոհամակարգի մոտեցումը հիդրոէներգետիկայում. Արևելյան գործընկերության երկրներում իրականացման հեռանկարները» տարածաշրջանային նախագծի շրջանակներում:

Բանաձևի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Փետրվար 03, 2020 at 18:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր