Վայքում շահագործվող արևային կայանը էլեկտրաէներգիայի մոտ 80 տոկոս խնայողություն կապահովի համայնքային կառույցների համար

Վայքում շահագործվող արևային կայանը էլեկտրաէներգիայի մոտ 80 տոկոս խնայողություն կապահովի համայնքային կառույցների համար

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Վայք համայնքում շահագործման է հանձնվել 43 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Այն սպասարկում է Վայքի համայնքապետարանին, թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներին, մշակույթի տանը, գրադարանին ու արվեստի դպրոցին:

Կայանի կառուցման և տեղադրման ընդհանուր ծախսը կազմել է մոտ 15 միլիոն դրամ: Վայքի համայնքապետարանը կայանի կառուցման նպատակով տրամադրել է 7 միլիոն դրամ: Մնացած` 8 միլիոն  485 հազար դրամը, հատկացրել է ՀՀ կառավարությունը:

Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ համայնքային ենթակայության կառույցների վրա տեղադրված արևային համակարգերը մոտ մեկ ամիս են շահագործվել, սակայն արդեն իսկ նկատելի տնտեսումներ ունեն:

«Յուրաքանչյուր շենքի տանիքին տեղադրվել է երկկողմանի հաշվիչ` արտադրությունն ու սպառումը ֆիքսելու համար: Որպես առանձին աբոնենտ  են հանդիսանում: Արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկը տալիս են էլեկտրոցանցին, պակասորդը` վերցնում էլեկտրոցանցից: Եթե ավել լինի արտադրած էներգիան էլեկտրացանցը մեզ գումար կփոխանցի, պակաս կլինի` մենք էլեկտրոցանցին գումար կտանք»,- ասաց նա: 

Ըստ համայնքապետարանի աշխատակցի՝ դեռևս եղանակային պայմանները թույլ չեն տալիս ամբողջ հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրել, սակայն մասնագետները վստահեցրել են, որ 5 միլիոն դրամ ծախս ունենալու դեպքում առնվազն 4 միլիոն դրամ խնայողություն կունենան: Թվային հաշվարկներով խնայողությունն այդ դեպքում կկազմի մոտ 80 տոկոս:

Լուսանկարը` Վայքի համայնքապետարանի կայքից

 
 

13:57 Դեկտեմբեր 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news