«Լեռնաշեն-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Լեռնաշեն-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Լեռնաշեն-1» փոքր ՀԷԿ: «Լեռնաշեն-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Շենաթաղ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Լեռնաշեն վտակի վրա, որի երկարությունը 23 կմ է: «Լեռնաշեն-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Գուրգեն-Մհեր» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

• «Լեռնաշեն-1» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012 թ-ին:
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են՝ Х=46007'01'', Y=39022'22'', վերին բիեֆի նիշը, ըստ ՀԾԿՀ-ի և ՋԹ-ի 1927,0 մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` Х=46007'52.2'', Y=39022'28.2'', ներքին բիեֆի նիշը` ըստ ՀԾԿՀ-ի և ՋԹ-ի, 1788 մ է:
• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի 138.9 մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի` 128.85 մ է, ըստ նախագծի՝ 128.08 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի` 0.698 մ3/վ է, ըստ նախագծի՝ 0.724 մ3/վ : ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի` 719.3 կՎտ է, ըստ նախագծի՝ 744.5 կՎտ : ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 1.45 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 1.84 մլն. Կվտ.ժ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 12.06.2013-12.06.2028թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 06.12.2016-12.06.2028թթ.:
• «Լեռնաշեն-1» ՓՀԷԿ-ի գլխամասում կառուցված է ջրընդունիչ ավազան` բետոնյա ջրթափ պատվար`գաբիոնե եռաստիճան շարվածքով: Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում, ձկնանցարանով անցնում էր բավարար քանակի բնապահպանական ելք:
• Ձկնանցարանը կազմված էր բետոնային հիմքով բազալտե սալիկներից, 8 աստիճան, որոնցից 3-ի երկարությունը՝ 170 սմ է, լայնությունը՝ 75 սմ, բարձրությունը՝ 14 սմ, իսկ մյուս չորս աստիճանինը՝ երկարությունը՝ 60 սմ, լայնությունը՝ 75 սմ, բարձրությոնը՝ 14 սմ, վերին ամենաերկար աստիճանի երկարությունը՝ 195 սմ, իսկ ստորին ամեակարճ աստիճանի երկարությունը՝ 45 սմ: Ձկնանացարանի ընդհանուր երկարությունը կազմում էր՝ 8.2 մ: Չնայած ջրասակավ ժամանակահատված էր, բայց ձկնուղով հոսող ջրի հոսքի արագությունը մեծ էր, որը հատկապես ջրառատ ժամանակ կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել ձկների միգրացիայի համար, սակայն կարմախայտը կարող է անցել գետի մի հատվածից մյուսը:
• Լեռնաշեն գետը տիպիկ կարմրախայտային գետ է: ՓՀԷԿ-ի ներկայացուցչի համաձայն` գետի ինչպես վերին, այնպես էլ միջին հոսանքներում պարբերաբար որսվում է կարմախայտ, սակայն շատ հազվադեպ: Հնարավոր է, որ գետի ստորին հոսանքում հանդիպի նաև Կուրի բեղաձուկը և արևելյան տառեխիկը, որոնք չեն բարձրանում գետի վերին հոսանք:
• Ձկնացուղիներում ձկների բնականոն տեղաշարժի համար անհրաժեշտ պայմանները բավարար են:
• Խողովակաշարի մուտքամասում առկա է ձկնապաշտպան ցանց, որի ճաղերի միջև եղած հեռավորությունը՝ 1.5 սմ է:
• Ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի տվյալների ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը, 2083մ է, իսկ տրամագիծը` 0.7մ է: Տարածքները ռեկուլտիվացված էին:
• Լեռնաշեն գետի վրա կառուցված «Դարբաս ՓՀԷԿ-2», «Հոկտեմբեր», «Լոր ՀԷԿ-1», «Լեռնաշեն-1» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 38.004 տոկոս (Հաշվարկն արվել է առանց «Հոկտեմբեր» ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարության տվյալի):
• «Լեռնաշեն-1» ՓՀԷԿ-ը, ըստ ՋԹ-ի, տարվա բոլոր ամիսների ընթացքում կարող է իրականացնել 22,07 միլիոն մ3 ջրառ` գետում ապահովելով 0.026մ3/վ բնապահպանական թողք:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Լեռնաշեն» ՓՀԷԿ-ը 2016թ-ին չի աշխատել միայն հունվար, փետրվար և դեկտեմբեր ամիսներին,` 9 ամսվա ընթացքում արտադրել է 1468651 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• Կայանում տեղադրված 1 հատ «Ծատրյան» մակնիշի հիդրոագրեգատ, տուրբինը շեղաշիթային-հորիզոնական, գեներատորը` սինքրոն: Ապրիլ, մայիս, հունիս ամիսներին ՓՀԷԿ-ն ապահովում է իր հզորությունը 730 լ/վրկ ջրաքանակով: Սակավաջուր սեզոնին /ձմռան 3 ամիսներ և օգոստոս/ ՓՀԷԿ-ը չի աշխատում: Կայանում գործում է ինքնաշեն կիսավտոմատ համակարգ: Հոսանքի անջատման դեպքում ագրեգատին տրվող ջուրը փակվում է: Ջրառում ջրի մակարդակի վերաբերյալ տեղեկությունները ՓՀԷԿ-ի շենքում գունավոր լամպերի ձևով երևում էին: Կարմիր լամպը ազդանշան էր գետում բնապահպանական ելքի ապահովման համար, այն վառվելու դեպքում շենքում փակվում են փականները:
• Ջրաչափը բացակայում էր:
• Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչներ տեղադրված չեն, սակայն տարածքը մաքուր էր. յուղի հետքեր չկային:
• Նախագծով նախատեսված ՓՀԷԿ-ի տարածքի կանաչապատումն արված էր:
• Լանդշաֆտի խախտում չկար:
• Սողանքային երևույթներ չկային:
• ՓՀԷԿ-ի կառուցումն ունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:
• Առկա է զուգարան:
• ՓՀԷԿ-ում աշխատում է 4 հոգի:

Առաջարկություններ

- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը և հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը:
- Տրանսֆորմատորը կահավորել յուղահավաք համակարգով:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



13:59 Հունվար 17, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news