Ի՞նչ կստանան համայնքները արևային կայանների շահագործումից. հանրային լսումներ Վայոց ձորում

Ի՞նչ կստանան համայնքները արևային կայանների շահագործումից. հանրային լսումներ Վայոց ձորում

2022թ․ ապրիլի 28-ին Վայոց ձորի մարզի Ազատեկ, Հերհեր, Արին և Մալիշկա բնակավայրերում տեղի ունեցան 6 արևային կայանների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությունների 4-րդ հանրային լսումները։

5 ՄՎտ հզորություն ունեցող կայաններից 2-ը լինելու են Ազատեկ բնակավայրում, մնացած 4-ը՝ Հերհեր բնակավայրի Վառված սար կոչվող տարածքի տարբեր հողամասերում։ Արին և Մալիշկա բնակավայրերում տեղակայվելու են կայանների 110 կՎտ օդային էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ 

Ազատեկ գյուղը

Հերհեր գյուղը

Արին գյուղը

Մալիշկա գյուղը

Կայանները շահագործելու են միմյանց հետ փոխկապակցված «Էտ Սոլար»,  «ԷԴՄ Սոլար», «Սուն Սոլար», «Դուստր Սոլար», «Արմ Սոլար» և «Այ Սոլար» ՍՊԸ-ները, որոնց բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Վայք համայնքի բնակիչ Կառլեն Մինասյանին։

Կառլեն Մինասյանը

Վերոնշյալ չորս բնակավայրերի ղեկավարներն ու բնակիչները հիմնականում տեղյակ չէին արևային կայանների կառուցման և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության հնարավոր ռիսկերի մասին, ինչպես նաև ընկերությունների կողմից իրենց բնակավայրերի համար սոցիալական օժանդակություն ցուցաբերելու բաղադրիչի իրավաբանական ձևակերպման հնարավորության մասին։ Եթե Ազատեկում ու Հերհերում հանրային լսումներին ապահովվել էր տեղի բնակիչների բավարար մասնակցություն, ապա Արինում ու Մալիշկայում լսումներին ներկա էին համայնքապետարանի մի քանի աշխատակից և մի քանի բնակիչ։  

Հանրային լսումները Արինում

Հանրային լսումները Մալիշկայում

Բոլոր հանրային քննարկումներին ներկա էին կայանների հիմնական սեփականատեր Կառլեն Մինասյանը, ՇՄԱԳ հաշվետվությունների նախագծող «Էկոգրուպ» ընկերության ներկայացուցիչ Տարոն Նավասարդյանը, Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետներ Վրեժ Վարդանյանն ու Հովիկ Մեսրոպյանը։

Արին գյուղի վարչական ղեկավար Մանվել Ավետիսյանն ասաց, որ չգիտեր հանրային լսմանը բնակիչներ հրավիրելու անհրաժեշտության մասին։ «Ճիշտն ասած՝ չգիտեմ խոսքն ինչի մասին է։ Գիտեինք, որ պիտի գային, բայց որ պետք է մարդ հավաքել՝ չգիտեինք։ Բոլորը գոհ ու շնորհակալ են, նոր աշխատատեղ է, մոտ տասը հոգի գյուղից աշխատում է կայանում»,- նշեց նա։

Մալիշկայում մոտ 15 րոպե տևած լսումների ընթացքում բնակիչները նշեցին, որ որևէ դիտողություն կամ առաջարկություն չունեն ներկայացված հայտերի վերաբերյալ։

Հարցուպատասխանի ձևաչափով լսումներն ընթացան միայն Ազատեկում ու Հերհերում, որտեղ «ԷկոԼուրը» բարձրացրեց համայնքին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու բաղադրիչի՝ վերջնական հաշվետվություններից հանելու պատճառների, շահագործումից դուրս եկած արևային վահանակների օգտահանման, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ խնդիրների, առանց ՇՄԱԳ հայտին դրական եզրակացություն տրվելու կայանների կառուցումն ավարտելու վերաբերյալ հարցերը։ 

Հանրային լսումները Ազատեկում

Սոցիալական աջակցության բաղադրիչի՝ վերջնական հաշվետվություններում չներառման հարցին ի պատասխան Տարոն Նավասարդյանն ասաց․ «Սոցիալական օգնության բաղադրիչը հանվել է հետևյալ պատճառով։ Ձեռնարկողը քննարկումներ է տարել համայնքի հետ, և ունեն սևագիր տարբերակը, թե ինչպես են իրականացնելու սոցիալական  աջակցությունը։ Հանվել է նաև այն պատճառով, որ ազդեցությունը բնապահպանական և սոցիալական առումով նշանակալի մեծ չէ։ Վերջապես հանվել է, որ թողնվի համայնքի և նախաձեռնողի միջև կարգավորվող հարաբերությունների շարքում, իրենք կքննարկեն փոխհամաձայնությունը սոցիալական ներդրումների մասին»։ Կառլեն Մինասյանը նշեց, որ նախընտրում է գյուղերում առկա խնդիրները լուծել առանց գրավոր պարտավորությունների, և որ տվյալ պահին ի հայտ եկած հարցի լուծման համար հնարավորության սահմաններում կտրամադրվի անհրաժեշտ տեխնիկա կամ գումար։ «Կոնկրետ առաջ են քաշել ինչ-որ խնդիր, տեղում արել ենք։ Ըստ անհրաժեշտության երբ խնդիրը բարձրաձայնեն, մեր ուժերի ներածին չափով կփորձենք օգնել, խնդրին լուծում տալ»,- ասաց նա։ Քննարկմանը մասնակից բնակիչների մի մասն էլ իրենց հերթին նշեցին, որ կարևորում են սոցիալական աջակցության մասին կետի որևէ փաստաթղթում պարտադիր ներառման անհրաժեշտությունը։ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը հավաստիացրեց, որ հայտին տրվող պետական փորձաքննական եզրակացության մեջ որպես պարտադիր կատարման պահանջ կամրագրվի համայնքներին սոցիալական օժանդակության ցուցաբերման վերաբերյալ կետը։

Որպես վտանգավոր թափոն ֆոտովոլտային վահանակների օգտահանման հարցի վերաբերյալ էլ Տարոն Նավասարդյանը նշեց, որ վտանգավոր թափոնների պահման, տեղափոխման և վնասազերծման լիցենզիա տրվում է մի այնպիսի կազմակերպության, որն օժտված է վտանգավոր թափոն պահելու, պահեստավորելու և վնասազերծելու իրավունքով, և որ այդ խնդիրը դուրս է ընկերության լիազորություններից։ «Մեր ընկերությունը չի պատրաստվում իրականացնել դրա պահումն ու պահպանումը։ Մենք տալիս ենք պայմանական հիմունքներով շուրջ 4 տեսական ընկերություն, որոնք ունեն հնարավորություն թափոնը ժամանակավոր պահելու, այնքան ժամանակ՝ քանի դեռ չկա մեթոդ, որը կկազմակերպի ուտիլիզացիայի հաջող տարբերակը»,- ասաց նա։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ շահագործման փուլում վնասված վահանակները ժամանակավորապես կպահվեն ընկերության տարածքում կառուցված պահեստներում, իսկ կայանի շահագործումից հետո դրանք կհանձնվեն վտանգավոր թափոնների վնասազերծման և պահպան լիցենզիա ունեցող կազմակերպություններին։

Հանրային լսումները Հերերում

Հայտերում առկա մի ձևակերպումից հետևում է, որ ֆոտովոլտային վահանակների պահեստավորման ու պահման աշխատանքներն իրականացվելու են ընկերությունների միջոցով՝ համապատասխան համայնքապետարանների հսկողության ներքո։ Մինչդեռ համայնքապետարանի աշխատակիցն այդ թափոնների ճիշտ պահեստավորման ու պահման կարգից տեղյակ չի կարող լինել, որովհետև ՀՀ-ում այդպիսի կարգ դեռևս չի գործում։ Տարոն Նավասարդյանը նշեց․ «Համայնքի աշխատակիցն ուղղակի պետք է համոզվի, որ ընկերությունը ինչպես խոստացել է, այնպես էլ անում է։ Պետք է անցնել, տեսնել, որ թափթփված չեն վահանակները»։ Ըստ «ԷկոԼուրի»՝ տրված պատասխանը պարզունակ է, և նման մոտեցումը ոչ մասնագիտական է։

Առանց ՇՄԱԳ հայտի դրական եզրակացություն ստանալու կայան կառուցելու հարցի վերաբերյալ էլ արձագանքեց Կառլեն Մինասյանը․ «Այո՝ կառուցապատման աշխատանքների 95%-ն արված է։ Ըստ օրենքի՝ երբ ստացել ենք կայան կառուցելու  շինթույլտվություն, ստանալուց հետո ես իրավունք ունեմ սկսել արևային կայանի շինարակական աշխատանքները»: Նշենք, որ ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, փորձաքննության ենթակա է նախատեսվող գործունեությունը, այլ ոչ արդեն իսկ կառուցված օբյեկտը: Այստեղ առկա է օրենսդրական բաց:

Ազատեկում կառուցվող արևային կայանները

Հերհերում կառուցվող արևային կայանները

Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վրեժ Վարդանյանը յուրաքանչյուր լսումի ավարտից հետո ներկաներին տեղեկացնում էր, որ 15 աշխատանքային օրերի ընթացքում կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները գրավոր ձևով ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն, և բավարար հիմքերի առկայության պարագայում ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները հաշվի կառնվեն և նոր դրանից հետո արդեն հայտերին կտրվի համապատասխան պետական փորձաքննական եզրակացություն։ 

Մայիս 02, 2022 at 15:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր