Նոր «Ձորագետ-4» ՓՀԷԿ-ին կներկայացվի պահանջ ապահովել բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և առցանց վերահսկում

Նոր «Ձորագետ-4» ՓՀԷԿ-ին կներկայացվի պահանջ ապահովել բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և առցանց վերահսկում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ «Ասինտար» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության է ներկայացվել «Ձորագետ 4» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտը: ԷկոԼուրը նամակ է ուղղել բնապահպանության նախարարություն հայտը մերժելու կապակցությամբ: Նամակում ասված է.  

«Հայտի համաձայն՝ ՓՀԷԿ-ի շենքը կտեղակայվի Ձորագետ գետի ձախ ափին, ներկայումս գործող «Ձորագետ-5» ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցից անմիջապես վերև: Ձորագետի վրա կառուցված են «Կաթնառատ», «Ձորագետ-5», «Ձորագետ-6», «ՁորաՀԷԿ» ՓՀԷԿ-ը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից համատեղ իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը պարզեց, որ «Կաթնառատ», «Ձորագետ-5», «Ձորագետ-6» ՓՀԷԿ-երը կասկադային են: Մի ՓՀԷԿ-ի հեռացնող ջրանցքը հանդիսանում է մյուս ՓՀԷԿ-ին մոտեցնող ջրանցք: Երեք ՓՀԷԿ-երի համար գումարային օգտագործվում է 7600 կմ երկարությամբ գետահատված: Այդ գետահատվածում իրականացվում են տարբեր նպատակներով ջրառներ, որոնց համար կառուցվել են հիդրոտեխնիկական տարբեր կառույցներ: Այս ամենն առաջացնում է բնապահպանական ծանրաբեռնվածություն Ձորագետ գետի վրա: «Ձորագետ-4» ՓՀԷԿ-ի կառուցմամբ այդ ծանրաբեռնվածությունն էլ ավելի կմեծանա, խողովակի մեջ կվերցվի գետի գումարային 13961մ տարածքը (20.83%):

ՓՀԷԿ-ի կառուցման հայտում նշված է. «Ձորագետ գետը դասվում է ձկնատնտեսական ջրային օբյեկտների շարքին՝ համաձայն 1991թ. դեկտեմբերի 19-ին ընդունված ՀՀ նախարարների խորհրդի «Հայաստանի Հանրապետության որոշ ջրային օբյեկտներ ձկնատնտեսական ջրավազանների կարգին դասելու մասին» թիվ 687 որոշման հավելվածի: Ուստի հաշվի առնելով վերոնշվածը՝ նախագծով նախատեսվում է իրականացնել ձկնապաշտպան միջոցառումներ»: Սակայն չի մանրամասնվում, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը: Մասնավորապես ՓՀԷԿ-ի կառույցների նկարագրության մեջ չի նշվում ձկնանցարանի կառուցման, ձկնապաշտպան ցանցի տեղադրման մասին:

Նշվում է, որ բնապահպանական թողքը սահմանվել է 0.2 խմ/վ, բայց թե որտեղով է այդ թողքը հոսելու գետ, եթե ձկնանցարան նախատեսված չէ, դա ևս չի նշվում:

Կառուցվելու է ջրընդունիչ հանգույց, ջրթափ պատվարով, 2 պարզարաններով, եւ մի պարզարանում նստեցված ջրաբերուկները կրկին արտանետվելու են գետ:

Չի նկարագրվում տեղի ձկնաշխարհը, միայն նշվում է, որ շինարարության ժամանակ գետի ջրի ռեժիմի փոփոխումը, աղտոտվածության հնարավոր բարձրացումը, շինարարական աղմուկը կարող են ազդել գետի կենդանական աշխարհի` առանձնապես ձկների վրա: Գետի ջրի աղտոտվածության բարձրացումը` հիմնականում կախյալ մասնիկներով կարող են խցանել ձկների խռիկները: «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ձեռնարկի համաձայն. «Դեբեդ գետի ավազանին պատկանող ջրակալներում հանդիպում են կարմրախայտը Salmo trutta fario, արևելյան տառեխիկը Alburnoides eichwaldii, Կուրի բեղաձուկը Barbus cyri, Սևանի կողակը Capoeta sevangi, Կուրի կողակը Capoeta capoeta capoeta, Կուրի սպիտակաձուկը Alburnus filippii, մուրծին Luciobarbus mursa, քառթակը Gobio sp., Կուրի լերկաձուկը Oxynoemacheilus brandtii, արծաթաձկնիկը Leucaspius delineatus, բրամը Abramis brama, արծաթափայլ կարասը Carassius gibelio, նաև տարբեր ձկնային տնտեսություններից հաճախ այստեղ ներթափանցող ծիածանախայտը Parasalmo mykiss, երբեմն՝ կարպը Cyprinus carpio: Վերոգրյալ ձկնատեսակներից շատերը հանդիպում են Ձորագետի ու Փամբակի միախառնման տեղում և Ձորագետի հունով բարձրանում են դեպի հոսանքն ի վեր: Ձորագետի վրա կառուցված հիդրոէներգետիկ և հիդրոտեխնիկական կառույցները խոչընդոտում են ձկների միգրացիային: Արդյունքում Դեբեդում բնակվող ձկնատեսակները, որոնց մեծ մասին բնորոշ են սեզոնային միգրացիաները հատկապես բազմացման շրջանում, հնարավորություն չունեն բարձրանալ Ձորագետի հոսանքն ի վեր՝ այստեղ բնակվելու և բազմանալու համար»:

Հայտում խոսք չկա գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարման և առցանց վերահսկման ջրաչափական համակարգերի ներդրման մասին:

ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկնարկել է փոքր ՀԷԿ-երի առողջացման ծրագիրը, որը մի շարք պահանջներ է առաջադրել՝ ՓՀԷԿ-երի բարեփոխումների և օրինակելի դառնալու համար: Այս հայտում նկարագրված ՓՀԷԿ-ը չի համապատասխանում առողջացման ծրագրով ընդունված կրիտերիաներին, այդ պատճառով խնդրում ենք Ձեզ մերժել այն»:

ՀՀ բնապահպանության նախարարության պատասխան նամակում նշված է. ««Ձորագետ-4» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ներկայացված առաջարկություններով և դիտողություններով փորձաքննական գործընթացում լրամշակվել է:

Մասնավորապես, ավելացվել են Դեբեդ գետի Ձորագետ վտակում առկա ձկնատեսակների նկարագրությունները և դրանց պահպանությանն ուղղված միջոցառումները: Ինչ վերաբերում է ձկնանացարանի և ձկնապաշտպան կառույցների նախատեսմանը, տեղեկացնում եմ, որ նախնական գնահատման հայտին կից գծագրական նյութերում ի սկզբանե նախատեսված էր ձկնանցարան, ձկնապաշտպան կառույցներ, իսկ լրամշակումների ընթացքում, ձկնանցարանի, ձկնապաշտպան կառույցների և ջրաչափիչ սարքավորման նախատեսման մասին ներկայացվել է նաև նախնական գնահատման հայտի տեքստային  մասում: ՓՀԷԿ-ի գլխամասային  հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարման և առցանց վերահսկման ջրաչափական համակարգի ներդրման պահանջ կներկայացվի «Ձորագետ-4» ՓՀԷԿ-ին: Ներկայացված «Ձորագետ-4» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտը չի հակասում ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի իրականացրած փոքր ՀԷԿ-երի առողջացման ծրագրին և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված, սահմանված պահանջներին»:

17:37 Օգոստոս 09, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news