«Գետիկ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Գետիկ-1»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Գետիկ-1» փոքր ՀԷԿ: «Գետիկ-1»    փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Այգուտ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Գետիկ գետի վրա (երկարությունը 58կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԱՐԻՅՈԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Գետիկ-1» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2010թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն, ըստ ընկերության, 200մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի, 195.4մ է, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի,  152մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ըստ  ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 4մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի 6500 կՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  5600 կՎտ: ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ 01.01.2016թ-ի ցուցանիշների, 7.64137 մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 20.1մլն.կՎտ.ժամ է, ըստ ընկերության՝ 16.25 մլն.կՎտ.ժամ: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 30.05.2012-06.07.2026թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 24.11.2011-24.03.2012թթ..:
  • ՋԹ-ում նշված ջրառի եւ ջրահեռացման կոորդինատները չեն համապատասխանում իրական կոորդինատներին: «Գետիկ-1» ՓՀԷԿ-ի նախագծի փոփոխություն է եղել, փոփոխվել է ՓՀԷԿ-ի շենքի տեղը սողանքային երևույթների պատճառով:
  • ՓՀԷԿ-ի երկաթբետոնե պատվարի երկարությունը 14 մ է, բարձրությունը՝ 6 մ։ Նախագծով նախատեսված է 18մ երկարությամբ, 9.0մ բարձրությամբ պատվար: Ջրընդունիչ հանույցում դիտարկման պահին իրականացվում էին մետաղական փականների վերականգնման աշխատանքներ: Աշխատակցի հիմնավորմամբ՝ այդ աշխատանքները հաճախ են իրականացվում, ինչը պայմանավորված է ջրի աղտոտվածությամբ:
  • Պատվարի ձախ կողմում առկա է 1,5 մ լայնությամբ և 30 մ երկարությամբ 16 խցից կազմված շախմատաձև անցքերով ձկնանցարան։ Խցերի չափերն են 1,5 X 1,5 մետր, իսկ անցքերի բարձրությունը հատակից 20 սմ է։ Դիտարկման պահին ձկնանցարանն ամբողջովին չոր էր, իսկ մուտքի հատվածում կառուցված էր հատուկ մետաղյա կոնստրուկցիա՝ ջրի մուտքը փակելու նպատակով, կողային պատերին արված էին զուգահեռ ակոսներ, որոնց միջոցով սովորաբար ամրացվում են տախտակներ կամ մետաղյա թիթեղներ՝ կրկին ջրի մուտքը փակելու նպատակով։ Ձկների բնականոն տեղաշարժն ընդհանրապես բացառված է:
  • ՓՀԷԿ-ի աշխատակցի պնդմամբ գետի ջուրն ունի շատ ջրաբերուկներ, որով փակվում է ձկնանցարանի ճանապարհը:
  • Տղմազտարանը կահավորված է աղբապահ ճաղավանդակով, իսկ խողովակաշարի մուտքամասում առկա է մանրաբջիջ ցանց:
  •  Գետիկում հանդիպում են կարմրախայտը, արևելյան տառեխիկը, Կուրի բեղաձուկը, Կուրի լերկաձուկը, կողակը, արծաթափայլ կարասը: Ֆերմերային տնտեսություններից այստեղ հաճախ է  թափանցում նաև ծիածանախայտը, երբեմն կարպը:
  • Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 7260մ է, տրամագիծը՝ 1200մմ:
  • Գետիկ գետի վրա կառուցված «Էրիկ» (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2050մ), «Գետիկ-1» (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 7260մ), «Գետիկ 4» (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝5200մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 25.01 %:
  •  Ըստ շահագործման ջրօգտագործման թույլտվության` «Գետիկ-1» ՓՀԷԿ-ը կարող է տարեկան վերցնել 64000.0 հազար խմ ջուր՝ ապահովելով 0.22խմ/վ բնապահպանական թողք:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է չինական արտադրության 3 հիդրոագրեգատ` 5.600 կՎտ դրվածքային հզորությամբ, որը  ՓՀԷկ-ը չի ապահովում: Առավելագույնը ՓՀԷԿ-ն ապահովում է 4200 կՎտ հզորություն ապրիլ ամսին՝ օգտագործելով 3.8 խմ/վրկ ջրաքանակ:
  • ՓՀԷԿ-ի շենքում առկա է ջրի ավտոմատ կառավարման սարքավորում:
  •  ՓՀԷԿ-ի կայանում  գործում է ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ:
  • Կայանի տարածքը պարսպապատ է։ Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված 3 տրանսֆորմատորները  կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  •  Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ: Դիտարկման պահին գետի ջրի մի մասը թափվում էր պատվարի վրայով։ Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ դիտարկման պահին կայանում աշխատում էր 3 ագրեգատներից ընդամենը 1-ը:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Գետիկ-1»  ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 6329133 կՎտ էլեկտրաէներգիա (հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 20.1մլն.կՎտ.ժամ է):
  • Մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքներն են՝ «Դիլիջան» ազգային պարկ, Ճամբարակի անտառտնտեսությունը, «Գետիկի» արգելավայրը:
  • ՓՀԷԿ-ն ունի 14 աշխատող:

Եզրակացություն

  • ՓՀԷԿ-ի շահագործումը պետք է դադարեցնել ջրասակավ ժամանակաշրջանում:

Առաջարկություններ

  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  1. Վերակառուցել ձկնանցարանը` ապահովելու ձկների բնականոն տեղաշարժը։ Մինչ այդ պետք է հեռացնել ձկնանցարանի մուտքը փակող մետաղյա կոնստրուկցիան։
  2.  Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
  3. Ստուգել ջրաբանական տվյալների հավաստիությունը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է նախագծայինից այդքան քիչ էլեկտրաէներգիա արտադրում ՓՀԷԿ-ը։
  4. Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի



15:50 Մայիս 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news