«Ողջի-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Ողջի-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ողջի-1» փոքր ՀԷԿ: «Ողջի-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում:  ՓՀԷԿ-ը կառուցված է Ողջի գետի վրա (երկարությունը 82կմ): «Ողջի-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Կապան Էնեղժի»  ՓԲԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2015թ-ի ապրիլին: Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի  1-ի տեղեկանքի՝ «Ողջի-1» ՓՀԷԿ-ը համարվում է էլեկտրաէներգիա արտադրող:
  • ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի  1-ի տեղեկանքի,  97.75 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 6 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  4690 կՎտ է: ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 15.8մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 15.8 մլն. կՎտ.ժամ  է:  ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը 24.12.2013-24.12.2015-24.12.2029թթ. է, կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 18.03.2009-18.07.2009թթ..:
  • ՓՀԷԿ-ի իրական կոորդինատների եւ ՋԹ-ի կոորիդինատների միջեւ տարբերություններն աննշան են:
  • ՓՀԷԿ-ի պատվարի երկարությունը 24 մ է, բարձրությունը՝ 2,4 մ։ Կառուցված են խոշոր բետոնյա կառուցվածքներ՝ տղմազտարան և ավազան:
  • Դեռևս խորհրդային տարիներից «Ողջի-1» ՓՀԷԿ-ի համար կառուցվել է գլխամասային հանգույց և թունելային դերիվացիա, սակայն այն չի շահագործվել:  Դերիվացիոն թունելը, որն ունի մոտ 3226մ երկարություն, նախկինում օգտագործվել է «Ողջի-2» ՓՀԷԿ-ի դերիվացիա ջուր տեղափոխելու համար: Ջրընդունիչ հանգույցում ձկնանցարան չի եղել: «Ողջի-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար համապատասխան թույլտվություն ստանալուց հետո «Կապան-էնեղժի» ՓԲԸ-ի կողմից նախաձեռնվել է վերակառուցել գոյություն ունեցող  կառուցվածքները` փոխարինելով նոր գլխային հանգույցի կառուցվածքներով:  Կառուցվածքներում ներառվել է նաև ձկնանցարանի կառուցում: Սակայն  մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ ձկնանցարանը բացակայում է: «Կապան-էնեղժի» ՓԲԸ-ի տնօրենի կողմից այդ կառույցի չնախատեսելը հիմնավորվեց հետևյալ  փաստարկներով. 

- Խորհրդային տարիներից շահագործվող «Ողջի-2» և «Ողջի-3» ՓՀԷԿ-երի ջրընդունիչներում ձկնանցարանի նախատեսման պահանջ չի եղել

- Ողջի գետի այդ հատվածում ջուրն աղտոտված է հանքարդյունաբերության արտադրական հոսքաջրերով, և ավելորդ է այդ գետում ձկների կենսագործունեության և բազմացման մասին  խոսելը

- Վերակառուցման նախագծում այդ կառույցը նախատեսված չի եղել:

  • Ողջի գետի միջին հոսանքում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  կարող են հանդիպել կարմրախայտը, արևելյան տառեխիկը, Կուրի բեղաձուկը, կողակը, անգորական լերկաձուկը, ինչպես նաև Կուրի սպիտակաձուկը, կովկասյան թեփուղը, Կուրի ենթաբերանը, մուրծին, արծաթափայլ կարասը և այլ ձկնատեսակներ: Հնարավոր է, որ այստեղ հանդիպի նաև ծիածանախայտը:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի 600մ է, տրամագիծը՝ 1.6մ:
  • Կառուցման ՋԹ-ի համաձայն՝ «Ողջի-1» ՓՀԷԿ-ը տարվա ընթացքում 5 ամիս կարող է ջրառ իրականացնել (ապրիլից հունիս)՝ գետում ապահովելով 0.48խմ/վ բնապահպանական թողք:
  • Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է 3 հիդրոագրեգատ, որոնք համալրված են գերմանական գեներատորներով և չինական տուրբիններով: Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում:
  • Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված  է: Կայանային հանգույցը գտնվում է  Ողջի գետի աջ ափին` «Ողջի-2» ՓՀԷԿ-ի գլխամասային կառուցվածքների մոտ:
  • Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագորմանը ներկայացվող պահանջները կատարված են, արված է ռեկուլտիվացիա, սողանքային երեւույթներ չկան:
  • Ազատ ջրօգտագործման պահանջները կատարվում են:
  •  ՓՀԷԿ-ում աշխատում է 30 մարդ հիմնականում Կապան քաղաքից:

Առաջարկություններ

  1. Ջրընդունիչ հանգույցը համապատասխանեցնել նախագծային  լուծումներին: Վերակառուցել այն` կառուցելով ձկնանցարան,  որպեսզի անարգել ապահովվի ձկների տեղաշարժը և գետ բաց թողնվող բնապահպանական թողքը:
  2. Ապահովել բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, չափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում։
  3. Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով։
  4. Այստեղ կա խնդիր տարբեր ջրօգտագործողների միջև, քանի որ Ողջի գետից մեծ քանակությամբ ջրառ է իրականացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն, էստ էության, չի վերահսկվում։ Պետք է ստույգ տվյալներ ունենալ տարբեր ջրառների վերաբերյալ և խիստ վերահսկողություն սահմանել։
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



15:32 Մայիս 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news