ԷկոԼուր
«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «ԶՈՐ-ԶՈՐ-2» փոքր ՀԷԿ: «ԶՈՐ-ԶՈՐ-2» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Վաղատին համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի Վաղուդ վտակի վրա, որի երկարությունը 12 կմ է: «ԶՈՐ-ԶՈՐ-2» ՓՀԷԿ-ը շահագործում է «ԷՆԵՐԳՈՁՈՐ» ՍՊԸ-ն: Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
• Ըստ ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են` x=46007'27, 6''y=39030'32,0'', վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), H=1572մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` x=46007'29.5'', y=39030'02.4'', ներքին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի և ՀԾԿՀ-ի, H=1490մ է:
• ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի, 78մ է: ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 82մ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի և նախագծի, 0.25մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի և նախագծի, 140 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի հուլիսի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 0.53136825 մլն.կՎտ.ժամ է: Ըստ նախագծի` հաշվարկային արտադրությունը նախատեսվել է 1.08 մլն. կՎտ.ժամ: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 06.02.2013-06.02.2028թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 03.05.2016-03.05.2028թթ.:
• «ԶՈՐ-ԶՈՐ-2» ՓՀԷԿ-ի գլխամասում կառուցված է 2 մ բարձրությամբ ջրընդունիչ ավազան, որտեղ լցվում է վտակի ջուրը: Ջրընդունիչում բնապահպանական ելքը և ՓՀԷԿ-ի ջրառը կարգավորովում է փականի միջոցով: Ավազանի ստորին հատվածում բնապահպանական ելքի ապահովման խողովակաշարն է, իսկ միջնամասից իրականացվում է ՓՀԷԿ-ի ջրառը:
• ՓՀԷԿ-ը ձկնանցարան չունի: Նախագծով նախատեսված է եղել աստիճանաձև ձկնանցարան:
• ՓՀԷԿ-ի խողովակաշարի մուտքի մոտ առկա էր աղբորսիչ ցանց, որի ճաղերի միջև եղած հեռավորությունը կազմում է՝ 3-4 սմ: Նախագծով նախատեսված է եղել ձկնապաշտպան ցանց:
• Վաղուդ գետում ՀՀ Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակները բացակայում են:
• «ԶՈՐ-ԶՈՐ-2» ՓՀԷԿ-ը, ՋԹ-ի համաձայն, գետից տարվա 12 ամիսների ընթացքում կարող է վերցնել 6,82 մլն մ3 ջուր` գետում ապահովելով 0.03մ3/վ բնապահպանական թողք:
• Ջրառի կետում բացակայում է ջրաչափը:
• Ըստ ՀԾԿՀ-ի`ՓՀԷԿ-ի խողովակաշարի տրամագծեր են` 0,6մ, 0,5մ, 0,4մ, երկարությունները`400,0մ, 350,0մ, 350.0մ: Նույնը նախատեսված է եղել նախագծով:
• Վաղուդ գետի վրա կառուցված են` «Բենզար Էներջի», «Զոր-Զոր ՀԷԿ-1» և «ԶՈՐ-ԶՈՐ-2» ՓՀԷԿ-երը, որոնց դերիվացիայի գումարային երկարության (3105 մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 25.87%:
• Դիտարկման պահին ջրասակավ ժամանակահատված էր, ՓՀԷԿ-ը չէր աշխատում: Շատ քիչ քանակով բնապահպանական ելք էր բաց թողնվում, գետի հունը տեղ-տեղ չորացած էր: Գրունտով պայմանավորված` ջուրը ներծծվում էր: ՓՀԷԿ-ից վերև իրականացվում էր ոռոգման ջրառ` Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան համայնքների համար: ՓՀԷԿ-ը` 150լ/վրկ առավելագույն ջրաքանակով աշխատում է ոռոգման սեզոնից դուրս , իսկ ոռոգման սեզոնին ` հունիսի 1-ից ՓՀԷԿ-ը աշխատում է շատ քիչ ջրաքանակով կամ աշխատանքը դադարեցվում է:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` ՓՀԷԿ-ը 2016թ-ին չի աշխատել միայն հուլիս և օգոստոս ամիսներին` արտադրելով ամբողջ տարվա ընթացքում 555,473 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• Կայանում դիտարկումներ չեն անցկացվել: Նախագծով նախատեսված է 1 հիդրոագրեգատ:
• Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, յուղորսիչներ տեղադրված չեն:
• ՓՀԷԿ-ի տարածքը կանաչապատված չէր: Նախագծով նախատեսված է եղել տեղանքին բնորոշ ծառերով և թփերով կանաչապատում:
• Հողի բերրի շերտի պահպանմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջներ կատարված են:
• Առկա են շինարարական աղբի, կենցաղային թափոնների եւ կենցաղային կեղտաջրերի հեռացման վայրեր:
Առաջարկություններ
- Գետի հունում բնական հոսքի ապահովման, ձկների բնականոն տեղաշարժի համար անհրաժեշտ է ամբողջովին վերակառուցել ջրընդունիչը` կառուցելով ձկնթող կառուցվածք, որպեսզի անկախ փականների գործարկումից, ինչպես նաև ոռոգման և ՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառներից, անարգելք ապահովվի բնապահպանական ելքի սահմանված՝ 30լ/վրկ չափաքանակը:
- Հաշվի առնելով ոռոգման նպատակով ջրի պահանջարկը և գետում ոչ բավարար բնապահպանական ելքի ապահովումը /գետի հունը տեղ-տեղ չորացած էր և ՀԷԿ-ից վերև իրականացվում էր՝ Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան համայնքների հողատարածքների ոռոգում/ անհրաժեշտ է վերանայել ջրատնտեսական հաշվարկները, քանի որ ՀԷԿ-ը 140 կՎտ դրվածքային հզորության փոխարեն փաստացի ապահովում է 90կՎտ հզորություն, իսկ 250լ/վրկ սահմանված ջրաքանակի փոխարեն ոռոգումից դուրս օգտագործում է առավելագույնը 150 լ/վրկ /ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ի աշխատանքը կանգնում է կամ առավելագույնն օգտագործում է 30լ/վրկ ջրաքանակ/:
- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը և հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը:
- Վերազինել ՓՀԷԿ-ը` տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կաշխատեն քիչ ջրաքանակով:
- Տրանսֆոմատորները կահավորել յուղահավաք համակարգով:
- Կայանային հանգույցի տարածքում իրականացնել կանաչապատում:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հունվար 18, 2018 at 18:01