Վերին Գետաշենի բնակիչը պնդում է` գյուղապետարանը գաղտնի կերպով իր հողը տվել է «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությանը

Վերին Գետաշենի բնակիչը պնդում է` գյուղապետարանը գաղտնի կերպով իր հողը տվել է «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությանը

ԷկոԼուր

Վերին Գետաշենի բնակիչ Հայկ Մելիքսեթյանը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին այն մասին, որ առանց իր համաձայնության իր հողը տվել են «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ին: Այս մասին Հայկ Մելիքսեթյանը պատմել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի համակարգող Եղիազար Դավթյանին:

Հայկ Մելիքսեթյանի խոսքով` ինքն այդ մասին տեղեկացել է վերջերս, երբ գյուղ է եկել «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Միրզոյանը: Մելիքսեթյանի հողատարածքը գտնվում է ՓՀԷԿ-ի կայանի հարևանությամբ: Նախկինում ՓՀԷԿ-ի խողովակի վթարի ժամանակ ջուրը ողողել է բնակչի հողատարածքը: Այդ ժամանակ նա ընկերությունից ստացել է փոխհատուցում բերքի կորստի դիմաց: Երբ Էմիլ Միրզոյանը ժամանել է գյուղ, բնակիչը տնօրենից պահանջել է նաև մաքրել իր հողատարածքը վթարի հետևանքներից: Այդ ժամանակ էլ, ըստ բնակչի, Միրզոյանը ցույց է տվել փաստաթուղթ, որի համաձայն տվյալ հողատարածքի որոշակի հատվածը, գյուղապետարանի համաձայնությամբ, փոխանցվել է «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ին:

Հայկ Մելիքսեթյանը իր բողոքն ուղղել է գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի դեմ, վերջինս էլ հենց այդ ժամանակահատվածում` մայիսի 31-ին, հրաժարական է տվել հիվանդության պատճառով: Բնակիչը, ի նշան բողոքի, փակել է գյուղապետարանի դուռը, պահանջում է գտնել գյուղապետին, բերել և պատասխանատվության կանչել, որ առանց իր գիտության իր սեփականությունը փոխանցել են ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությանը:

«Ես որտեղից իմանամ, որ իմ տունն էլ մի տեղ գրավ դրած չի: Դրանք ղեկավար չեն, դավաճան են, ես մինչև վերջ բողոքելու եմ, քանի իմ հարցը չեն լուծել, իմ իրավունքը չեն վերականգնել», - ասում է Հայկ Մելիքսեթյանը:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի համակարգող Եղիազար Դավթյանի խոսքով` արդեն 3 օր է Վերին Գետաշենի գյուղապետարանի դուռը փակ է: Բացի Մելիքսեթյանից կա մեկ այլ բնակիչ ևս, ով բողոքում է գյուղապետի դեմ` նշելով, որ իր սեփական միջոցներով գյուղի համար իրականացրած գործերը գյուղապետը վերագրել է որպես գյուղապետարանի կողմից իրականացված ներդրումներ:

Բնակիչների բողոքի հետքերով Վերին Գետաշեն են եկել իրավապահ մարմինները: Ըստ Եղիազար Դավթյանի, իրավապահները պլոմբել են գյուղապետարանի դուռը գույքն առգրավվելու և բողոքները քննելու նպատակով:

19:46 Հունիս 04, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news