ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ «Հելիոս-1» արևային կայանի արտադրած էլեկտրական էներգիայի սակագին սահմանվեց 22,547 դրամ/կվտժամ՝ առանց ավելացված արժեքի հարկի: Որոշումն ընդունվեց հանձնաժողովի հուլիսի 13-ի նիստում: Սակագինը կգործի մինչև 2023թ-ի հուլիսի 1-ը:
«Հելիոս-1» արևային կայանը կառուցված է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքի վարչական տարածքում «Հելիոս էներջի» ՍՊԸ-ի կողմից: Կայանը կառուցված է 10,27973 հա հողամասի վրա, որն ընկերության սեփականությունն է:
«Հելիոս էներջի» ՍՊԸ-ի էլեկտրաէներգիայի արտադրության թիվ 673 լիցենզիայի համաձայն՝ «Հելիոս-1» արևային կայանի կառուցման ժամանակահատվածը 02.04.2020-15.02.2022թ. է, Էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածն է մինչև 15.02.2042թ., ախագծային հզորությունը 4 995,0 Կվտ է, տարեկան արտադրանքը՝ 13,71մլն/կվտ/ժ, ներդրումների չափը՝ 2 243,0 մլն դրամ։
Այս տարի նախատեսվում է Արագածոտնի մարզում կառուցված «Հելիոս էներջի» ՍՊԸ-ի ևս 3՝ «Հելիոս-2», «Հելիոս-3», «Հելիոս-4» արևային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրություն։
Նույն օրը ՀԾԿՀ-ն մեկ այլ որոշմամբ Արագածոտնի մարզի Նոր Բազմաբերդ բնակավայրում կառուցված «ԼիՄար Գրին» ՍՊԸ-ի «ՍՕՊՕՏ» արևային էլեկտրակայանից էլեկտրաէներգիայի առաքման համար սակագին սահմանեց 25,052 դրամ կվտ/ժամ՝ առանց ավելացված արժեքի հարկի: Այն կգործի մինչև 2023թ․ հուլիսի 1-ը։
«ԼիՄար Գրին» ՍՊԸ-ի էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիան է թիվ 658, կառուցման ժամանակահատվածը՝ 29.08.2019-29.12.2021թ., էլեկտրաէներգիայի արտադրության ավարտը՝ 29.12.2040թ., կայանի հզորությունը՝ 1 230,0 Կվտ, տարեկան արտադրանքը՝ 2,05 մլն կվտ/ժ, ներդրումների չափը՝ 417,6 մլն դրամ:
Այս արևային կայանների կառուցման և շահագործմանը նախագծերը չեն ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննության, քանի որ ոլորտի օրենսդրական կարգավորումները հստակ չեն սահմանում արևային կայանների նախագծերի ՇՄԱԳ-ի խնդիրները։ Մասնավորապես, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի, Գ կատեգորիայի ընթացակարգով 40 հա և ավելի տարածք զբաղեցնող արևային էլեկտրակայանների գործունեությունն է ենթակա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, իսկ՝ նույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի համաձայն՝ Բ կատեգորիայի ընթացակարգով՝ 110 կՎ և ավելի լարման էլեկտրահաղորդման գծերը։ Հայտնի չէ, թե կայաններում արտադրված էլեկտրաէներգիան ինչպես է առաքվելու էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին, ուստի առկախված են մնում ինչպես այս, այնպես էլ նմանատիպ այլ արևային կայանների գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների և դրանց ազդեցության կանխարգելմանն ուղղված գործողությունների մշակումների հարցերը։
Հուլիս 18, 2022 at 11:36