Փոքր ՀԷԿ-ը և քաղաքականությունը բախվեցին Վարդենիկում

Փոքր ՀԷԿ-ը և քաղաքականությունը բախվեցին Վարդենիկում

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներն այսօր բացել են ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընտանիքին պատկանող «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ի ջրամատակարարումը, որը փակել էին մայիսի 2-ին: Վարդենիկցիները փակել էին ՓՀԷԿ-ի ջուրը, քանի որ ՓՀԷԿ-ը չի ապահովում գետի էկոլոգիական թողքը, և գետը ցամաքում է: Մյուս պատճառն էլ այն է, որ պատգամավորը մայիսի 1-ին դեմ էր քվեարկել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Տեղական «Համայնքի Զարկերակ» ԵՀԿ-ի հետ համատեղ բնակիչները պահանջել են, որ Հակոբ Հակոբյանն անձամբ գա գյուղ և լսի իրենց պահանջները, որից հետո միայն կբացեն ՓՀԷԿ-ի ջուրը:

Այսօր` մայիսի 3-ին, Հակոբ Հակոբյանը ժամանել էր Վարդենիկ` հանդիպելու բնակիչների հետ:

«Ժողովուրդ, ես մի հարց եմ ուզում տալ. Հակոբյան Հակոբը ձեր թշնամին է, թե՞ պատգամավորը», - բնակիչներին դիմեց Հակոբ Հակոբյանը:  Նա հիշեցրեց, որ 2017 թ-ի ապրիլի 2-ին Վարդենիկը 3000 ձայն է տվել ՀՀԿ-ին և իրեն, այնուհետև հայտարարեց. «20 ժամում մենք փոշմանել ենք և ընտրում ենք Նիկոլին, մենք ընդամենը 20 ժամ ենք ժամանակ վերցրել Նիկոլին ընտրելու համար: Ձեզանից ո՞վ է դավաճանին հարգում, դուք ուզում էիք ես դավաճան դառնայի ձեզ համար, բայց ինձ 20 ժամ չեք տալիս, որ ես դառնամ ձեր ուզած կնոպկա քվեարկողը: Մենք Նիկոլ Փաշինյանին դեմ չենք, մենք քվեարկել ենք Նիկոլ Փաշինյանի դեմ նրա համար, որ այս մայիսի 8-ին քվեարկենք Նիկոլ Փաշինյանի համար»,- խոստացավ Հակոբ Հակոբյանը:

«Համայնքի Զարկերակ» ԵՀԿ-ի նախագահ Արտուշ Խաչատրյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց, որ Հակոբ Հակոբյանը նաև խոստացել է բավարարել «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ի աշխատանքի հետ կապված պահանջները: «Մենք պահանջեցինք, որ ՓՀԷԿ-ն ապահովի բոլոր բնապահպանական նորմերը, ունենա ջրաչափ, օնլայն ռեժիմ, որպեսզի կարողանանք ցանկացած ժամանակ վերահսկել ՓՀԷԿ գնացող ջրի քանակը: Հակոբյանն ասաց` հարց չկա», - պատմեց Արտուշ Խաչատրյանը: Հակոբ Հակոբյանի առջև նաև պահանջ է դրվել ՓՀԷԿ-ի շահույթից ամսական գումար տրամադրել համայնքին:

«Շատ արդարացի պահանջներ են, բնապահպանական ելքն էլ պետք է ապահովվի, սոցիալական աջակցությունն էլ պետք է լինի: Բնակիչները ՓՀԷԿ-ի ջուրն արդեն բացել են, գետի ելքն ապահովված է, իսկ մնացած հարցերի շուրջ դեռ բանակցում ենք: Մենք պետք է որոշենք և ներկայացնենք մեր սոցիալական պահանջները», - ԷկոԼուրին ասաց Վարդենիկի համայնքապետ Հովհաննես Հովեյանը:

Նշենք, որ «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ը շահագործում է «Ջրասահք» ՍՊԸ-ն: Այս ընկերության խոշոր բաժնետերերը Հակոբ Հակոբյանի որդին և եղբայրներն են:

ԷկոԼուրի փորձագիտական խումբը 2016 թ-ին մոնիտորինգ է իրականացրել «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ում: Արդյունքները` այստեղ:

Տեսանյութը` Արտուշ Խաչատրյանի



18:39 Մայիս 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news