Գորայք համայնքը «Որոտան-7» ՓՀԷԿ-ի շահագործողից պահանջել է տեղադրել ջրաչափ՝ բնապահպանական թողքը հսկելու համար

Գորայք համայնքը «Որոտան-7» ՓՀԷԿ-ի շահագործողից պահանջել է տեղադրել ջրաչափ՝ բնապահպանական թողքը հսկելու համար

ԷկոԼուր

Այսօր ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքում տեղի ունեցան «Որոտան-7» փոքր ՀԷԿ-ի վերակառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ 2-րդ հանրային լսումները:
«Որոտան-7» ՓՀԷԿ-ը կառուցված է ՀՀ Սյունիքի մարզում` Որոտան գետի վրա: «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն փոքր ՀԷԿ-ը սկսել է շահագործել 2012 թ-ին: Ընկերությունը որոշել է վերակառուցել և վերազինել փոքր ՀԷԿ-ը բարձր տնտեսական շահավետություն, էներգաարտադրություն ապահովելու և ջրային ռեսուրսի արդյունավետ օգտագործման նպատակով:

Նոր նախագծով սահմանվել է 1.25 խմ/վրկ բնապահպանական թողք՝ նախկին 0.58 խմ/վ-ի փոխարեն, իսկ հաշվարկային ելքը 7.0 խմ/վրկ է՝ նախկին 5.0 խմ/վրկ փոխարեն: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը սահմանվել է 1.35 ՄՎտ՝ նախկին 730 կՎտ-ի փոխարեն: ՓՀԷԿ-ը տարեկան պետք է արտադրի 3.58 միլիոն Կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ նախկին 3.26 միլիոն Կվտ/ժ-ի փոխարեն:

Եվ առաջին, և երկրորդ լսումների ժամանակ Գորայք համայնքի գլխավոր պահանջը եղել է ապահովել բնապահպանական թողքը, ձկների տեղաշարժը և պարտադիր տեղադրել ջրաչափ սարքավորում: «Օրինակ, իմ բնակիչներից մեկը ցանկանում է գնալ և տեղում տեսնել՝ ինչքան ջուր է ՀԷԿ-ը բաց թողնում գետ, ինչպե՞ս պետք է տեսնի: Ես պահանջել եմ, որ խիստ ուշադրություն դարձնեն բնապահպանական թողքի վրա, տեղադրեն ջրաչափ, որ ցանկացած ժամանակ մենք կարողանանք հետևել ջրի քանակությանը», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Գորայքի համայնքապետ Առուստամ Առուստամյանը: Ի պատասխան` ընկերությունը խոստացել է սկզբնական ժամանակահատվածում տեղադրել քանոն, այնուհետև, երբ ֆինանսական պայմանները թույլ կտան, արդեն ջրաչափ սարքավորում: Ընկերությունը նաև խոստացել է ապահովել ձկնուղիով ձկների տեղաշարժը, ձկնապաշտպան ցանց տեղադրել, ցանկապատել ՀԷԿ-ի ջրանցքի տարածքը, որի մեջ, ինչպես հայտնեց համայնքապետը, հաճախ ընկնում և խեղդվում են բնակիչների անասունները:

«ՀԷԿ-ի ջուրը որոշակի հատվածում ջրանցքով է գալիս, դեպքեր է եղել, որ մեր անասունները ընկել են մեջը, խեղդվել են, գյուղացուն վնաս է չէ պատճառել: Առաջարկել եմ, որ ցանկապատեն կողքերը: Խոստացել են 10-15 օրվա ընթացքում լուծել այդ հարցերը…առաջարկել եմ ձկնապաշտպան ցանց տեղադրել: …Առաջարկել եմ, որ ջրամբարներում մանրաձուկ լցնեն, աճեցնեն: Ասացին, որ արդեն պայմանավորվածություն ունեն մանրաձուկ աճեցնող ընկերության հետ, այդ գործը կանեն», - ասաց Առուստամ Առուստամյանը:

Ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերին, համայնքապետի խոսքով, ընկերությունից ասել են , որ կոնկրետ ծրագրերի իրականացման համար ֆինանսներ չունեն, կարող են համայնքին տրամադրել միայն շինարարական նյութեր:

2016 թ-ին համայնքների խոշորացման ծրագրով Գորայք համայնքին միացվեցին Սառնակունք, Սպանդարյան, Ծղուկ համայնքները: Խոշորացված համայնքն ունի 1830 բնակիչ: Գորայքի համայնքի վարչական տարածքում, ըստ Առուստամ Առուստամյանի, գործում է 7 փոքր ՀԷԿ, որոնցից 3-ը Որոտան գետի վրա է, 4-ը՝ Որոտանի վտակների: Ըստ համայնքապետի, ոռոգման հետ կապված խնդիրներ չունեն, բայց մտահոգիչ է Որոտան գետի ձկնաշխարհի վիճակը:

«Որոտանը շատ վաղուց հայտնի էր կարմրախայտով, իսկ հիմա ձկան պաշարները եռակի անգամ կրճատված են: Պատճառը մարդկային գործունեությունն է: Պատկերացրեք, որ ամբողջ ամառվա ընթացքում ոստիկանության աշխատողները այս գետերից տուն չեն գնում` որսագողերին բռնելու համար: Էլեկտրական հոսանքով ձուկ են բռնում: Որոշ առումներով էլ, իմ կարծիքով, ՓՀԷԿ-երի ձկնուղիները լավ չեն կառուցում: Դա է պատճառը, որ ձվադրման ժամանակ ձուկը չի կարողանում բարձրանալ», - իր մտահոգությունը հայտնեց Գորայքի համայքնապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



19:03 Մայիս 26, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news