«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար նախատեսվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչել 3 բնակավայրերի վարելահողերի նկատմամբ

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար նախատեսվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչել 3 բնակավայրերի վարելահողերի նկատմամբ

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի և Գեղամասար խոշորացված համայնքի Փոքր Մասրիկ և Արփունք բնակավայրերի որոշ գյուղատնտեսական նշանակության վարելահողերի նկատմամբ: Այս մասին կառավարության որոշման նախագիծը օրերս շրջանառության է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Տվյալ տարածքներում նախատեսվում է էլեկտրահաղորդման գծի կառուցման ու շահագործման համար անհրաժեշտ՝ թվով 41 հենարանի և մեկ ցանցի միացման սարքավորման տեղադրում:

Ըստ նախագծի՝ նշված տարածքները ձեռք կբերի «Էֆարվի Մասրիկ» փակ բաժնետիրական ընկերությունը, որն էլ կիրականացնի 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը։ Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2019 թ. դեկտեմբերի 31-ը:

Նախագծի մեջ տարածքները գերակա հանրային շահ ճանաչելու հիմնավորումները հետևյալն են.

1.Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ
նպաստում է ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը

2.Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման: Դրանց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ:

Նշենք, որ «Մասրիկ-1» կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ամբողջությամբ մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Կայանի հզորությունը թույլ կտա արտադրել տարեկան 120-150 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա:

Հիշեցնենք, որ 2015 թ. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ է դրվել Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրին: Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից, որն իրականացնելու է ծրագիրը: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ 1 կՎտժ-ի դիմաց, առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):

19:20 Հունիս 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news